‘
ՀԱՕԿ լրատվականի հետ ծավալուն հարցազրույցում Միհրան Հարությունանը խոսել է անցած ուղու, գողացած երազանքի, արցունքների և հետագա ծրագրերի մասին:
-Միհրան, ցանկանում եմ սկսել ամենասկզբից: Ի՞նչ նախապատրաստական փուլեր ես անցել մինչև Ռիոն:
-Եվրոպայի առաջնությունից հետո ես երկու հավաք եմ անցկացրել առանձին, հետո ևս չորսը հավաքականի հետ: Քանի որ ես հոգեբանորեն շատ լավ էի տրամադրված, բոլոր հավաքներն անցան, այսպես ասած, ինձ համար շատ հաճելի կերպով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հավաքականի ավագ մարզիչ Լևոն Ջուլֆալակյանին և մարզչական շտաբին այսպիսի աշխատանքի համար:
-Եվրոպայի առաջնության ժամանակ` քո մրցելույթից հետո, շատերը կամա, թե ակամա սկսեցին թերահավատորեն մոտենալ քեզ:
-Այո, ինձ թերահավատորեն սկսեցին նայել շատերը: Ասեմ, որ ի սկզբանե մտածում էինք, որ 71 կգ քաշային կարգում կմրցեմ, որպեսզի այդքան քաշ չգցեմ, սակայն հետո որոշվեց, որ կներկայանամ իմ քաշային կարգում:
-Օլիմպիական խաղերին դու նախապատրաստվում էիր լուրջ վնասվածքով, կարելի է ասել` մեկ ձեռքով: Չէ ՞ ր մտահոգում այն փաստը, որ ձեռքդ պարզապես ամենակարևոր պահին կարող էր քեզ կանգնեցնել:
— Ես և օրգանիզմս պայքարում էինք միմյանց դեմ (ծիծաղում է): Ես չէի ուզում ընդունել այն, ինչ ինքն է պահանջում ինձնից, իսկ ինքը չէր ընդունում իմ որոշումը: Վերջին հավաքի ժամանակ այնքան ցավազրկողներ էի խմել, որ ամբողջ օրակարգս խախտվել էր: Ցավի պատճառով չէի քնում: Սակայն սեղմելով բռունցքներս և ատամներս` ինձ և օրգանիզմիս համոզում էի, որ քիչ է մնացել, պետք է պարզապես դիմանալ:
-Մարդիկ, ովքեր միշտ հետևել են քեզ, նկատել էին, որ Ռիոյում մեկ այլ Միհրան է` դեմքի սառը, ինչ-որ տեղ անգութ արտահայտությամբ: Ո՞վ էր այդ Միհրան Հարությունյանը:
-4, 5, 8 տարի առաջ` մինչև Ռիոն, ես ասում էի, որ Խաղերին հատուկ եմ նախապատրաստվելու: Առաջին հերթին ես ինձ հոգեբանական տեսանկյունից նախապատրաստեցի: Ես կարողացա հավաքվել գորգից դուրս, իսկ երբ հավաքվում եմ գորգից դուրս, նրա սահմաններից ներս ինձ հաջողվում է հավաքվել առանց որևէ դժվարության: Ես գնում էի այնտեղ միայն մեկ մտքով` հաղթելու: Ուրիշ ոչ մի ելք չէի տեսնում, ոչ մի արդարացում, ոչ մի կասկած չկար: Այդ մտքերը ես վանել էի, քանի որ, եթե մեկ ակնթարթ անգամ վարանեի, ես իմ ներսում պարտված կգնայի Ռիո: Բացի այդ, ինձ շատ օգնեցին իմ հարազատները և նրանց հավատը: Իսկ ամենակարևորը` Աստծո ներկայությունը զգալն էր: Ես միշտ զգում եմ նրա աջակցությունը գորգի ներսում, դրանից դուրս, գոտեմարտերից առաջ և հետո: Գորգում, երբ արդեն թվում էր, թե հոգնել եմ, զգում էի ինչ-որ գերբնական ուժ, որ իմ ներսից ինձ առաջ էր մղում: Կարծում եմ, որ դեռ 3 գոտեմարտ էլ կարող էի նույն մակարդակի վրա անցկացնել:
-Կիսաեզրափակչից հետո, երբ դու առավելության հասար աշխարհի չեմպիոն, ադրբեջանցի Ռասուլ Չունաևի նկատմամբ, հաղթանակդ տոնեցիր` պատվի առնելով: Ժեստ, որով հայտնի էր հենց Չունաևը: Ցանկությունը հենց այդ պահի ՞ ն առաջացավ:
— Ցանկանում եմ անկեղծ նշել, որ այդ պահին զուտ մարդկային տեսանկյունից իմ ներսում ոչ մի կաթիլ ատելություն չկար Չունաև մարդու և Չունաև մարզիկի նկատմամբ: Ես երբեք ատելությամբ լցված չեմ եղել ո՛չ թուրք, ո՛չ էլ ադրբեջանցի մարզիկների նկատմամբ: Այդ ժեստն ինքնաբուխ ստացվեց: Ես շատ գոտեմարտեր եմ հիշում, երբ Չունաևը հայ մարզիկներին հաղթելուց հետո այդ ժեստով տոնում էր հաղթանակը: Հիշում եմ` 2014 թվականի աշխարհի առաջնության ժամանակ, երբ Վարշամ Բորանյանը լուրջ վնասվածքով բարձրացավ գորգ և վնասվածքի պատճառով մի քանի վայրկյանում պարտվեց Չունաևին, ամբողջ աշխարհը դրա մասին խոսեց` ասելով, որ ադրբեջանցին խայտառակեց հային, հաղթեց և պատվի առավ իր նախագահին: Ես դա արեցի, որ ոչ մի մարզիկ Ադրբեջանից, Թուրքիայից կամ այլ որևէ երկրից երբեք նման բան իրեն թույլ չտա, քանի որ իրենք էլ մի օր պարտվելու են: Ես` որպես մարզիկ խնդրում և դիմում եմ նրանց, որպեսզի նրանք չանեն այնպիսի ժեստեր, որով կարող են վիրավորել իմ երկիրը և ազգը: Ցանկանում եմ իմ հարգանքը արտահայտել հենց նույն Չունաևին, նա իսկապես հրաշալի մարզիկ է, կարծում եմ, որ լավ մարդ է նաև: Չէի ցանկանա, որ այդ ժեստը նրան անձնական վիրավորանք հասցրած լինի:
— Միհրան, արդեն մի քանի անգամ է`դառնում ես մրցավարության կողմանակալ որոշման զոհ: Ռիոյում եղածն անգամ սպորտից հեռու մարդիկ տեսան ու հասկացան: Ըստ քեզ` ի ՞ նչ է սա և ե ՞ րբ այս ամենը կդադարի:
— Երևի դա նրանից է, որ ես ժամանակին իմ մեջ ուժ եմ գտել համապատասխան մարդկանց ասելու, որ ես գնում եմ, բավական է, վերջ: Եկել և ներկայացրել եմ իմ երկիրը, իմ հայրենիքը: Շատերին դա դուր չեկավ: Մրցավարական այդ կողմնակալությունները ինձ վրա` որպես մարզիկի չեն ազդել: Սակայն ստացվում է այնպես, որ այդ որոշումները ինձ զրկում են ամենաբաղձալի մեդալներից: Մինչև Ռիոն ես բացատրություններ էի փնտրում, ինձ հանգստացնում էի այն մտքով, որ Խաղերի ուղեգիր ունեմ և, դառնալով օլիմպիական չեմպիոն, այդ ոսկե մեդալի մեջ կտեսնեմ իմ 3 մեդալները` միանգամից (խմբ. Եվրոպական Խաղերի, աշխարհի առաջնության և Օլիմպիական խաղերի): Սակայն ստացվեց այն, ինչ ստացվեց: Հիմա ես ոչ մի բացատրություն և արդարացում չեմ գտնում, ոչ մեկի բացատրությունները լսել չեմ ցանկանում. սա ամենասոսկալի գողությունն էր, որ կարող էին անել մարզիկից և մարդուց, ով այդ մեդալի հետևից գնացել էր 15 տարի: Որպես օլիմպիական չեմպիոն` ես ձեռնունայն մնացի, որպես մարդ` ես հարստացա: Ես երջանիկ եմ: Տեսնում եմ, որ մարդիկ ինձ սիրում են, կարեկցում են, չեն համաձայնվում եղածի հետ, ցանկանում են փոխել, սակայն ինչ-որ բան փոխելը սովորական ժողովրդի ուժերից վեր է: Սա հրաշալի զգացում է, աննկարագրելի է: Բայց այդ սերն ու մեծարումը ոչ մի կերպ չեն փոխի իմ մարդկային տեսակը:
-Ե ՞րբ հասկացար, որ ամեն ինչ վերջացավ: Սուլիչից հետո, թե ՞…
-Երբ մարզիչներս բողոքարկման բարձիկը նետեցին, 5 վայրկյան էր մնացել գոտեմարտի ավարտին: Մտածեցի մի վերջին փորձ էլ կանեմ, սակայն երբ վերսկսեցինք գոտեմարտը, մրցակիցս բավականին հեռու էր կանգնել: Այդ պահին հասկացա, որ վերջ`գոտեմարտը փչացրել են: Այն, որ գոտեմարտը փչացրել էին, ես հասկացա հենց առաջին պարտերից, բայց միևնույն է` չես ցանկանում այդ մտքերը ներս թողնել:
-Ի՞նչ եղավ սուլիչից հետո` հանդերձարանում:
-Ողբերգություն…(լռում է): Ընդհանրապես, էմոցիաներս արտահայտելու մեջ շատ զուսպ եմ: Ես կարողանում եմ զսպել առավել ևս ցավը: Երեխաները, երբ ծնվում են, լաց են լինում, ես քնած եմ ծնվել, իսկ Ռիոյում հենց այդ լացն էր, այդ արցունքներն էին, որ հոսեցին 27 տարի անց: Ներսումս ամեն ինչ խառնվել էր: Ցանկանում էի հանգստացնել ինձ, չէի ցանկանում ներկաներին ցույց տալ արցունքներս, բայց չէր ստացվում: Միգուցե դա էլ փրկեց ինձ:
-Պարգևատրության ժամանակ դու բարձրացրել էիր գլուխդ և խոսում էիր: Կարծում եմ` Աստծուն ինչ-որ բան էիր ասում: Ի՞նչ խոսքեր էին դրանք:
-Նկատվե՞լ է (ժպտում է): Ես բարձրացրի գլուխս և ասացի. «Աստված իմ, ինչու այսպես…»: Սակայն հենց անմիջապես հետո զղջացի ասածիս համար, մեղա եկա: Կրկին գլուխս բարձրացրի և ներողություն խնդրեցի: Ես իրավունք չունեմ նրան ասելու` ինչու, իրավունք չունեմ բողոքելու այն ամենի համար, ինչ ունեի: Նա ինձ հնարավորություն տվեց պատմություն կերտելու, դա ես չարեցի` իմ միջոցով նա արեց:
-Մրցանակաբաշխությունից հետո թվում էր` արծաթե մեդալը պատրաստվում ես մեկին տալ, վերադարձնել: Ի ՞ նչը հետ պահեց քեզ:
-Երբ պարգևատրությունից հետո լուսանկարվում էինք, ցանկանում էի հանել մեդալը, կախել Ստեֆանեկի պարանոցից և լուռ հեռանալ` անվերադարձ: Կանգնել և նայում էի, թե ինչպես է նա «համտեսում» իմ ոսկե մեդալը, տեսախցիկների առաջ ցուցադրում այն, ինչ ինձ է պատկանում: Ցանկանում էի հեռանալ, բայց այդ պահին աղջիկս հայտնվեց աչքերիս առաջ, և մտածեցի, որ եթե ես այդ մեդալը տամ, որը թեկուզ սխալ գույն ուներ, դրանով Ստեֆանեկին կտամ իմ տանջանքը, աշխատանքը և անցած ուղին: Հետ կանգնեցի այդ մտքից, չնայած գիտեի, որ այդ քայլը շատերին դուր կգար, հատկապես` հանդիսատեսին, սակայն ես դա չարեցի: Լուռ հեռացա, միգուցե, կրկին վերադառնալու…
‘