‘Մինսկի զուգահեռ խումբը կհավաքվի Ստրասբուրգում’

518

Նոյեմբերի 28-29-ը Ստրասբուրգում կկազմակերպվի Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիական հասարակությունների ներկայացուցիչների հանդիպումը: Հանդիպման նպատակը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիների որոնումն ու քննարկումն է:

«Միջոցառումը կկազմակերպվի Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի նախաձեռնությամբ` Եվրոպայի Խորհրդի աջակցությամբ», — «Թուրան» գործակալությանը հաղորդել է ՀՔԱ ղեկավար Արզու Աբդուլաևան:

Հայկական և ադրբեջանական կողմերից հանդիպմանը կմասնակցեն 8-ական մարդ, որոնց մեջ կլինեն փորձագետներ, քաղաքական գործիչներ, ուսուցիչներ և պատմաբաններ:

Այս ձևաչաձն ստացել է «Մինսկի զուգահեռ խումբ» ոչ պաշտոնական անվանումը, ինչը ենթադրում է հասարակայնության ներգրավում քննարկումներին և հակամարտության կարգավորման ուղիների որոնում: Քնարկումների արդյունքում կընդունվի փաստաթուղթ` երկու երկրների կառավարություններին, միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբին ուղղված առաջարկներով, ասել է Աբդուլաևան:

Նա նաև նշել է, որ առաջիկա երկխոսությունների մասնակիցներն ավելի վաղ արդեն հանդիպել են տարբեր միջոցառումներում, մասնավորապես, Ալանդյան կղզիներում, Թբիլիսիում և այլ վայրերում: 

Նախորդ հոդվածը‘«Նաիրիտի» աշխատողները պահանջում են իրենց աշխատավարձը’
Հաջորդ հոդվածը‘Իրակլի Գարիբաշվիլին դարձավ Վրաստանի նոր վարչապետը’