‘Մինչև հուլիսի 1-ը կատարված պարտադիր կուտակային վճարները ստանալու դիմումի ձևը հասանելի է’

845

«Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» (ԿՀԻԿ) հիմնադրամը տեղեկացնում է, որ կուտակային բաղադրիչի մասնակիցների անհատական կենսաթոշակային հաշիվներում արդեն հասանելի է 2014 թ. հունվարի 1-ից մինչև հուլիսի 1-ը մասնակիցների կատարած պարտադիր կուտակային վճարները անկանխիկ եղանակով ստանալու մասին դիմումի ձևը:

Քաղաքացիները դիմումները կարող են ներկայացնել արդեն այսօրվանից` սեպտեմբերի 1-ից սկսած մինչև այս տարվա դեկտեմբերի 25-ը: Պարտադիր կուտակային հատկացումների հաշվին ձեռք բերված փայերի մարման և գումարների վերադարձի գործընթացը կիրականացվի 2015 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Դիմումները հնարավոր է ներկայացնել` www.epension.am կայքում մուտք գործելով ԻՄ ՀԱՇԻՎԸ համակարգ կամ այցելելով հաշվի օպերատորներից որևէ մեկին` ներկայացնելով անձնագիր և հանրային ծառայությունների համարանիշ, կամ միայն նույնականացման քարտ:

Դիմումը ներկայացնելիս մասնակիցը տեղեկացվում է, որ կենսաթոշակային ֆոնդի փայերի մարման ժամանակ կարող է գանձվել առավելագույնը 2 % մարման վճար:

Հիշեցնում ենք, որ վերադարձվում են միայն մասնակցի կատարած պարտադիր կուտակային հատկացումները: Պետական համաֆինանսավորման գումաը մնում է անձի անհատական կենսաթոշակային հաշվին և շարունակում կառավարվել նրա օգտին, եթե անձը շարունակում է մասնակցությունը կուտակային բաղադրիչին:

Եթե մասնակիցը ներկայացրել է սոցիալական վճարի պարտականությունից հրաժարվելու դիմում, ապա մինչև հուլիսի 1-ը նրա օգտին պետության կատարած հատկացումները փոխանցվում են պետական բյուջե:

Դիմումների ներկայացման ընթացակարգերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ` զանգահարելով 114 անվճար թեժ գծին:

ԿՀԻԿ հիմնադրամ


Նախորդ հոդվածը‘Հայաստանը խաղատուն չէ, ոչ էլ մարդիկ՝ խաղադրույքի ֆիշկաներ’
Հաջորդ հոդվածը‘2014 թվականի հունվար-հուլիս ամիսներին էլեկտրաէներգիայի արտադրությունը Հայաստանում 4,2 տոկոսով կրճատվել է ‘