‘Մինչ Սերժը երիտասարդանում է, Հայաստանը ծերանում ու լքվում է ‘

3024

ԱԺ ոչ իշխանական չորս ուժերի մասնակցությամբ՝ «Դեմ ենք պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգին» քաղաքացիական նախաձեռնության կողմից կայանալիք վաղվա հանրահավաքն անհնար է թերագնահատել:

Բանն այն է, որ Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամն ու իշխող ուժի բացարձակ անձեռնհասությունը, որն, իր հերթին, անհուսալի իրավիճակ է առաջ բերել նաեւ երկրի տնտեսական կյանքում, չի՛ կարող հավերժորեն ձգվել: Այն որեւէ կերպ պե՛տք է, որ հանգուցալուծվի:

Եւ ահա, շատ հնարավոր է, որ կենսաթոշակային պարտադիր կուտակային համակարգի դեմ առկա բողոքը դառնա այն համաժողովրդական ընդվզման թափանիվը, որը կխախտի ուժերի հարաբերակցությունն իշխանության եւ նրա կողմից վարվող քաղաքականությանն ընդդիմացող լայն հանրության միջեւ: Հօգուտ վերջինի, իհարկե:

Ի միջի այլոց, չնայած ակնհայտ շփոթվածությանը, կառավարությունում ոնց որ թե դեռ հույս ունեն, որ իրավիճակն առայժմ հնարավոր է միանգամայն վերահսկել՝ այն պահածոյացնելու եւ սահմանադրական փոփոխությունների միջոցով սեփական վերարտադրությունն ապահովելու համար:

Իրականությունը, սակայն, ա՛յլ բանի մասին է վկայում:

Ռեժիմն ակնհայտորեն է կորցրել վերահսկողությունը երկրում, եւ եթե որեւէ մեկը սա չի գիտակցում՝ իր խնդիրն է: Հուշենք միայն, որ հետագա համառումը միայն ու միայն ավելի է ծանրացնելու նրա դրությունը:

Դե տեսեք. երբ խելքը գլխին մարդիկ ժամանակին այս մասին զգուշացնում էին իշխանությանը՝  հասկացնելով, որ չի՛ կարելի մարդկանց պարանոցին կապած օղակն անվերջ ձգել, երբ տարիներ շարունակ խոսում էին բռնության բացառման, անօրինության զսպման, նորմալ տնտեսական քաղաքականության վարման եւ արտագաղթի վերաբերյալ, իշխանությունը, իբր՝ մեր ժողովրդին հատուկ զգուշավորությունն ու միայն սոցիալական պատճառով դիմադրություն կազմակերպելու անկարողությունը թե չկամությունը մատի փաթաթան սարքած՝ իր էշն էր քշում, հընթացս անհասկանալի պետական պարտքեր գոյացնելով…

Արդյունքում՝ հասան նրան, որ մի գիշերում վաճառեցին երկրի սուվերենությունն ու այն ամենը, ինչ դեռ հնարավոր էր վաճառել, բանտերը կրկին հագեցրին քաղբանտարկյալներով, երկիրը կանգնեցրին դեմոգրաֆիական աղետի առջեւ,  տնտեսություն, բիզնես միջավայր, ազատ շուկա հասկացությունները ծիծաղի ու անեկդոտների թեմա դարձրին, երկրի բնակչության կեսից ավելիին դարձրին աղքատ, իսկ բոլոր այն ձեռնարկները, որոնց ընդունված է բարեփոխում անունը տալ՝  ամրակապերից մինչեւ կարմիր գծեր եւ այլն, իսկական գիլյոտինի վերածեցին հազիվհազ շնչող բնակչության համար:

Եւ, ուրեմն, չնայած վաղվա հանրահավաքն ընդամենը «կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիա» համեստ անվանումն ունի, մանավանդ՝ չորս խորհրդարանական ուժերի անօրինակ միավորման հիմքով, ինչպես երեւում է՝ իշխանությունների գերեզմանափորը պիտի դառնա:

Տիգրանսարգսյանական բանկերում ու մութ կենսագրություն ունեցող Հայփոստի բաժանմունքներում հիստերիկայի մեջ հայտնված այս ժողովուրդը պիտի վերջապես ձեւավորի դիմադրության իր օրակարգը, որովհետեւ այլեւս ոչ մի հոգեկան, բարոյական ու ֆինանսական ռեսուրս չունի՝ նման ապիկար իշխանությանը հանդուրժելու համար: Իշխանություն, որն օր չկա՝ մի տհաճ անակնկալ չմատուցի բոլորին:

Ինչպես, օրինակ, այսօր. դեռ չէինք  հասցրել մարսել այն փաստը, որ սրանց խաբեության արդյունքում պատկառելի պարտք է գոյացել Գազպրումում, հիմա էլ պարզվում է՝ երեք ամսվա ընթացքում, մեր տարածքում տեղակայված ռուսական ռազմաբազայի բեռնափոխադրումների դիմաց, 33 միլիոն դրամ կամ մոտ 90.000 դոլար պարտք ենք կուտակել:

Տիգրան Սարգսյանն, ուրեմն, ժպիտը դեմքին, այդ փողը երեկ որոշել է տրամադրել ԱԱԾ-ին (թե ինչու՝ նրան, անհայտ է), որպեսզի սա էլ, իր հերթին, այդ գումարը տրամադրի ում պետք է: Այսինքն՝ էլի՛ ռուսական երկաթուղուն…

Հետաքրքիր է՝ իսկ որքա՞ն են կազմել ռուսական ռազմաբազաների կոմունալ վճարները: Հայտնի է, որ դրա՛նք էլ ենք մենք՝ սովորական հարկատուներս վճարում: Ենթադրում եմ՝ կրկին պատկառելի գումարի հետ պիտի գործ ունենանք: Դժվար թե այդ կողմերում իրենց նեղություն տված լինեին՝ ինչ-որ բան խնայելու ուղղությամբ:

Եւ հետո՝ նրա՞նք ինչու պիտի խնայեն, եթե տեսնում են, որ ինչ-որ ցողունավոր բջիջներով պատվաստվող եւ հրապարակներում ծերացող ժողովրդի հաշվին երիտասարդացող Սերժ Սարգսյանն իրեն ոչնչից չի զրկում:

Թող երիտասարդանա, ոչի՛նչ:

Մեր հանրությունը նրան հենց էդպես ջահել-ջիվան էլ կճանապարհի՝ ուր հարկն է…

Գոհար Սիմոնյան

Նախորդ հոդվածը‘Վիճաբանություն և դանակահարություն Երևանում’
Հաջորդ հոդվածը‘Արմեն Էլբակյանը դեմ չէ դառնալ Թատերականի ռեկտոր. Ա1+’