‘
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռոբերտ Բրադկեն (ԱՄՆ), Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ժակ Ֆորը (Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը Վիեննայում նոյեմբերի 8-ին կառույցի մշտական խորհրդին ներկայացրել են տարեկան զեկույցը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԵԱՀԿ մամուլի գրասենյակից, համանախագահները ներկայացրել են կողմերի հետ անհատական եւ համատեղ հանդիպումների եւ տարածաշրջան իրենց այցերի, ինչպես նաեւ համանախագահող յուրաքանչյուր երկրի երկկողմ հանդիպման ու հունվարին Սոչիում Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների եռակողմ հանդիպման արդյունքները:
Նրանք քննարկել են իրենց դերը լարվածության թուլացման եւ խախտումների ի հայտ գալու դեպքում իրավիճակի սրումը բացառելու գործում, մասնավորապես նշվել է գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի մանդատի եւ տարածաշրջանում նրա թիմի առաքելության կարեւորությունը:
Մշտական խորհրդին ներկայացված իրենց զեկույցից բացի, համանախագահները Մինսկի խմբի հանդիպում են նախաձեռնել: Նրանք նաեւ հանդիպել են Ուկրաինայի եւ Շվեյցարիայի պատվիրակությունների հետ` որպես ԵԱՀԿ ապագա նախագահողներ:
Համանախագահները կայցելեն տարածաշրջան այս ամսվա ընթացքում` դեկտեմբերին Դուբլինում կայանալիք ԵԱՀԿ ԱԳ նախարարական հավաքին ընդառաջ:
‘