‘
2.7 մլն-ից 1 մլն մարդ աղքատ է Հայաստանում. սա ստորացուցիչ է եւ մեզ պատիվ չի բերում: 240 հազար մարդ ստանում է նվազագույն աշխատավարձ, իսկ մեր երկրում ընդամենը աշխատում է 550 հազար մարդ: Այսինքն՝ 1 աշխատողը պահում է 1 թոշակառուի: 25-30 հազար դրամ թոշակով հնարավո՞ր է ապրել, հնարավո՞ր է ուսման վարձ վճարելը, դեղեր առնել՝ ո՛չ: Ինչու՞ պետք է եւ՛ փոքր, եւ՛ միջին, եւ՛ խոշոր բիզնեսում ներդրումներ չկատարեն: Հարց ենք տալիս կատավարությանը՝ արդյո՞ք դուք երաշխավորում եք ներդրումների անվտանգությունը. որեւէ պատասխան չունենք: Այս մասին Վանաձորում ընթացող ընդդիմադիր ուժերի հանրահավաքի ժամանակ հայտարարեց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
«Մենք կառավարությանը ասում էինք, որ հարկային բեռը իջեցնի՝ նա արեց, սակայն զուգահեռ մտցրեց փաստաթղթավորման պահանջը: Եթե խոշոր բիզնեսը երկու ամիս փոքրին չտա այդ փաստաթղթերը՝ փոքրը փակվելու է, որովհետեւ նա շրջանառություն չունի եւ չի կարողանա դիմանալ: Հաջորդ խնդիրը՝ վարկային տոկոսադրույքերն են: Ի՞նչ է եղել, որ 16-ից 24 տոկոս վարկեր եք տալիս, այդ ի՞նչ բիզնես կա, որ 24 տոկոս շահութաբերություն ունի: Իշխանությունը կարող է լուծել այս խնդիրները, բայց չի անում, քանի որ դրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք եւ աշխատանքի ճիշտ կազմակերպում: Քառյակը 12 կետեր էր առաջադրել կառավարությանը, որոնց վերաբերյալ կառավարությունը հստակ պատասխան չտվեց: Այդ կետերը քննարկվելու են հոկտեմբերի 10-ին»,- նշեց Միքայել Մելքումյանը՝ խոստանալով, որ այս անգամ անպայման կլինեն համակարգային փոփոխություններ:
‘