‘
ՄԻՊ Կարեն Անդրեասյանը քննարկման է ընդունել ԱԺ Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի բանավոր դիմումը, որը վերջինս հնչեցրել էր ԱԺ նիստի ժամանակ:
Անդրեասյանի որոշումը՝ ստորեւ.
«ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանը ՀՀ ԱԺ 02.10.2014 թ. նիստի ընթացքում բանավոր դիմել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին՝ բարձրացնելով ՀՀ ոստիկանության Շիրակի մարզային վարչության պետի գործողությունների իրավաչափության հարցը:
Նկատի ունենալով, որ բողոքը համապատասխանում է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվածի պահանջներին, ղեկավարվելով նույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
Որոշեցի.
ՀՀ ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի բողոքն ընդունել քննարկման եւ դրա ուսումնասիրումը հանձնարարել Հ. Ակլունցին»:
Հիշեցնենք, որ ԱԺ վերջին քառօրյային Արամ Մանուկյանը հանդես էր եկել հայտարարությամբ, որում մեջ էր բերել Գյումրիի ոստիկանապետի հարցազրույցը՝ հոկտեմբերի 8-ին կայանալիք եռյակի հանրահավաքի վերաբերյալ: «Ոստիկանապետը իր հարցազրույցներից մեկում ասում է, որ Գյումրիի թատերական հրապարակը հոկտեմբերի 8-ին բազմամարդ չի լինի: Ո՞վ է ինքը եւ ինչի՞ հիման վրա է նման հայտարարություն անում: Նա ասում է՝ «Յուրաքանչյուր քաղաքական արդարացի կամ անարդարացի պահանջ անհրաժեշտ է ներկայացնել կիրթ ձեւով, առանց գոռալու, գոչելու: Բա մենք ինչի՞ համար ենք. որ կարգուկանոն հաստատենք: Չենք թողնի անկայունանա իրավիճակը, որպեսզի թշնամին չուրախանա»: Ո՞վ է այսքան լիազորություններ տալիս մեր ոստիկանապետերին՝ օրինական հանրահավաքի նկատմամբ այսպիսի սպառնալիքներ հասցնելու համար: Այդ ի՞նքը գիտի, որ քիչ մարդ է լինելու, թե՞ նպաստելու է, որ քիչ լինեն»,- հայտարարել էր Արամ Մանուկյանը՝ դիմելով Կարեն Անդրեասյանին, որպեսզի որպես Մարդու իրավունքների պաշտպան՝ զբաղվի այս հարցով, քանի որ նման հայտարարություններ անելը չի գտնվում Գյումրիի ոստիկանապետի իրավունքների սահմաններում:
Ի պաստասխան՝ Օմբուդսմենը հայտարարել էր, որ հենց այսօր Արամ Մանուկյանի դիմումը վարույթ կընդունվի:
‘