‘Միքայել Մելքումյան. Նվազագույն աշխատավարձը շատ հեռու է նվազագույն կենսապահովման պարենային զամբյուղից ‘

990

Նվազագույն աշխատավարձը, որը 35 000 դրամ է սահմանվել, շատ հեռու է նվազագույն կենսապահովման պարենային զամբյուղից, և մենք ձեռնպահ քվեարկեցինք՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2500 դրամն այս փուլում մեր ժողովրդի համար նշանակություն ունի, բայց ըստ էության՝ այն որևէ լուրջ հարց չի կարող լուծել: Ինչպես հայտնում է iLur.am-ի թղթակիցը՝ այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր, ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: 

««Եվրոստատ» միջազգային վիճակագրական կազմակերպության տվյալներով՝ նվազագույն աշխատավարձի չափով Հայաստանը վերջին տեղում է եվրոպական, այդ թվում՝ ԱՊՀ երկրների ցանկում: Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ Հայաստանում արդյունաբերական ձեռնարկություններում տարեկան միջին ցուցանիշը 10 միլիոն դրամի սահմաններում է: Եթե մենք դա միջինացնենք օրական կտրվածքով՝ մեկ օրվա ընթացքում արդյունաբերական կազմակերպությունում աշխատող մեկ աշխատողն արտադրում է շուրջ 60 դոլարի արտադրանք», — ասաց Մելքումյանը՝ հավելելով, որ եթե մեկ աշխատողը արդյունաբերական ձեռնարկությունում արտադրում է 18 հազար դրամ՝ օրական, ապա նրա շահութաբերությունը տատանվում է 10-ից 15 տոկոսի սահմաններում: 

Եթե այդքանից հանենք հարկերը, էլեկտրաէներգիայի ծախսը, գազը կամ նյութական ծախսումները, ապա, ըստ Մելքումյանի, տակը հազիվ աշխատավարձ վճարելու համար կարող է մնալ 3-4, լավագույն դեպքում՝ 5 հազար դրամ օրական: 

«Դրան եթե համակցում ենք այսօրվա գնաճի մակարդակը, տեսնում ենք, որ ստեղծվել է մի բացասական ֆոն՝ ներդրումային գրավչության առումով: Եթե 2000-ականներին մարդիկ աշխատում էին շինարարությունում՝ օրական վարձատրվելով 3000-5000 դրամով, այսօր արդեն արդյունաբերական ձեռնարկություններում այդ գումարով մարդիկ համաձայն չեն աշխատել, առաջանում է վակուում: Քանի դեռ Հայաստանում չենք հաղթահարել աշխատավարձային դատարկության այս փուլը, հաջողություն չենք կարող ունենալ», — ընդգծեց Մելքումյանը: 

Պատգամավորն օրինագծին ձեռնպահ քվեարկելու մի քանի պատճառներ էլ թվարկեց՝ ասելով, որ ԲՀԿ-ն չի ընդունում կառավարության տնտեսական զարգացման մոդելը: 

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25-ին 65 կողմ, 7 դեմ, 25 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 2500 դրամով ավելացնելու նախագիծը:

 

Նախորդ հոդվածը‘Իսլամական խիստ կանոնները սպառնում են թուրքական լողափներից դուրս մղել «սովորական» այցելուներին’
Հաջորդ հոդվածը‘Բիլ Քլինթոնի համակուրսեցի՝ Ֆիլիպինների նախկին նախագահին դատում են’