‘ՄԻՊ-ը վիճարկում է վարչական ակտերի դատարանի շրջանցմամբ ԴԱՀԿԾ կատարման գնալու սահմանադրականությունը’

955

Սահմանադրական դատարանը հունիսի 15-ի աշխատակարգային որոշմամբ քննության է ընդունել Մարդու իրավունքների պաշտպանի հերթական դիմումի հիման վրա գործը: 

«Փաստինֆոյի» փոխանցմամբ՝ այս անգամ Կարեն Անդրեասյանը վիճարկում է ՀՀ վարչական դատավարության, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքերում և մի շարք հարակից օրենքներում այս տարվա հունվարից ուժի մեջ մտած փոփոխությունները, որոնցով վարչական ակտերն անմիջապես, շրջանցելով դատարանը, կարող են գնալ կատարման՝ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայություն:

Դրանից հետո այդ ակտերը դառնում են անբողոքարկելի: Փաստորեն, նախկինում գործող դատական կարգով բռնագանձման միջանկյալ օղակը դուրս է թողնվել գործընթացից: 

«Պաշտպանի կարծիքով՝ սա հակասում է անձի արդար դատաքննության իրավունքին, որովհետև Սահմանադրությունն ամրագրում է, որ յուրաքանչյուր ոք իր իրավունքների պաշտպանության համար կարող է դիմել դատարան և յուրաքանչյուր ոք, իր գործի քննության շրջանակներում, իրավունք ունի դիմելու անկախ և անկողմնակալ դատարանին: 

Ստացվում է, որ անձի սեփականություն հանդիսացող դրամական միջոցները, որոնք գտնվում են բանկային տարբեր հաշիվների վրա, առանց դատական որոշման արգելանքի տակ են դրվում և հետագայում բռնագանձվում:

Նման գործողությունը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշումների  իմաստով հանգեցնում է սեփականությունից անձի զրկման, իսկ Սահմանադրությամբ հստակ ամրագրվում է, որ անձին սեփականությունից կարելի է զրկել՝ միայն դատական նախատեսված կարգով և դեպքերում:

Արդյունքում՝ արգելանք դնելը և հետագայում գումար բռնագանձելն այս դեպքում շրջանցում են դատական մարմինները և կատարվում են արտադատական ճանապարհով, ինչը, մեր կարծիքով, հակասում է Սահմանադրության 8-րդ, 18-րդ, 19-րդ, 31-րդ հոդվածներին»,-«Փաստինֆո»-ի թղթակցին հայտնեց ՄԻՊ տեղակալ Տաթևիկ Խաչատրյանը: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

ՍԴի կողմից քննության ընդունված գործով ՄԻՊը վիճարկում է «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 88-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի և 44-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 298-րդ հոդվածի 3-րդ մասի, 305-րդ հոդվածի 4-րդ մասի և 283-րդ հոդվածի 6-րդ մասի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի և 223-րդ հոդվածի 3-րդ մասի սահմանադրականությունը:

 

 

Նախորդ հոդվածը‘«Կոմերսանտի» թղթակիցը Հայաստանում ՄՄ-ին միանալու տնտեսական իմաստ չի գտել’
Հաջորդ հոդվածը‘Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն է տարածել դիվերսիոն գործողության հետ կապված’