‘
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն էր տարածել այն մասին, որ գլխավոր դատախազության անբավարար վերահսկողության հետևանքով խախտվել է Վանաձորի բնակչուհու իրավունքը: Մասնավորապես, կինը Գլխավոր դատախազին հայտնել էր, որ ամուսինը կոտրել է իրենց բնակարանի դռան կողպեքը, տան իրերը հավաքել հյուրասենյակում ու այրել: Այսպիսով, համատեղ սեփականությամբ իրենց պատկանող գույքը տնօրինելու մասին վեճը դատական կարգով լուծելու փոխարեն՝ տղամարդն ինքնագլուխ որոշել է գույքի ճակատագիրը՝ կնոջը զրկելով համասեփականատիրոջ իրավունքներից: Սակայն թե′ հետաքննության մարմինը, թե′ Դատախազությունը հանցագործության մասին կնոջ հաղորդման հիման վրա մերժել են հարուցել քրեական գործ՝ պատճառաբանելով, որ վնասված ու ոչնչացված գույքը համատեղ սեփականության իրավունքով պատկանել է միայն ամուսիններին:
Տուժած կինը խնդրի վերաբերյալ դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին: Գործն ուսումնասիրելուց հետո Պաշտպան Կարեն Անդրեասյանը հայտնաբերած խախտումների մասին գրությամբ հայտնել է Գլխավոր դատախազությանը, որը, սակայն, չի ընդունել դրանց առկայության փաստը:
Այս կապակցությամբ հաղորդագրություն էր տարածել նաեւ գլխավոր դատախազությունը, որտեղ նշվում է. «ՄԻՊ-ի հայտարարությունը, թե քննիչը պետք է քննարկեր ինքնիրավչության հանցակազմի առկայության հարցը, ինչը չի արել, իսկ դատախազը պետք է վերացներ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցեր քրեական գործ, ինքնին սեփական իրավունքները սահմանազանցելուև ուղղված գործողություն է, քանի որ ՄԻՊ-ը իրեն վերապահում է գործառույթ, այն է` ցուցում է տալիս նախաքննության մարմնին և դատավարական ղեկավարում իրականացնող դատախազին, թե ինչպես պետք է որակել դեպքը, ինչպիսի քրեաիրավական նորմ պետք է կիրառել, այն դեպքում, երբ նման իրավասությամբ օժտված չէ՝ այդպիսով խախտելով ՀՀ օրենսդրությունը, քանի որ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով հստակ և սպառիչ սահմանում է, թե որ մարմիններն են իրավասու անձի արարքին տալ որևէ քրեաիրավական գնահատական»:
Մարդու իրավունքների պաշտպանը իր հերթին պատասխանել է Դատախազության հայտարարությանը՝ նշելով, որ վերջին հայտարարությամբ Գլխավոր դատախազությունը դրսևորում է իրավական անգրագիտություն կամ չարամտորեն նենգափոխում է իրականությունն ու օրենսդրական ակնհայտ կարգավորումների էությունը: «Այդ է պատճառը, որ Գլխավոր դատախազությունը հիասթափեցնում է իր հաճախակիացած խախտումներով և օրենքների անգրագետ մեկնություններով»,- նշվում է հաղորդագրության մեջ:
ՄԻՊ vs Դատախազություն պայքարը թեժանում է. Դատախազությունը անմիջապես պատասխան հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորեւ.
ՀՀ գլխավոր դատախազությունը ՄԻՊ հայտարարությանն անդրադարձել է՝ ի պատասխան լրատվամիջոցների հարցումների, բնականաբար, կանխատեսելով ՄԻՊ-ի կողմից նմանօրինակ արձագանքը: Այդուամենայնիվ, վերահաստատելով արդեն իսկ հրապարակված դիրքորոշումը, Գլխավոր դատախազությունը տեղեկացնում է, որ չի պատրաստվում մտնել նման պարզունակ և ավելի շատ, թերևս, PR-ային տարրեր պարունակող հրապարակային երկխոսությունների մեջ և այսուհետ չի պատրաստվում մեկնաբանել նման հայտարարությունները:
Վստահ ենք, որ ՄԻՊ-ի բարձր պաշտոնին հարիր չէ մասնագիտական դաշտից դուրս էմոցիոնալ և ջղաձիգ հայտարարությունների գործելաոճը: Դրական արդյունքների դեպքում հասարակությունը առանց նման հայտարարությունների էլ կտեսնի և կգնահատի արված աշխատանքը: Ըստ այդմ, այս պահին ձեռնպահ ենք մնում և անիմաստ համարում քրեական օրենսգրքի մեկնաբանությունների շուրջ քննարկումները շարունակելը, հաշվի առնելով, որ այդ մեկնաբանությունները վաղուց զետեղված են դասագրքերում: Թեման համարում ենք սպառված:
‘