‘Մի ամբողջ պետություն չի կարողանում զսպել մի օլիգարխի մտքի թռիչքները. Մամուլ’

1589

«Այն, ինչ կատարվում է Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող «Փակ շուկայի» հետ, ցույց է տալիս, որ մենք, որպես այդպիսին, պետություն չունենք: Մի ամբողջ պետություն չի կարողանում զսպել մի օլիգարխի մտքի թռիչքները»,- այսօրվա խմբագրականում գրում է «Հայկական ժամանակը»` հավելելով. «Փակ շուկան, ինչպես հայտնի է, հուշարձան շենք է, որ պահպանվում է պետության կողմից և ըստ գործող օրենսդրության, այդ շենքի հետ կատարվող ցանկացած փոփոխություն պետք է իրականացվի մանրակրկիտ կազմված, մասնագիտական և հասարակական լայն քննարկում անցած նախագծերի հիման վրա: «Փակ շուկայի» սեփականատեր, Աժ պատգամավոր Սամվել Ալեքսանյանը արդեն մեկ տարի շենքը ձևում է իր ճաշակով, իսկ մի ամբողջ պետություն փորձում է արդեն կատարված փաստին համապատասխան նախագծեր կազմել: … Այսինքն, մշակույթի նախարարությունում քաջ գիտեն, որ շինարարությունն ապօրինի է, քաջ գիտեն նաև քաղաքապետարանում, քաղաքաշինության նախարարությունում, «պետական այլ մարմիններում», բայց չեն կարողանում, հասկանում եք, դրա դեմն առնել: Ոչ մի կերպ չեն կարողանում: Դե, ասում ենք, էլի, պետություն, որպես այդպիսին, Հայաստանում չկա, և, ամեն ինչ, այդ թվում նաև «Փակ շուկայի» կառուցապատումը, որոշում է մի առանձին վերցրած օլիգարխ: Իսկ սա նշանակում է, որ պետական պաշտոնյաները անողնաշար վախկոտներ են կամ էլ կաշառված են, կամ էլ երկուսը միասին` կաշառված անողնաշարներ: Ի դեպ, 2012թ. նոյեմբերի վերջին Երևանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանը ասուլիսի ժամանակ փորձում էր մեզ համոզել, թե «Փակ շուկայի» միայն վերջին` այսպես կոչված «մսի պասաժն է» վերակառուցվելու: Իսկ այդ «մսի պասաժը» գտնվում է շուկայի ամենավերջում Իրականում սակայն ,արդեն իսկ կառուցապատված է շուկայի տարածքի կեսը: Հիմա մնում է գուշակություններ անել, թե որտե՞ղ է ավարտվում շուկայի կառուցապատման հարցում Լֆիկի ֆանտազիան: Գուցե մի օր առավոտյան նա որոշի շուկայի տեղում մի 20 հարկանի շուշաթղթած «էլիտա՞ր» կառուցել»:

Նախորդ հոդվածը‘Նախագահի թեկնածուի բաց նամակը. Շարժում, որի առաջնորդները կլինեն Պարույր Հայրիկյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը և Հրանտ Բագրատյանը, հաջողությամբ կպսակվի’
Հաջորդ հոդվածը‘Նալբանդյանն դիտորդների աչքին թոզ է փչե՞լ. Մամուլ’