‘
Ուկրաինայում Գերագույն ռադայի արտահերթ ընտրությունները կարևոր քայլ են երկրում ժողովրդավարություն հաստատելու ճանապարհին, կիրակի օրը հայտարարել է Կանադայի վարչապետ Սթիվեն Հարփերը: «Կանադան կշարունակի աջակցել Ուկրաինային, որը նոր պատմություն կերտելու ուղին է ընտրել, որտեղ Ուկրաինան բոլոր ազգերի կողմից կճանաչվի որպես ազատ, ժողովրդավարական և ինքնիշխան երկիր»,- ասել է նա:
Հարփերը նաև հիշեցրել է, որ ավելի քան 300 կանադացի դիտորդներ, այդ թվում՝ 12 պատգամավորներ, Ուկրաինայում հետևել են ընտրությունների ընթացքին:
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թուրբյորն Յագլանդը, ТАСС-ի ներկայացուցչությունում ստացված հայտարարության համաձայն՝ ողջունել է ընտրությունները: «Թեպետ վերջնական արդյունքները դեռ նոր են հայտարարվելու, այնուամենայնիվ, այսօրվա ընտրությունները ուկրաինացի ժողովրդի՝ խաղաղության, ժողովրդավարության և երկրի ամբողջականության ձգտման ակնառու ցուցադրումն էին»,- նշել է Յագլանդը: Նա նաև ողջունել է «նախագահ Պոռոշենկոյի և վարչապետ Յացենյուկի հավատարմությունը՝ անցկացնելու ժողովրդավարական բարեփոխումներ, ինչը հաստատվեց ընտրողների մեծ մասի կողմից»:
Միացյալ Նահանգների կարծիքով՝ Ուկրաինայում արտահերթ խարհրդարանական ընտրությունները ևս մեկ քայլ էին երկրի ժողովրդավարական զարգացման ուղղությամբ: Կիևում ԱՄՆ դեսպան Ջեֆրի Փայեթը և ԵԱՀԿում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Դենիել Բերը համատեղ հայտարարություն են արել, որում նշել են, թե Ուկրաինայի մայրաքաղաքում ամերիկյան դեսպանատան աշխատակիցները ընտրությունների նախօրեին եղել են 10 ընտրատեղամասերում և տեսել, որ ամենուրեք տիրում է «բարձր և դրական տրամադրություն»: Նրանք նաև նշել են, որ ԵԱՀԿ-ն «իր նախնական գնահատականները կներկայացնի մամլո ասուլիսում, որը կկայանա երկուշաբթի Կիևում»: Փոխանցում է ТАСС-ը:
‘