‘Միքայել Դանիելյան. Եվրոպայի Խորհուրդը մեռած մարմին է ‘

1497

Նախօրեին Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովն ընդունեց գերմանացի խորհրդարանական Քրիստոֆ Շտրեսսերի հեղինակած բանաձեւը, որով սահմանվում է, թե ովքեր են համարվում քաղբանտարկյալներ: Բանաձեւն արդեն հրապարակվել է ԶԼՄ-ներում եւ հասանելի դարձել հանրությանը:

Ilur.am-ի հարցերին պատասխանում է Հելսինկյան ընկերակցության նախագահ Միքայել Դանիելյանը

— Պարոն Դանիելյան, ՀՀ Նախագահի 2008 թ. ընտրություններից հետո, երբ ազատազրկվեցին ընդդիմության հարյուր հիսուն ակտիվիստներ, Համաժողովրդական շարժման ղեկավարները հետեւողականորեն պայքարում էին, որ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովը բանաձեւ ընդունի եւ այդ մարդկանց ճանաչի որպես քաղբանտարկյալներ: Այն ժամանակ բանաձեւ չընդունվեց, միայն ԵԽ Մարդու իրավունքների նախկին հանձնակատար Թոմաս Համարբերգը Հայաստան կատարած այցերից հետո նրանց ճանաչեց որպես խղճի բանտարկյալներ: Ինչո՞վ է պայմանավորված ԵԽԽՎ-ի բանաձեւի ընդունումն այս օրերին:

— Դեռեւս 2001 թվականին, երբ Հայաստանը նոր էր անդամակցել Եվրախորհրդին, ԵԽ առանձին պատգամավորներ աշխատում էին, որ ընդունվի բանաձեւ, որի չափանիշների համաձայն էլ պարզ կլինի, թե ովքեր են քաղբանտարկյալներ: Այն ժամանակ Հայաստանի եւ Ադրբեջանի հարցերով ԵԽ-ում զեկուցողները նույն մարդիկ էին: Քանի որ այդ ժամանակ չկար Եվրախորհրդի բանաձեւ կամ որոշում, որով սահմանված լիներ, թե ովքեր են քաղբանտարկյալները, Թոմաս Համարբերգը նրանց անվանեց խղճի բանտարկյալներ: Այն ժամանակ բոլոր իրավապաշտպանները աշխատում էին՝ ելնելով «Amnesty international» («Միջազգային համաներում») կազմակերպության զեկույցների չափանիշներից: Իսկ այդ կազմակերպության սահմանած չափանիշները չէին հակասում քաղբանտարկյալի համար սահմանված չափանիշներին: Մինչդեռ քաղբանտարկյալը տարողունակ հասկացություն է: Թեեւ խղճի բանտարկյալն էլ նույն քաղբանտարկյալն է, բայց կան քաղբանտարկյալների տարբեր խմբեր: Նույն Համաժողովրդական շարժման ակտիվիստները, որոնք կալանավորվել էին, խղճի բանտարկյալներ էին: Այն ժամանակ նման բանաձեւ չընդունվեց ԵԽԽՎ-ում, որովհետեւ Հայաստանի հարցով զեկուցողներ Ժորժ Կոլումբիեն եւ Ջոն Պրեսկոտը կոռումպացված չինովնիկներ էին, իսկ գերմանացի խորհրդարանական Քրիստոֆ Շտրեսսերը, որը քաղբանտարկյալների հարցերով էր զբաղվում, հետեւողական գտնվեց: Նա իսկապես ժողովրդավար է: Ես հետեւում էի, թե ովքեր են կողմ քվեարկել եւ ովքեր՝ դեմ: Դեմ էին քվեարկել Ադրբեջանի, Ռուսաստանի պատվիրակները:

— Չե՞ք կարծում, որ Եվրոպայի խորհուրդը այդ կերպ փորձեց ազատվել այն խոչընդոտներից, որոնք տարիներ շարունակ հարուցում էին ԵԽ անդամ որոշ պետություններ՝ խախտելով մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները:

— Եվրոպայի խորհուրդը ցույց տվեց, որ ինքը մեռած կազմակերպություն է, հակառակ դեպքում՝ այն երկրները, որի պատվիրակները դեմ էին քվեարկել այդ բանաձեւին, պետք է հեռացված լինեին: Հենց Հայաստանի ԱԺ պատգամավորներից երկուսի՝ Զարուհի Փոստանջյանի եւ Արմեն Ռուստամյանի ելույթները իմ ծիծաղը շարժեցին: Զարուհի Փոստանջյանը խոսում էր Վրաստանից Վահագն Չախալյանի, իսկ Արմեն Ռուստամյանը՝ Ադրբեջանի քաղբանտարկյալների մասին: Եթե նայում ենք ԵԽԽՎ բանաձեւը, ապա «Եհովայի վկաները», ըստ այդ բանաձեւի չափանիշների, համարվում են քաղբանտարկյալներ կամ խղճի բանտարկյալներ: Ինչո՞ւ նրանց մասին չեն խոսում:

— Կարո՞ղ ենք հուսալ, որ այդ բանաձեւի ընդունումից հետո Եվրոպայի Խորհուրդը ավելի մեծ հետեւողականություն կցուցաբերի՝ Հայաստանի իշխանություններից պահանջելով բացահայտել Մարտի 1-ի դեպքերը:

— Ես չեմ հավատում: Կրկնում եմ, Եվրոպայի Խորհուրդը մեռած մարմին է, ինչպես՝ ՄԱԿ-ը, ԵԱՀԿ-ն, Եվրամիությունը: Նրանք պետք է ենթարկվեն լուրջ տրանսֆորմացիաների:

— Փաստաբան Վահե Գրիգորյանը հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի՝ պետական պաշտոնյան, որի սխալի հետեւանքով Մարդու իրավունքների եվրոպական դատարանը պետական բյուջեի վրա դնում է փոխհատուցման պարտավորություն, իր գրպանից վերականգնի բյուջեի այդ կորուստը: Կարո՞ղ է այդ տարբերակը պահանջված եւ գործուն մեխանիզմ լինել դատաիրավական համակարգն ու պետական կառավարման համակարգը վերափոխելու հարցում: Կսատարե՞ ք այդ նախաձեռնությանը:

— Ես ծանոթ չեմ այդ նախաձեռնությանը, բայց եթե Վահե Գրիգորյանն է առաջարկում, կարծում եմ, որ ինքը հաշվարկել է բոլոր քայլերը, ծանոթ է այլ երկրների նախադեպերին: Վահե Գրիգորյանն այն փաստաբանն է, որը նման քայլ նախաձեռնելիս չի առաջնորդվի քաղաքական դիվիդենտներ շահելու նկատառումներով: Ես պայքարում եմ կառավարության կայացրած հակաօրինական գործունեության դեմ, եւ ստացվում է, որ պետք է, որպես հարկատու վճարեմ նրա կայացրած որոշումների համար: Ինչո՞ւ:
Եթե Եվրախորհուրդը շահագրգռված էր, որ Հայաստանում հարգվեն մարդու իրավունքները, պետք է սանկցիաներ կիրառեր Հայաստանի նկատմամբ: Չէ՞ որ ԵԽ-ին անդամակցելիս ՀՀ-ն պարտավորություն էր ստանձնել ազատել կալանավորված խղճի բանտարակյալներին: Ինչո՞ւ են Եհովայի վկաներին ազատազրկում. դա հակասում է ՄԻԵԿ-ի խղճի եւ կրոնի ազատության մասին հոդվածներին:
Ի դեպ, բանաձեւում կա դրույթ նաեւ ահաբեկչական խմբերի մասին: Եթե առաջնորդվենք ԵԽԽՎ բանաձեւի չափանիշներով, ապա Նաիրի Հունանյանին ու իր խմբի անդամներին էլ պետք է համարենք քաղբանտարկյալ: Պարզաբանեմ, թե ինչու: Մինչեւ հիմա չեն բացահայտվել Հոկտեմբերի 27-ի պատվիրատուները, նրանք չեն կալանավորվել եւ չեն դատապարտվել: Դատաքննությունը չի բացահայտել, թե ովքեր են պատվիրատուները: Այս համատեքստում Նաիրի Հունանյանի եւ իր ընկերների իրավունքները մի մասով խախտված են: Եվ կապ չունի, որ այն ժամանակ, երբ տեղի է ունեցել այդ ոճրագործությունը, Հայաստանը դեռ չէր անդամակցում Եվրախորհրդին: Այն ժամանակ կային Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի արձանագրությունները: Ես այդպիսով հետամուտ եմ, որ բացահայտվի Հոկտեմբերի 27-ը:

— Ի վերջո, այս բանաձեւը սպառի՞չ պատասխան է տալիս այն հարցին, թե ովքեր են քաղբանտարկյալները, եւ քաղաքական կուսակցությունները, կոնյունկտուրայից ելնելով, չեն կարող շահարկել այն:

— Ես համարում եմ, որ շատ նորմալ բանաձեւ է, քանի որ այն կազմվել է՝ ելնելով «Human Rights Wotsch» կազմակերպության չափանիշներից եւ համապատասխանում է միջազգային չափանիշներին:

Զրուցեց ԹԱԳՈՒՀԻ ՀԱԿՈԲՅԱՆԸ

Նախորդ հոդվածը‘Լեւոն Զուրաբյանը հանդիպել է Անդրես Հերկելին ‘
Հաջորդ հոդվածը‘Տնտեսագետ. 2011 թվականի բյուջեի կատարողականը ունեցել է զուտ սոցիալական նշանակություն ‘