‘ՄԻՊ. Հայաստանում արհեստակցական միությունները գործում են միայն թղթի վրա’

931

Հունիսի 4-ին ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից ֆինանսավորվող «Հայաստանի Ազգային ժողովի աջակցման ծրագրի» օժանդակությամբ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի «Էրատո» սրահում կազմակերպել էր խորհրդարանական լսումներ՝ «Արհեստակցական միությունների գործունեության երաշխիքները» թեմայով: Այս մասին հայտնում են Ազգային ժողովի լրատվական ծառայությունից: 

Լսումներին մասնակցում էին ԱԺ պատգամավորներ, արհեստակցական միությունների եւ իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ՄԻՊ աշխատակազմի անդամներ:

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Էլինար Վարդանյանը տեղեկացրեց, որ քննարկման նպատակն է կրկին անդրադառնալ հասարակական մեծ կարեւորություն ունեցող խնդրի՝ արհեստակցական միությունների կայացմանն ու զարգացմանը:

Հանձնաժողովի նախագահը մասնակիցներին առաջարկեց գրավոր ներկայացնել առաջարկներ, որոնք հիմք կդառնան՝ բարեփոխելու ոլորտը կանոնակարգող օրենսդրությունը կամ, անհրաժեշտության դեպքում, մշակելու այլ օրինագծեր:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն իր զեկույցն սկսեց խիստ գնահատականներով. ըստ նրա՝ Հայաստանում արհեստակցական միությունները գործում են վիրտուալ աշխարհում, թղթի վրա: Նրա խոսքով՝ արհեստակցական միությունները չեն ուզում կամ չեն կարողանում պաշտպանել աշխատողների իրավունքներն ու շահերը, այդ մասին են փաստում ՄԻՊ գրասենյակի ստացած բազմաթիվ բողոքներն ու դիմումները:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի, ինչպես նաեւ ելույթ ունեցողներից շատերի կարծիքով, ոլորտի չկայացման պատճառն օրենսդրությունը չէ, այլ հանրային գիտակցությունը, ստվերային տնտեսության առկայությունը, արդարության նկատմամբ վստահության եւ իրավական գիտելիքների պակասը: Ոլորտի չկայացման պատճառներից մեկն էլ ըստ Կարեն Անդրեասյանի՝ արհմիությունների կախվածությունն է գործատուներից: Նրա խոսքով՝ անհրաժեշտ է փոխել արհմիության էությունը՝ դարձնելով այն իրավապաշտպան կառույց:

Մարդու իրավունքների պաշտպանի տեսակետների հետ համաձայն չէր ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Արայիկ Պետրոսյանը, ում կարծիքով՝ ժամանակ է անհրաժեշտ ոլորտի կայացման համար, քանի որ ոլորտի օրենսդրությունը բացեր չունի, իսկ արհեստական ձեւով՝ վարչարարությամբ, ոլորտ զարգացնելուն ինքը դեմ է: Փոխնախարարի կարծիքով՝ վերջին երեք-չորս տարիներին նկատելի են որոշ դրական փոփոխություններ:

«Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիա» արհեստակցական կազմակերպությունների հանրապետական միության նախագահ Էդուարդ Թումասյանը եւս, չհամաձայնելով ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի գնահատականների հետ, ոլորտի թուլացման հիմնական պատճառներ համարեց մրցակցության բացակայությունը, քաղաքացիների՝ աշխատանքը կորցնելու վախը, իրավական գիտելիքների պակասը եւ այլն: Ոլորտի զարգացման ճանապարհը, ըստ նրա, պետական մոտեցումն է. նրա համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ կատարվեն փոփոխություններ, եւ հիմնարկ-ձեռնարկություններում արհեստակցական միությունների ստեղծումը պարտադիր համարվի, ինչպես, օրինակ, կատարվում է այլ երկրներում:

Ոլորտի զարգացման վերաբերյալ ելույթ ունեցավ նաեւ «Հայաստանի գործատուների հանրապետական միության» նախագահ Գագիկ Մակարյանը, ում կարծիքով եւս ոլորտը կարգավորող օրենսդրությունը թերություններ չունի. ըստ նրա՝ կա տարբեր մարմինների, հասարակական կազմակերպությունների հետ համագործակցության սերտացման կարիք: Գագիկ Մակարյանը նշեց, որ իր ղեկավարած կառույցը ծրագիր է մշակել, որն ուղղված է արհեստակցական միությունների զարգացմանը:

Ելույթներ ունեցան նաեւ Ա. Սախարովի անվան մարդու իրավունքների պաշտպանության հայկական կենտրոնի ներկայացուցիչ Մերի Խաչատրյանը, կրթության եւ գիտության աշխատողների ճյուղային արհմիության ներկայացուցիչ Էլեն Մանասերյանը, ՀԿ-ների եւ արհմիությունների ներկայացուցիչներ:

Մտքերի փոխանակության ընթացքում արհմիությունների, իրավապաշտպան հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներն անդրադարձան համակարգի խնդիրներին եւ ներկայացրին իրենց առաջարկներն ու տեսակետները:

Նախորդ հոդվածը‘Արտակ Բուդաղյանն արդեն խոսում է. Հարցազրույց հոսպիտալի բժշկի հետ (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘Զբոսաշրջիկների գրեթե մեկ երրորդը հրաժարվել է Ստամբուլի հյուրանոցներում ամրակայված տեղերից’