‘Միջին վաստակով մարդիկ պետք է մասնակից լինեն բարեգործությանը, գտնում է Ռուբեն Վարդանյանը’

697

Շատ կարևոր է ստեղծել մեխանիզմ, որը թույլ կտար միջին եկամուտ ունեցող մարդկանց մասնակցել բարեգործական նախագծերին, նախօրեին Դիլիջանում IDeA հիմնադրամի պաշտոնական բացման ընթացքում այդպիսի կարծիք է հայտնել հայտնի ձեռներեց և բարերար, միջազգային դպրոցի ստեղծման բարեգործական նախագծի հիմնադիր Ռուբեն Վարդանյանը` ԱրմԻնֆո-ին մեկնաբանելով բարեգործական ինդուստրիայում դրամական միջոցների արդյունավետ բաշխման մեխանիզմների գործարկման հավանականությունը:

«Բարեգործությունը շատ անհատական է, և ամեն մարդ ինքը պետք է որոշում կայացնի, թե ինչպես է ցանկանում տնօրինել իր արդար վաստակած գումարները: Այլ բան է, որ անհրաժեշտ է ստեղծել համակարգ, որի շրջանակներում շատ մեծ միջոցների չտիրապետող մարդիկ նույնպես կարողանան մասնակցել մեծ նախագծերի»,- ընդգծել է Ռ. Վարդանյանը` որպես օրինակ նշելով «Տաթևի վերածնունդ» նախագիծը. մեզ համար շատ կարևոր է, որ Տաթևի նախագծին մասնակցում է 146 մարդ աշխարհի տարբեր երկրներից: Ըստ որում, կարևոր չէ, թե որքան գումար են նրանք ներդրել այդ նախագծի իրականացման գործում, քանի որ նրանք ներդրում են կատարում նախագծում, որը ինչ-որ բան է փոխում Հայաստանում»,- ասել է Ռ. Վարդանյանը:

Նա նաև ընդգծել է, որ զբաղվելով բարեգործությամբ` մարդիկ պետք է վստահ լինեն, որ իրենց գումարներն ամբողջովին հասնում են հասցեատիրոջը, արդյունավետ են օգտագործվելու և ցանկալի արդյունք են տալու. «Այս պայմանները պահպանելու դեպքում բարեգործական օգնության բաշխումն ավելի դինամիկ ու նորմալ տեղի կունենա»:

Ռ. Վարդանյանը նաև նշել է, որ հասարակությունում թերի պատկերացում կա բարեգործական գործունեության էության վերաբերյալ. «շատերը կարծում են, որ դու գումար ես տրամադրել եկեղեցու կառուցման համար և այդքանով ամեն բան ավարտվում է: Սակայն, բարեգործությունը խորքային գործընթացներ է ենթադրում: Դա ժամանակի ընթացքում բարեգործական նախագծերի ֆինանսական անկախության ապահովման, նման նախագծերի միջոցով տնտեսական իրավիճակի փոփոխման գործընթաց գործի դնելու փորձ է»: 

Նախորդ հոդվածը‘Աբխազիայի վարչապետը հրաժարական է տվել’
Հաջորդ հոդվածը‘Էկոնոմիկայի նախարար. Հայաստանում կբացվի Բժշկական իզոտոպների կենտրոն’