Մինսկը կասեցնում է միգրանտների հոսքն Աֆրիկայից և Մերձավոր Արևելքից․ այս շաբաթվանից Բելառուսը խստացնում է մուտքի կանոնները Սիրիայի, Եգիպտոսի, Աֆղանստանի, Պակիստանի, Եմենի, Իրանի և Նիգերիայի քաղաքացիների համար։ Նրանք այլևս չեն կարող, նախկինի պես, վիզա ստանալ հենց Մինսկի օդանավակայանում, այլ պետք է դիմեն Բելառուսում իրենց երկրների դեսպանատներ ու հյուպատոսություններ։
Պաշտոնապես Բելառուսի իշխանություններն այս որոշումը չեն մեկնաբանել, փոփոխություններին ուշադրություն են դարձրել զբոսաշրջության գործակալությունները։
Փախստականների հիմնական հոսքերը, որոնք հետո ձգտում են հասնել Լիտվա և Լեհաստան, հենց այդ երկրներից են գալիս։ Նախորդ տարիների համեմատ՝ ներգաղթյալների թիվը հարյուրապատիկ ավելացել է (դա մոտավոր գնահատականն է, Բելառուս ժամանած միգրանտների ստույգ թիվը հայտնի չէ), և Եվրամիությունը նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին մեղադրում է «հիբրիդային պատերազմ» մղելու մեջ։
Լուկաշենկոն այդ մեղադրանքներին պատասխանել է, թե արևմտյան պատժամիջոցներ սահմանելուց հետո Բելառուսը միջոցներ չունի, որ ինքնուրույն լուծի միգրանտների հարցը։
Փոխանցում է BBC-ն։
