‘«Միլան» — «Յուվենտուս», Բենիտեսի առաջին հանդիպումը «Չելսի»-ում և ևս չորս հանդիպումներ’

811

Ձեզ ենք ներկայացնում եվրոպական թոպ առաջնություններում այս շաբաթ և կիրակի օրերին կայանալիք ուշադրության արժանի հանդիպումները:

«Շալկե 04»«Այնտրախտ»

Շաբաթ՝ ժամը 18:30

Ժամանակը գնում է և առջևում արդեն դեկտեմբեր ամիսն է, բայց «Այնտրախտ»-ը շարունակում է մնալ այն թիմերի շարքում, որոնք  «Բունդեսլիգա»-ում հետապնդում են Մյուխենի «Բավարիա»-ին:  Արմին Ֆեի թիմը երեք անհաջող հանդիպումներից հետո վերջապես կարողացավ հաղթանակ տանել հետնապահ «Աուգսբուրգ»-ի նկատմամբ և այժմ թիմը կիսում է երկրորդ տեղը «Շալկե 04»-ի հետ, ում էլ հյուրընկալվելու է շաբաթ երեկոյան: Գելզենկիրխենցիները հանդիպմանը մոտենում են ավելի հոգնած վիճակում, քանի որ չորեքշաբթի օրը իրենցից մեծ ուժեր պահանջվեց ՉԼ-ի «փլեյ օֆֆ»-ում տեղ ապահովելու համար: Չնայած դրան, միևնույն է՝ այս թիմերի միջև վերջին հանդիպումների վիճակագրությունը մեզ հուշում է, որ «Այնտրախտ»-ի համար բավականին դժվար կլինի միավորներ կորզել Հյուբ Ստեվենսի թիմից:

«Մալագա» — «Վալենսիա»

Շաբաթ ժամը 23:00

«Լա լիգա»-ի անցած խաղաշրջանում այս թիմերը մինչև վերջ պայքարում էին Իսպանիայում «հնարավոր» ամենաբարձր` 3րդ տեղի համար, որը բաժին հասավ «Վալենսիա»-ին: Այս տարի ՉԼ գոտու համար պայքարող թիմերը շատացել են և պետք է ավելի շատ ջանալ, որպեսզի 2013-2014-ում նորից տեղ գտնեն այնտեղ: Իսկ այս խաղարկությունում երկու թիմերն էլ բավականին հեշտ նվաճեցին «փլեյ օֆֆ»-ի ուղեգիր: «Վալենսիա»-ն 10 հոգով հաղթում էր «Բավարիա»-ին և միայն Մյուլլերի գոլից հետո կորցրեց խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու հույսերը: Մանուել Պելլեգրինիի թիմն էլ 2-րդ կազմով ոչ-ոքի խաղաց «Զենիթ»-ի հետ և վերջին տուրից առաջ ապահովեց խմբում առաջին հորիզոնականը: Առաջնությունում թիմերի գործերը այդքան էլ լավ չեն և եթե «Վալենսիա»-ն անհաջող մեկնարկից հետո սկսել է կարգավորել իր գործերը, ապա Իսկոն և իր խաղընկերները վերջին 4 խաղերում հաղթանակ չեն տարել: Վիճակագրության սիրահարների համար նշենք, որ «Վալենսիա»-ն արդեն 11 խաղ է՝ չի կարողանում հաղթել հյուրընկալվելիս:

«Ռեալ Բետիս»«Ռեալ Մադրիդ»

Կիրակի՝ ժամը 01:00

Հերթական դժվար հանդիպումը Մոուի սաների համար, ովքեր շատ լավ հանդիպում անցկացրեցին «Մանչեստեր Սիթի»-ի հետ, բայց չկարողացան հաղթել մրցավարի կոպիտ սխալների պատճառով: Անցյալ մրցաշրջանում նույն մրցավարական սխալների շնորհիվ «սերուցքայիններ»-ը կարողացան հյուրընկալվելիս հաղթել  «Բետիս»-ին, ովքեր արժանի էին այդ խաղում հաղթանակի: «Բետիս»-ի ֆուտբոլիստները կփորձեն վրեժխնդիր լինել ոչ միայն այդ խաղի համար, այլև՝ անդալուսյան «դերբի»-ում կրած խայտառակ պարտությանից հետո կփորձեն վերադարցնել երկրպագուների սերը իրենց հանդեպ: Չնայած՝ հանդիպումից առաջ Ֆելիպե Մելը նշեց, որ նույնիսկ հաղթանակի դեպքում երկրպագուները իրենց չեն ների: Պարզ է, որ միայն հաղթանակի մասին են մտածում նաև մադրիդցիները, ովքեր շարունակում են Բարսային զիջել 8 միավորով:

«Չելսի» — «Մանչեստեր Սիթի»

Կիրակի՝ ժամը 20:00

Ռաֆա Բենիտեսի առաջին խաղը «Չելսի»-ի գլխավոր մարզչի պաշտոնում: Այս հանդիպմանը «Սիթի»-ն նույնպես կարող էր ներկայանալ նոր մարզչով, եթե ակումբի սեփականատերերը նույնքան հապշտապ որոշումներ կայացնեին, որքան Աբրամովիչը: Երկու թիմերն էլ տեսականորեն հրաժեշտ տալով ՉԼ-ին, («Չելսի»-ն դեռ որոշակի հույսեր ունի), պարզ է, որ կենտրոնանալու են «Պրեմիեր լիգա»-ն նվաճելու վրա: Հետաքրքիր կլինի նորից դիտել Տորեսի խաղը՝ Բենիտեսի գլխավորությամբ, քանի որ եթե Ռաֆայի մոտ էլ չստացվի «վերակենդանացնել» «Էլ նինյո»-ին, ապա հաջորդ ամառ երկուսն էլ, ամենայն հավանականությամբ, կլքեն «Ստեմֆորդ Բրիջ» մարզադաշտը: Բալոտելին այս կապակցությամբ  Դի Մատեոյի պաշտոնանկությունից հետո իր twitter-ի էջում հասցրել է ծաղրել իսպանացուն, նշելով, որ Ֆերնանդոյի արդյունավետությունը «Չելսի»-ի մարզիչների մոտ միջինում 2.75 գոլ է:  

«Լևանտե» — «Բարսելոնա»

Կիրակի՝ ժամը 23:00

Մի քանի հեշտ հանդիպումներից հետո Տիտո Վիլանովայի սաները սկսում են դժվար հանդիպումների շարք, որոնց ընթացքում հնարավոր կլինի միավորներ կորցնել և որոնց ժամանակ կատալոնցիներին չպետք է հետաքրքրի Մեսսիի կողմից Մյուլլերի ռեկորդը գերազանցելու խնդիրը:

«Լևանտե»-ն շարունակում է ընթանալ 4-րդ տեղում և հուսով է, որ կկարողանա միավորներ խլել առաջատարից: Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Խուան Իգնասիո Մարտինեսի սաները փայլուն են հանդես գալիս սեփական հարկի տակ, և միայն Մադրիդի «Ատլետիկո»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի դեմ են խաղերում են միավորներ կորցրել:

«Միլան» — «Յուվենտուս»

Կիրակի՝ ժամը 23:45

Այս խաղին երկու թիմերն էլ մոտենում են բարձր տրամադրությամբ: Ալեգրին վերջապես կարողացավ լուծել ՉԼ-ի «փլեյ օֆֆ» դուրս գալու խնդիրը, որը լուծելու համար էլ հենց նրան չէին հեռացնում: Այժմ թիմը մինչ տոները պետք է փորձի կարգավորել իր գործերը «Սերիա Ա»-ում, որտեղ և ոչ մի սկզբունքային խաղում դեռևս  հաղթանակ չի տարել: Իսկ ինչ վերաբերվում է Յուվեին, ապա թուրինցիները կարծես նոր թափ են հավաքել «Ինտեր»-ից կրած պարտությունից հետո և երեքշաբթի ուղղակի ջախջախեցին ՉԼ-ի գավաթակիր «Չելսի»-ին: Միլանցիները բացահայտ զիջում են թուրինցիներին բոլոր խաղային գոտիներում և հատկապես կենտրոնում, որտեղ միայնակ Մոնտոլիվոն դժվար թե կարողանա որոշիչ դերակատարություն ունենալ Պիրլոյի դեմ պայքարում: Չնայած այս ամենին, «Միլան»-ի երկրպագուները ցանկանում են միայն հաղթանակ, քանի որ չեն կարողանում մոռանալ այս թիմերի միջև անցյալ առաջնության հանդիպումը, երբ մրցավարը չհաշվեց Մունտարիի խբած մաքուր գոլը:

Նախորդ հոդվածը‘Շաբաթվա 10 լավագույն գոլերը’
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսը դատապարտում է «Հակահարված»-ի դեմ իրականացված ապօրինությունը ‘