‘Մինսկի խմբի համանախագահները` հայկական ուղղաթիռի ոչնչացման մասին’

2138

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հանդես են եկել հայտարարությամբ, որի պատճառը այսօր Ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ տարածքում ուղղաթիռի ոչնչացումն էր, ինչի հետեւանքով մարդկային զոհեր կան:

Հայտարարությունը ամբողջությամբ` ստորեւ.

ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահները (դեսպան Իգոր Պոպովը` ՌԴ, Ջեյմս Ուորլիքը` ԱՄՆ եւ Պիեր Անդրիյոն` Ֆրանսիան) իրենց խորը մտահոգությունն են հայտնում շփման գծում խոցված ուղղաթիռի եւ բռնության սրացման կապակցությամբ: Մենք ափսոսում ենք մարդկային կորուստների կապակցությամբ եւ հայտնում ենք մեր ցավակցությունը:

Համախագահները լրջորեն անհանգստացած են այն իրադարձություններով, որոնք հրադադարի մասին պայմանագրի ստորագրումից ի վեր` իր տեսակի մեջ աննախադեպ ծայրահեղ դեպքի պատճառ են դարձել:

Մենք խստորեն կոչ ենք անում կողմերին խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են շփման գծի երկայնքով եւ հայ-ադրբեջական սահմանին հանգեցնել լարվածության սրացմանը: Տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ բռնության եւս մեկ փուլ, ինչին ականատես եղանք այս ամառ: Այսօրվա դեպքերը հիշեցում են մեզ ԼՂ հակամարտության փխրունության մասին եւ անրաժեշտ է ակտիվացնել կայուն կարգավորման որոնման ջանքերը: Մենք նախկինի պես պատրաստակամ ենք ցանկացած հնարավոր ձեւերով աջակցել կողմերին:

Մենք հիշեցնում ենք Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին հրադադարի ռեժիմի պահպանման իրենց պարտականությունների մասին եւ կոչ ենք անում կատարել իրենց պարտավորությունները, որոնք նրանք ստանձնել են Սոչիում, Նյուպորտում եւ Փարիզում` հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ որոնելու համար:

Մենք նաեւ կոչ ենք անում նրանց հիմա միջոցներ ձեռնարկել` վստահության ամրապնդման համար, ինչը թույլ կտա բարձրացնել թափանցիկության մակարդակը շփման գծի երկայնքով եւ հայ-ադրբեջանական սահմանին, ու նվազեցնել այնպիսի դեպքերի հավանականությունը, ինչպիսին այսօրվա միջադեպն էր:

 

Նախորդ հոդվածը‘Աշխարհի ամենաթանկ ժամացույցը վաճառվել է 21 մլն դոլարով’
Հաջորդ հոդվածը‘ՊՆ-ն պաշտոնապես հաստատեց խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների անունները’