‘Միքայել Մելքումյան. Հայաստանին պետք են արմատական տնտեսական բարեփոխումներ’

2845

Մարդը դեռևս իր գործարքը չի ավարտել, ինքը ներկրում է ապրանքներ, դրանք դեռևս չի իրացրել, բայց պետությունը միանգամից սահմանի վրա գանձում է: iLur.am-ի հետ զրույցում «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսպես է բացատրում  ՀՀ օրենքում «Ավելացված արժեքի հարկի մասին» փոփոխություններ կատարելու մասին իր ներկայացրած նախաձեռնության ընդունման անհրաժեշտությունը, որը, սակայն, կառավարության այսօրվա նիստում մերժվեց:

Փոփոխություններից մեկը վերաբերում է ԱԱՀ գանձումը ՀՀ մաքսային սահմանին 90 օրով հետաձգելուն, մյուսով առաջարկվում է ԱԱՀ վճարումը երեք տարով հետաձգել ոչ թե 300, այլ 200 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի դեպքում։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը, մասնավորապես, նշել է, որ պատգամավորի առաջարկը համահունչ է կառավարության պատկերացումներին` ավելացված արժեքի հարկը սահմանից տեղափոխել ներքին տնտեսություն։ «Հարցի լուծման գաղտնիքն այն է, որ մեզ անհրաժեշտ է լինելու 90 մլրդ դրամ, որովհետև այն պահից, երբ մենք սահմանին չենք գանձում ԱԱՀ-ն, մինչև այն պահը, երբ կարող ենք տնտեսությունից այդ հարկը հավաքել, կարող է անցնել 1-3 տարի,- ասել է Տիգրան Սարգսյանն ու հավելել,- դրա համար քաղաքական առումով առաջարկը ճիշտ է, և դա բխում է նաև կառավարության ռազմավարությունից, և մենք պետք է տարիների ընթացքում քայլ առ քայլ այս խնդիրը լուծենք»:

Սահմանի վրա ավելացված արժեքի հարկ գանձելու օրենքի նախագիծն ընդունվել է դեռևս 1997 թվականին: Մելքումյանի խոսքով՝ այդ տարիներին մեր հարկային համակարգը, հարկային վարչարարությունը, օրենսդրությունը կատարյալ չեն եղել, սակայն տարիների ընթացքում կատարելագործվել են, այժմ նոր գործիքներ են կիրառվում, իսկ սահմանի վրա ԱԱՀ գանձումը նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները, ըստ էության, վարկավորում են պետությանը:

«Ժամանակին գուցե դա արդարացված էր, որովհետև կայացած համակարգ չկար, կար ստվերային տնտեսության ավելի մեծ ծավալ և այլն, իսկ հիմա, երբ մենք ժամանակակից գործիքներ ենք կիրառում, ժամանակն է սա անել՝ հաշվի առնելով հատկապես հետճգնաժամային փուլի խնդիրները: Շրջանառու միջոցներից տնտեսվարող սուբյեկտներին մենք զրկում ենք այն ժամանակահատվածում, որի ընթացքում ինքը պետք է  իր ապրանքանյութական արժեքները կա՛մ իրացնի, կա՛մ էլ դրանից ապրանք արտադրի: Սա նշանակում է, որ տնտեսվարողին դնում ենք շատ վատ ֆինանսական վիճակի մեջ: Փաստորեն, պետությունը տոկոսներ չի տալիս տնտեսվարողին այդ վարկավորման համար»,- ասաց Մելքումյանը:

Նա հիշեցրեց, որ ինքը դեռևս կառավարության ծրագրի ընդունման ժամանակ այս հարցերը ուղղել է վարչապետին, վերջինս իսկապես ասել է, որ ինքը համաձայն է, որ վարկ է տրվում տնտեսվարողների կողմից պետությանը, բայց պետք է բուֆերային 150 միլիոն դոլար:

«Եթե, ասենք, հունվար-փետրվար ամիսներին ապրանք է ներկրվում, ԱԱՀ-ն սահմանին չի գանձվում, իրացնելուց հետո է գանձվում: Նշանակում է՝ ինչ-որ մի ժամանակ պետական բյուջեով նախատեսված ծախսերը հետաձգվում են, դրա համար ես նախատեսել եմ, որ դա կիրառվի 2014 թվականի հունվարի 1-ից, նոր բյուջետային տարին սկսելուց առաջ մենք դա պլանավորենք, և նախնական 90 օրով հետաձգենք: 90 օրը մի եռամսյակ է, ես հաշվել եմ, որ Հայաստանը ներկրող երկիր է, մենք ներկրում ենք, 2012 թվականի տվյալներով՝ 4,2 միլիարդ դոլարի ապրանք, արտահանում ենք ընդամենը 1,4 միլիարդի, այսինքն՝ ներկրման ծավալներից կախված են մեր պետական բյուջեի մուտքերը, բայց մաքսատուրքերով թող գանձվի, իսկ ԱԱՀ-ն տնտեսական գործիք է, բիզնեսին դրանով խփում ենք, դրա համար ես ասել եմ՝ հետաձգենք, ես հաշվել եմ, որ ներկրման որոշակի մեծ ծավալը սնունդ ու առաջին անհրաժեշտության շատ ապրանքներ են, որոնք 90 օրվա ընթացքում անպայման կիրացվեն»,- նշեց Մելքումյանը:

Նրա խոսքով՝ սննդի կամ առաջին անհրաժեշտության ապրանքերի ներկրվող ծավալի մեծ մասը մեկ եռամսյակում կիրացվի: «Հենց պետության ճկունությունն այն է, որ ինքը կարողանա իր պատվերն այնպես պլանավորի, որպեսզի կարողանա այդ հարցերը լուծել: Լավ է, որ վարչապետն ընդունել է, որ համահունչ է դա իրենց ծրագրերին, բայց ես կողմակից եմ, որ դա շատ արագ կիրառվի, որովհետև հետճգնաժամային փուլում պետք է շատ արմատական քայլեր կատարել և չհետաձգել: Հայաստանին պետք են արմատական տնտեսական բարեփոխումներ»,- նշում է Մելքումյանը:

Ինչ վերաբերում է նրա երկրորդ առաջարկին՝ ԱԱՀ վճարումը երեք տարով հետաձգել ոչ թե 300, այլ 200 մլն դրամը գերազանցող ներդրումային ծրագրերի դեպքում, ապա Մելքումյանն այս նախաձեռնության անհրաժեշտությունը բացատրում է նրանով, որ երբ 300 միլիոն դրամի շեմը սահմանվել է, դոլարի փոխարժեքը շատ ցածր է եղել, և երկրորդ՝ Հայաստանի նման փոքր տնտեսություն ունեցող երկրում 300 միլիոնը կարող է լուրջ գործիք լինել՝ խթանելու համար ներդրումային գրավչությունը: Պատգամավորը վստահեցրեց՝ հետամուտ է լինելու, որ անպայման այս օրենսդրական նախաձեռնությունները չհետաձգեն, քննարկվեն, որովհետև տնտեսվարողները սպասում են այդ լուծումներին: 

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի պաշտոնանկության իրավաքաղաքական հիմքերի հռչակագիրը’
Հաջորդ հոդվածը‘Հարավային Ամերիկայի երկրներն արտակարգ գագաթնաժողով են հրավիրել’