‘Մինչ Աշոտյանն ակտիվ է Ֆեյսբուքում, բացահայտվում են ոլորտի չարաշահումները’

1686

ՀՀ Վերահսկիչ պալատի՝ վերջերս հրապարակած 2012 թվականի հաշվետվության մեջ կա անդրադարձ ՀՀ կրթության և գիտության նախարարության և «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի շրջանակներում իրականացված ստուգումներին:

Վերահսկողության արդյունքում պարզվել է, որ այդ ոլորտում նույնպես հայտնաբերվել են խախտումներ, թերություններ և ռիսկեր, մասնավորապես.

1. Դպրոցին երեխաների պատրաստվածության բարձրացման և կրթության հավասար մեկնարկային հնարավորությունների ապահովման նպատակով «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամը կատարել է վերապատրաստման բուն գործընթացի հետ ուղղակի կապ չունեցող ծախսեր: Ընդ որում՝ մեկ դաստիարակի հաշվարկով՝ միավոր/ժամի համար, վարկային ծրագրերի շրջանակներում, ստացել է 3814 դրամ, մինչդեռ վերապատրաստման փորձ ունեցող «Կրթության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ում այն կազմել է 500 դրամ:

2.Ուսուցիչների վերապատրաստման և մասնագիտական զարգացման միջոցով կրթության որակի հետագա բարելավման ծրագրի շրջանակներում վերապատրաստող մասնավոր կազմակերպությունների համար վարկային միջոցներից ձեռք են բերվել 40,133.3 հազ. դրամի հիմնական միջոցներ, մինչդեռ հայտնի չէ, թե այդ կազմակերպությունները հաջորդ անգամ կընգրկվեն արդյոք վերապատրաստողների ցուցակում:

3. Դպրոցների տնօրենների վերապատրաստման գործընթացը նախապատրաստելու համար վարկային միջոցներից ծախսվել է 69,947.9 հազ. դրամ (մշակվել է ձեռնարկ և ուղեցույց, ինչպես նաև վերապատրաստվել են տնօրեններին հետագայում վերապատրաստող 25 դասախոսներ), սակայն տնօրեններն այդպես էլ չեն վերապատրաստվել, քանի որ գործընթացը դադարեցվել է:

4. Ուսումնական գործընթացում տեղեկատվական հաղորդակցման տեխնոլոգիաների ներդրման շրջանակներում բաց կրթական միջավայր /պլատֆորմ/ ստեղծելու նպատակով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ, որի դիմաց միջազգային փորձագետին վճարվել է շուրջ 7 մլն. դրամ, սակայն հետագայում «պլատֆորմի» ստեղծման գործընթացը դադարեցվել է:

5.Բարձրագույն կրթության ֆինանսավորման կայուն համակարգի ներդրման շրջանակներում նախատեսվել է ուսանողներին տրամադրել հատուկ վարկեր, և այդ նպատակով 34,009.8 հազ. դրամի չափով կատարվել են նախապատրաստական աշխատանքներ (վարկերի տրամադրման մեխանիզմի ձևավորում), սակայն հետագայում վարկերի տրամադրման գործընթացը դադարեցվել է:

6. «Հանրակրթական ուսուցում» ծրագրի շրջանակներում ընտրանքային կարգով ստուգված 10 ավագ դպրոցներից 6-ը չունի ՀՀ օրենսդրությամբ պահանջվող համապատասխան լիցենզիա, իսկ 9-ը` աշակերտների թիվը 124-ով ավելի ցույց տալու արդյունքում պետական բյուջեից 17,464.0 հազ. դրամ ավելի գումար է ստացել:

Բյուջեից հավելյալ ստացված միջոցներից դեռևս չծախսված 11,505.8 հազ. դրամի 42%-ը (4,858.3 հազ. դրամ) վերահսկողության ընթացքում դպրոցների կողմից արդեն վերականգնվել է պետական բյուջե, իսկ մնացած` 6,647.5 հազ. դրամը պակասեցվել է դպրոցների նախահաշվից:

7. «Համակարգչային և ինտերնետային կապի ծառայություններ» ծրագրի շրջանակներում 2012 թվականին Հայաստանի դպրոցների ինտերնետային ցանցին նոր միացված դպրոցների չորս ամսվա սպասարկման համար բյուջեից «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 82,560.5 հազ. դրամ, սակայն սպասարկումը փաստացի իրականացվել է նախատեսվածից մեկուկես ամիս պակաս: Այսինքն, 31,915.1 հազ. դրամ ավելի ստացված գումարը «Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից ենթակա է վերականգնման պետական բյուջե:

8.Սարքավորումների հաշվառման բացակայության, դրանց իրական պահանջների չբացահայտման արդյունքում 2011 թվականին 20,040 հազ. դրամի չափով ձեռք բերված սարքավորումները պարզապես չեն օգտագործվել, քանի որ դրա կարիքն իրականում չի եղել:
9. Որոշ դպրոցներում նոր սարքավորումների փոխարեն տեղադրվել են օգտագործված սարքավորումներ, ինտերնետային կապը եղել է ցածրորակ, որի արդյունքում դպրոցները ստիպված օգտվել են այլընտրանքային կապից:

«Հաշվետու տարում ոլորտում իրականացված վերահսկողությամբ արձանագրված խախտումների և թերություների վերաբերյալ մանրմասն տեղեկատվությունը ներկայացված է Վերահսկիչ պալատի ընթացիկ հաշվետվություններում»,- ասվում է հաշվետվության մեջ:

Նախորդ հոդվածը‘Այսօր՝ հունիսի 10-ին սպասվող իրադարձությունները’
Հաջորդ հոդվածը‘Գազը թա՞նկ է, հոսանք կվառես’