‘Մինսկի մատույցներում ցուցապաստառ են կախել՝ «Russian army go home!»’

872

Մինսկի մատույցներում՝ M1 մայրուղու վրա, ցուցապաստառ է հայտնվել՝ «Russian army go home!», հաղորդել է «Եվրառադիոն»: Ըստ աղբյուրի՝ դա արել են «Միասին՝ Բելառուսի համար» ընկերության ակտիվիստները, ովքեր որոշել են այդ կերպ արտահայտել իրենց բողոքը երկրի տարածքում ռուսաստանյան զորքերի առկայության դեմ:

Հիշեցնենք, որ վերջերս Բելառուս էին ժամանել ռուսաստանյան չորս Су-27 կործանիչներ, և հաղորդվել էր, որ ռուսաստանցի և բելառուս ռազմական օդաչուներն արդեն համատեղ մարտական հերթապահություն են իրականացնում: Իսկ 2015 թ. Բելառուսում ծրագրված է ռուսաստանյան ավիագնդի տեղակայումը, ինչի մասին գարնանը հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգել Շոյգուն՝ նշելով, որ ավիագունդը «կծառայի մեր սահմանների պաշտպանությանը»:

Ռուսաստանի  ավիաբազան Բելառուսում տեղակայելու դեմ ակտիվորեն հանդես են են գալիս ընդդիմության ներկայացուցիչները: «Ռուսաստանը բազմիցս հաստատել է, որ իր ռազմակայանները հանդես են գալիս որպես օկուպացիայի միջոց՝ այն երկրում, որի տարածքում են գտնվում: Վրաստանի պատերազմը դրա վառ օրինակն է,- մասնավորապես հայտարարել է «Բելառուսական քրիստոնեական դեմոկրատիա» շարժման առաջնորդ, նախագահի նախկին թեկնածու Վիտալի Ռիմաշևսկին:- Ես, որպես ԲՔԴ համանախագահ, կտրականապես դեմ եմ այդ հակազգային որոշումներին, քանի որ դրանք հակասում են Բելառուսի սահմանադրությանը, ազգային շահերին և սպառնում  է երկրի անկախությանը»:

Միացյալ քաղաքացիական կուսակցությունն, իր հերթին, որոշել է ռազմակայանի տեղակայումը բողոքարկել Սահմանադրական դատարանում: Դիմումի հեղինակները պնդում են, ինչպես հաղորդել է  «Интерфакс-Запад»-ը, որ օտարերկրյա ռազմակայանի ներկայությունը «խախտում է պետության չեզոքության սկզբունքը»: Բելառուսի սահմանադրության մեջ, ի դեպ, առկա է հետևյալ ձևակերպումը. «Բելառուսի հանրապետությունը նպատակ է դնում պետությունը դարձնել չեզոք», հաղորդում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը որպես առանց ձայնի իրավունքի դիտորդ կմասնակցի իր իսկ դատավարությանը’
Հաջորդ հոդվածը‘Արթուր Գրիգորյան. Եվրաասոցացման գործընթացը և սոփեստության ժամանակները’