‘«Միխալկովի հարկը» կգործի նաև Հայաստանում’

1291

Անձնական նպատակներով ձայնագրությունների և տեսագրությունների վերարտադրման համար նախատեսված կրիչների և տեխնիկայի համար Ռուսաստանում գործող արժեքի 1-տոկոսանոց հարկը կտարածվի Եվրասիական տնտեսական միության բոլոր անդամ երկրների, այդ թվում նաև Հայաստանի վրա:

Ինչպես գրում է panarmenian.net-ը՝ հղում անելով «Իզվեստիա» թերթին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) ձեռնարկատիրական գործունեության զարգացման դեպարտամենտի փոխտնօրեն Սամաթ Ալիևի վրա հղումով, հեղինակային իրավունքի և հավաքական հիմունքներով հարակից իրավունքների կառավարման կարգի մասին ԵՏՄ երկրների համաձայնագրի նախագիծը ներպետական համաձայնեցում է անցել Ռուսաստանում, Բելառուսում և Ղազախստանում, սակայն դեռ չի ստորագրվել և չի վավերացվել: ԵՏՄ-ին Հայաստանի միանալու մասին պայմանագիրը ենթադրում է կազմակերպության բոլոր փաստաթղթերի ստորագրում:

Հավաքական կառավարման մասին համաձայնագրում հիշատակվում է նաև ձայնա- և տեսագրությունների հեղինակների, կատարողների և արտադրողների իրավունքը՝ «վարձատրություն ստանալ անձնական նպատակներով ձայնագրությունների ու աուդիովիզուալ ստեղծագործությունների ազատ վերարտադրման համար»: Փաստաթղթի վերջին տարբերակում ֆիքսված է տոկոսադրույքը՝ տեխնիկայի և կրիչների արժեքի 1 տոկոսը: Հարկման ենթակա իրերի ցանկը նույնպես միասնական կլինի, այն կհաստատի ԵՏՀ-ն: Ընդ որում գանձման կարգը կկանոնակարգվի յուրաքանչյուր երկրի օրենսդրության համաձայն:

Հեղինակների և կատարողների օգտին այս գանձումը Ռուսաստանում գործում է 2010-ից: Հարկման ենթակա տեխնիկայի ու կրիչների ցուցակում են dvd-ձայնարկիչները, համակարգիչներն ու նոութբուքերը, բջջային հեռախոսները, տեսախցիկները, խտասկավառակները, ֆլեշ-քարտերը և կինոժապավենը:

Այս գանձումը կատարում է Ռուսաստանի Իրավասեփականատերերի միությունը, որը գլխավորում է հայտնի ռեժիսոր Նիկիտա Միխալկովը: Ուստի, այդ հարկը ժողովրդի և ԶԼՄ-ների շրջանում ստացավ «Միխալկովի հարկ» անվանումը:

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ճանապարհներին ձյուն է տեղում, դժվարանցանելի է Ալագյազ-Արթիկ ճանապարհը’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ. Կատարվել է համաշխարհային մակարդակի փայլուն գործողություն’