‘
BBC-ն, Ewronews-ը, ռուսաստանյան լրատվամիջոցներն անդրադարձել են հայաստանյան իրադարձություններին:
Մասնավորապես՝ BBC-ն գրում է. «Ի՞նչ մեղադրանքներ են ներկայացվում Սերժ Սարգսյանին: Ընդդիմությունը կարծում է, որ նա մեղավոր է Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների լարման, ինչպես նաև Հայաստանի բնակչության աղքատ շերտերի դրությունը բարելավելու ցանկության բացակայության համար: Սարգսյանին քննադատում են նաև նրա համար, որ նա սերտ հարաբերություններ է պահպանում Ռուսաստանի հետ, որտեղ ութ տարի առաջ նախագահի և վարչապետի պաշտոնների փոխանակման նույնպիսի քաղաքական մանյովրը Վլադիմիր Պուտինին թույլ տվեց մնալ իշխանության: … Դեռ նախագահի պաշտոնում եղած ժամանակ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ իր երկրորդ ժամկետի ավարտից հետո ինքը մտադիր չէ զբաղեցնել վարչապետի պաշտոնը, սակայն ապրիլի 17-ին խորհրդարանի կողմից ընտրվեց այդ պաշտոնում»:
«Երեկ Երևանում խաղաղ հանրահավաքի մասնակիցները որոշել են շարունակել քաղաքացիական բողոքի ակցիաներն ամեն օր առավոտյան, իսկ երեկոյան հավաքվել մայրաքաղաքի Հանրապետության հրապարակում: … Հայստանում զանգվածային բողոքի ակցիաներ են սկսվել երկրի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնն զբաղեցնելուց հետո: Դա վարչապետի առաջին ընտրությունն էր այն բանից հետո, երբ Հայաստանը սահմանադրական փոփոխությունների արդյունքում նախագահական կառավարման ձևից անցում կատարեց խորհրդարանականի»,- գրում է Euronews-ը:
РИА Новости-ն նույնպես նշում է, որ Երևանում շարունակվում են բողոքի ցույցերն ընդդեմ Հայաստանի նախկին նախագահ Սերժ Սարգսյանի կողմից վարչապետի պաշտոնն ստանձնելու: «Երթեր են տեղի ունենում մի քանի տարբեր վայրերում, ցույցերից մեկը մեկնարկել է Երևանի պետական համալսարանից: Ընդ որում՝ ցուցարարները մնացել են առանց առաջնորդների: … Կիրակի օրը ընդդիմության հերթական երթը կանգնեցրել էին Էրեբունիում: Ոստիկանությունը հատուկ միջոցներ էր կիրառել»:
«Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը Երևան վերադառնալուն պես երկուշաբթի գիշերը «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես մեկնել է հանդիպման կիրակի օրը ձերբակալված ընդդիմադիր «Ելք» խմբակցության պատգամավորներ Սասուն Միքայելյանի, Արարատ Միրզոյանի և Նիկոլ Փաշինյանի հետ»,- գրում է Interfax-ը: Հայաստանի խորհրդարանի մամուլի քարտուղար Արսեն Բաբայանը գործակալությանը հաղորդել է, որ խորհրդարանի խոսնակը մտադիր է «խնդրել և կոչ անել գործընկերներին, որ իրական բանակցություններ տեղի ունենան՝ իրական օրակարգով և բանակցությունների համար բնական մթնոլորտում»:
«Արա Բաբլոյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի և Սասուն Միքայելյանի հետ ո՛չ որպես խորհրդարանի ղեկավար, այլ որպես մարդ և որպես բժիշկ: Նա հուսով է, որ իր խնդրանքը՝ երկրի վարչապետի հետ իրական երկխոսություն սկսելու վերաբերյալ, ինչ-որ ազդեցություն կունենա»,- խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրությունն է մեջբերում tass.ru-ն:
‘