‘
Այսօր առավոտյան լրատվություն էր տարածվել, որ լուսադեմին Վրաստանի արևելքում՝ Ուդեշի գյուղում, հրդեհվել է Վրաստանի նախկին վարչապետ Վանո Մերաբիշվիլիի տունը: Հաղորդվող լուրերի համաձայն՝ հրդեհը տարածվել է ամբողջ տնով մեկ, և հրշեջներին հաջողվել է այն մարել միայն երեք ժամ հետո: Հրդեհի հետևանքով ոչ ոք չի տուժել: Հրդեհի պատճառները դեռ հայտնի չեն: Պարզվում է, սակայն, որ հրդեհը կապ չունի Վանո Մերաբիշվիլիի հետ: Օրվա վերջում Մերաբիշվիլիի հարազատները հայտարարել են, որ իրենք նշված գյուղում տուն չունեն: Նրանք հայտարարել են, որ Ուդեշի գյուղի բնակիչների կեսը կրում է Մերաբիշվիլի ազգանունը, եւ որ գյուղում իրոք հրդեհ է եղել, բայց դա իրենց հետ որեւէ կապ չունի:
Հիշեցնենք, որ Մերաբիշվիլին այժմ գտնվում է կալանքի տակ և մեղադրվում է ընտրակաշառքներ բաժանելու և ծառայողական դիրքի չարաշահմամբ վատնումների և միջոցների յուրացման մեջ: Նա նաև մեղադրվում է 2011թ. ցույցերը ցրելիս ծառայողական լիազորությունները գերազանցելու և դաժանություն դրսևորելու մեջ:
‘