‘Միքայել Դանիելյան. Մարտի 1-ի հարցով ՄԱԿ-ի գործելաոճը անբարոյական է’

1302

Քաղաքացիական և քաղաքական իրավունքների կենտրոնի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Վինսենտ Պլոտոնի խոսքով՝ Հայաստանը չի կատարել մարտիմեկյան իրադարձությունների հետաքննության մասով ՄԱԿ-ի հանձնարարականները, մասնավորապես` իրավապահների կողմից բռնության կիրառման և նրանց անպատժելիության վերաբերյալ կետերը:

Իրավապաշտպան Միքայել Դանիելյանը, iLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս հարցին, նշեց, որ այդ հանձնարարականները չիրականացնելու դեպքում Հայաստանը ոչ մի պատասխանատվության չի ենթարկվելու: «Որքան էլ, որ ցավալի է, բայց  փաստ է՝ սա ՄԱԿ-ի գործելաոճն է: Ես միշտ էլ նման գործելաոճը որպես անբարոյական եմ որակել»,- նշեց իրավապաշտպանը:

«Այն մարդիկ, ովքեր տվել են այդ հանձնարարականները, միգուցե, այո՛, իսկապես ցավում են եւ ուզում են դա անել, բայց ՄԱԿ-ի մեխանիզմները, ցավոք, չաշխատող են: Իրական պատժամիջոցներ դրա տակ ես չեմ տեսնում: Գուցե, երբ ինչ-որ մի միջազգային ֆոնդ ուզենա Հայաստանին տալ ինչ-որ կրեդիտ, կտեսնի այդ զեկույցը եւ համոզվելով, որ Հայաստանը վատ երկիր է, չի տա: Շատ հեռու ապագայում, այո՛, դա վատ կանդրադառնա Հայաստանի վրա»,- ընդգծեց Միքայել Դանիելյանը: Նա նշեց նաեւ, որ իրական մեխանիզմներ, որոնք սուր ձեւով ազդեցություն կունենան, գոյություն չունեն: «Այսինքն՝ դրանք սանկցիաներ չեն: Շատ լավ կլիներ, որ մարտի 1-ի հարցով նույնը աներ Եվրամիությունը, Եվրախորհուրդը կամ Պետդեպարտամենտը, քան թե ՄԱԿ-ը»,- հավելեց նա:

Մանրամասն անդրդառնալով վերոնշյալ կառույցներին՝ իրավապաշտպանը նշեց. «Օրինակ՝ Պետդեպը տարիներ առաջ երկար խոսել էր այդ մասին, իսկ նրա կողմից կիրառվելիք սանկցաիները կարող էին լուրջ լինել, սակայն Միացյալ նահագները չցանկացան դա անել: Իսկ Եվրամիությունը եւ Եվրախորհուրդը դեռ այն ժամանակվանից լուրջ մոտեցումներ չցուցաբերեցին մարտի 1-ին կատարված դեպերի շուրջ: Նշեմ նաեւ, որ նույն ԱՄՆ-ում այս հարցի շուրջ կան տարբեր մոտեցումներ. ոմանք պնդում էին, որ շտապ պետք է պատժամիջոցներ կիրառել Հայաստանի դեմ, իսկ ոմանք՝ հակառակը: ԱՄՆ-ում մեծ դեր խաղաց նաեւ հայկական լոբբին, որը մեծ հնարավորություններ ունի:

Այն ժամանակ դեռեւս կար հայ-թուրքական հարցը, եւ Սարգսյանին այդ խաղը խաղալու հնարավորություն տրվեց: Ես հույեր չունեմ, որ մարտի 1-ի հարցը կլուծվի. ցավոք, շատ ժամանակ է անցել: Սակայն ասեմ, որ դեռեւս ճշմարտությունը պարզելու եւ երես հանելու հնարավորություններ կան, քանի որ բոլոր այն ժամանակվա քաղաքական դաշտում խաղացողները մինչեւ հիմա մնացել են»,- հավելեց Միքայել Դանիելյանը: 

Նախորդ հոդվածը‘Գերմանացի մրցավարները դժգոհում են Գվարդիոլայի պահվածքից’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն երգում ու պարում է Ատլետիկոյի դեմ ջախջախիչ պարտությունից հետո (տեսանյութ)’