‘Միշել Օբաման «Խիզախության համար» մրցանակը հանձնել է ուկրաինացի երգչուհի Ռուսլանային’

975

Ուկրաինացի երգչուհի Ռուսլանան արժանացել է International Women of Courage  մրցանակին, որը ԱՄՆ պետքարտուղարությունն ամեն տարի հանձնում է ամբողջ աշխարհից տասը կանանց: Երգչուհին շնորհավորանքներ է ստացել ԱՄՆ նախագահի տիկնոջից՝ Միշել Օբամայից:

Ինչպես հաղորդում է France-Presse գործակալությունը, երգչուհին արժանացել է «Խիզախության համար» մրցանակին: Մասնավորապես՝ ամերիկացիները գնահատել են նր համարձակությունը Ուկրաինայում ընդդիմադիր ցույցերի ժամանակ: Ինչպես նշել են մրցանակների հանձնման հանդիսավոր արարողության ընթացքում, Ռուսլանան համարձակություն է ունեցել երգել ցուցարարների առջև՝ չնայած իր կյանքին և ազատությանը սպառնացող վտանգին:

Մյուս ինը նոմինանտների թվում են՝ 16-ամյա հնդկուհի Լակշմին, որն սկսել է պայքարել հանուն հնդիկ կանանց իրավունքների՝ այն բանից հետո, երբ հարձակման է ենթարկվել անհայտ անձանց կողմից, Աֆղանստանից գինեկոլոգ Նասրին Օրիակիլը, Վրաստանի Ավետարանական-բապտիստական եկեղեցու եպիսկոպոս Ռուսուդան Գոցիրիձեն և այլն:

Մրցանակների հանձնման արարողությունը ԱՄՆ պետքարտուղարության շենքում կայացել է մարտի 4-ին:

International Women of Courage-ի ամենամյա մրցանակը 2007 թ. սահմանել է պետքարտուղար Քոնդոլիզա Ռայսը: Մրցանակը տրվում է այն կանանց, ովքեր պայքարում են հանուն մարդու իրավունքների և հասարակական առաջընթացի՝ հաճախ վտանգելով սեփական կյանքը: Փոխանցում է kp.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանը իր փոխարեն ծաղկեպսակ է ուղարկել Եռաբլուր ‘
Հաջորդ հոդվածը‘Կոնգրեսի ներկայացուցիչները այցելել են Եռաբլուր’