‘Մինչ օրս Երևանի քաղաքապետարանը շուրջ $700 000 է ծախսել նստարաններ ձեռք բերելու համար’

1126

Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել, որտեղ նշվում է, որ 2012 թվականից մայրաքաղաքի արտաքին կահավորման մաս են կազմում «Երևան» ձուլվածքով նոր ու ժամանակակից նստարանները, ինչպես նաև աղբամանները: Մինչ օրս Երևանի վարչական շրջանների գլխավոր ու երկրորդական փողոցներում, այգիներում ու պուրակներում տեղադրվել է շուրջ 1800 նորաոճ նստարան. դրանք նոր շունչ են հաղորդել մայրաքաղաքին, և այս պարագան հաճախ են նշում նաև երևանցիները: Միայն այս տարի «Երևան» ձուլվածքով նստարանների թիվն ավելացել է 530-ով:

Ըստ քաղաքպետարանի, ոլորտի պատասխանատուները պարբերաբար արձանագրում են համայնքապատկան գույքի նկատմամբ, առնվազն, տարօրինակ վարքագիծ և, մեղմ ասած, անփույթ վերաբերմունք և որ ավելի ցավալի է, դրանք պարբերաբար կոտրում են: Առկա են նաև նոր աղբամանները գողանալու դեպքեր: Այդ մասին տեղեկացված են նաև իրավապահ մարմինները և այդ ուղղությամբ արդեն տարվում է համապատասխան աշխատանք:

Քաղաքապետարանը տեղեկացնում է, որ նստարանների ու աղբամանների նկատմամբ արատավոր ցանկացած երևույթ նկատելու դեպքում երևանցիները կարող են ահազանգել Երևանի քաղաքապետարանի 1-08 թեժ գծի շուրջօրյա հեռախոսահամարով կամ աշխատանքային ժամերին գործող 010- 51-41-52 թեժ գծի հեռախոսահամարով:

Հայտարարությունից կարելի նաև պարզել, թե ինչքան գումար է քաղաքապետարանը մինչ օրս ծախսել նստարանների վրա: Ինչպես բազմիցս գրվել է մամուլում, քաղաքապետարանը մեկ նստարանի համար 165 000 դրամ է վճարում «Նիկոլ Դուման» ԱԿ-ին: Բազմիցս նշվել է նաև, որ նստարանները գնվում են առանց մրցույթի և որ գինը ակնհայտորեն բարձր է: Ինչևէ: Փաստորեն, մինչ օրս քաղաքապետարանը նստարաններ գնելու համար ծախսել է 297 մլն դրամ կամ մոտ 710 000 դոլար: Թե ինչքան նստարան է կոտրվել՝ քաղաքապետարանը չի նշում, բայց թանկ նստարաններ պատվիրելուց առաջ կարելի էր եզրակացնել, որ դրանք վնասվելու են և շուտ շարքից դուրս են գալու, քանի որ անընդհատ գտնվում են արևի, անձրևի և ձյան տակ:

Նախորդ հոդվածը‘ԵՏՄ-ի անդամակցության հարցը դրական եզրակացություն է ստացել ԱԺ տնտեսական հանձնաժողովում’
Հաջորդ հոդվածը‘ՖԻՖԱ. Տարվա լավագույն պաշտպանների հավակնորդները’