‘
Ելույթ ունենալով Կառավարության ներկայացրած «ՀՀ կառավարության կառուցվածքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ՝ ԱԺ ԲՀԿ խորհրդարանական խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը հայտարարեց, որ «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը ձեռնպահ է քվեարկելու օրենքի նախագծին:
«Պետք է հասկանալ, որ էսպես բերել ինչ-որ պահի, առանց հայեցակարգի, առանց ամբողջական կառավարման համակարգի և քայլերի հաջորդականություն ունենալու, սա կարծես թե տեղին չէ»:
Մ.Մելքումյանը նշեց, որ հարկավոր է, նախ, քաղաքական գնահատական տալ: «Կառավարությունները փոխվում են, քաղաքական մեծամասնությունը մնում է նույնը: Ուրեմն, եթե էդպես է վիճակը, ուրեմն՝ քաղաքական մեծամասնությունը պետք է գնահատական տա կառավարությունների գործունեությանը: Հիմա, տվյալ դեպքում, այս նոր կառուցվածքների ձևավորումը, ստեղծումը նշանակում է, որ Կառավարությունը նոր խնդիրներ է դրել իր առաջ և փորձում է նոր մարտահրավերներին նոր գործիքներով լուծում տալ: Դա նորմալ է: Բայց մենք պետք է իմանանք, թե է՛լ ինչ է լինելու, այսինքն՝ հատվածային չլինի: Եթե տարածքայինը միանում է արտակարգ իրավիճակների հետ, նշանակում է՝ այլ կառույցներ կան, որ նույնպես պետք է գնանք… եկեք ամբողջության մեջ նայենք: Օրինակ՝ սոցիալականը և առողջապահությունը, տեղի՞ն է, թե՞ չէ, որ միավորվեն»,- նշեց Մելքումյանը:
‘