Հունգարիան և Ռումինիան մինչև տարեվերջ կերկարացնեն Ուկրաինայից հացահատիկի արտահանման արգելքը, որն սպառվում է սեպտեմբերի 15-ին՝ անկախ նրանից, թե այդ հարցով ինչ որոշում կկայացնի Եվրահանձնաժողովը։
Այդ մասին տեղեկացրել է Հունգարիայի գյուղատնտեսության նախարար Իշտվան Նադը Բուխարեստում ռումինացի իր գործընկեր Ֆլորիան Բարբուի հետ բանակցություններից հետո։
«Մենք պայմանավորվել ենք, որ ուկրաինական հացահատիկի նկատմամբ սահմանափակումները պետք է պահպանվեն սեպտեմբերի 15-ից հետո էլ։ Առաջնայինը ֆերմերների շահերն են»,- Facebook-ի իր էջում գրել է Հունգարիայի գյուղնախարարության ղեկավարը։ Նա այդ հրապարակմանը կցել է ռումինացի նախարարի հետ հանդիպման լուսանկարներ։
Հուլիսին Կենտրոնական Եվրոպայի հինգ երկրներ՝ Բուլղարիան, Լեհաստանը, Ռումինիան, Հունգարիան և Սլովակիան, դիմել էին Եվրահանձնաժողովին՝ խնդրելով առնվազն մինչև տարեվերջ երկարացնել Ուկրաինայից հացահատիկի արտահանման արգելքը, որը նրանց շուկաներ էր հասնում արհեստականորեն նվազեցված գներով։ Այդ հարցով Բրյուսելում դեռ որոշում չի կայացվել։
Փոխանցում է tass.ru-ն։