‘
Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ դատախազության ստորաբաժանումների կողմից ուսումնասիրության առարկա են դարձել երեկ Հայաստանի Հանրապետության բոլոր տասը մարզերում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախապատրաստման և անցկացման ընթացքում առերևույթ ընտրական բնույթի հանցագործությունների 47 դեպքերի վերաբերյալ հաղորդումներ:
Ըստ հաղորդագրության, նշված դեպքերից 32-ը վերաբերել են մեկից ավելի անգամ քվեարկության փորձերին, 2-ը՝ առերևույթ ընտրակաշառք տալուն, 2-ը՝ լրագրողի և վստահված անձի լիազորությունների իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ քվեարկության գաղտնիության իրավունքի խախտմանը, 7-ը՝ ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն /ուղղորդումներ, կուտակում, բռնություն/,2-ը՝ քաղաքացու ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելուն, 1-ը՝ այլ անձի փոխարեն քվեարկելուն։
Դատախազությունը տեղեկացնում է, որ նշված հաղորդումների և ահազանգերի իրական հանգամանքները պարզելու, անհետաձգելի քննչական, օպերատիվ-հետախուզական միջոցառումներ կատարելու և սեղմ ժամկետում իրավական գնահատական տալու նպատակով դատախազության մարզային ստորաբաժանումների դատախազների հանձնարարությամբ դրանք ուղարկվել են Քննչական կոմիտեի և Ոստիկանության տարածքային բաժիններ:
«Քվեարկության օրվա ընթացքում առերևույթ ընտրական իրավախախտումների վերաբերյալ ԶԼՄ-ների հրապարակումների և ահազանգերի նախնական ուսումնասիրությունը վկայում է, որ դրանց ճնշող մեծամասնությունը կրել են ընդհանուր, վերացական բնույթ կամ վերաբերել են քվեարկության կազմակերպմանը վերաբերող տեխնիկական բնույթի խնդիրներին՝ քվեարկության սենյակների կահավորմանը, տեխնիկական սարքավորումների գործարկմանը, տեղամասերում հերթերի, կուտակումների առաջացմանը, տեղամասային հանձնաժողովների աշխատակարգային խախտումներին կամ անորոշ ձևակերպումներ են պարունակել», — հայտնում է դատախազությունը՝ շարունակելով. — «Ընտրախախտումների դեպքերով քննության արդյունավետությունն ապահովելու նպատակով հորդորում ենք դեպքերի վերաբերյալ տեղեկատվությունը հանրայնացրած սուբյեկտներին կամ այդպիսի տվյալների տիրապետող անձանց ակտիվորեն համագործակցել վարույթ իրականացնող մարմինների հետ, վերջիններիս պահանջով կամ սեփական նախաձեռնությամբ կոնկրետ վարույթի շրջանակներում տրամադրել իրենց հայտնի տեղեկությունները, առկա նյութերը»։
Իր հերթին ընտրություններին է անդրադարձել նաեւ ՄԻՊ-ը: Ահա ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունը:
Նոյեմբերի 5-ին՝ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կենտրոնական և մարզային ստորաբաժանումներն ուսումնասիրել են ընտրական իրավունքի ենթադրյալ խախտումների վերաբերյալ տեղեկությունները, ինչպես նաեւ աշխատանքային խմբեր են գործուղվել մարզեր:
Ուսումնասիրվել է զանգվածային լրատվության միջոցներում, սոցիալական ցանցերում տեղ գտած՝ ընտրություններին առնչվող 52 հրապարակում:
Դրանք վերաբերել են տեղամասային կենտրոններին հարող տարածքում խմբերով հավաքվելուն, մեքենաների կուտակումներին, քվեարկության գաղտնիությանը, ընտրողներին կաշառք բաժանելուն, քաղաքացիներին ուղղորդելու դեպքերին, ընտրատեղամասերի կահավորման, ինչպես նաեւ ընտրությունների կազմակերպման եւ անցկացման հետ կապված հարցերին:
Ընտրախախտումների վերաբերյալ արձանագրված դեպքերից 16-ով բարձրացված հարցերը հաստատվել են, եւ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հետ համատեղ աշխատանքի արդյունքում արագացված ընթացակարգով ստացել են լուծում: Որոշ դեպքերում տեղամասային կենտրոններում վերացվել են նաեւ մարդկանց և մեքենաների կուտակումները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն առանձին ուսումնասիրել է նաեւ լրագրողների եւ դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկությունները: Թեժ գծին ստացված 2 բանավոր բողոքներից 1-ը վերաբերել է լրագրողական տեղեկատվություն հայցելուն, մյուսը՝ լրագրողի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելուն:
Այդ առումով, մասնավորապես, «Ցայգ» հեռուստաընկերության «Այսօր» լրատվականի նկարահանող խմբի աշխատանքներին խոչընդոտելու, ինչպես նաև Ախուրյանի թիվ 32/01 տեղամասային կենտրոնում ընտրողներին կաշառք բաժանելու վերաբերյալ տվյալները քրեական դատավարության շրջանակում ստուգման համար կուղարկվեն քրեական հետապնդում իրականացնող մարմնին:
‘