‘
Մոտ օրերին Երեւանում սպասվող Էրեբունի-Երեւան ամենամյա տոնակատարությունների մեկնարկից առաջ քաղաքապետարանը ներկայացրեց սեփական դիզայներների հերթական «գլուխգործոցը»՝ տոնակատարությունների պաշտոնական խորհրդանիշը: Այն առաջացրեց համացանցային հանրության ծաղրն ու վրդովմունքը: «Ֆեյսբուքում» թեայի շուրջ քննարկումներ ծավալվեցին, որոնց ընթացքում, սովորականի նման, քաղաքապետարանի մանր ու միջին մի շարք պաշտոնյաներ հանդես եկան «ինչ էլ անենք՝ դժգոհ եք» տիպի մեկնաբանություններով: Բանն այն է, որ մի խումբ «ջղայն դիզայներներ» Վահան Բալասանյանի գլխավորությամբ միանգամայն անվճար քաղաքապետարանին էին տրամադրել Երեւանի տարվա խորհրդանիշի իրենց մշակած տարբերակները: Եւ սրանք ավելի էին դուր եկել մարդկանց, քան քաղաքապետարանի հաստատած լոգոտիպերը: Թեմայի շուրջ իր կարծիքը հայտնի բլոգեր Օվանիտասը ներկայացրեց չափածո ոճի մեջ, իսկ ՖԲ շատ օգտատերեր իրենց անձնական լուսանկարը (յուզեռպիկ) դարձրին Ջղայն դիզայներների առաջարկած այլընտրանքային տարբերակը:
Իսկ Ջղայն դիզայներները ավեի վաղ ռուսալեզու բլոգում ներկայացրել էին պատմության նախապատմությունը, որից մի հատված iLur.am-ը թարգմանաբար ներկայացնում է:
Հարցրեք ՝ ինչո՞ւ եմ ջղայն:
Ի պատասխան, ես ձեզ մի պատմություն կպատմեմ: Պատմություն՝ լեցուն մոգական շրջադարձերով ու կանխատեսելի ավարտով: Պատմություն՝ բանականության ու գրոտեսկի միջեւ պայքարի մասին: Կարճ ասած՝ պատմություն կյանքից:
Այն սկսվեց վերջերս՝ կես տարի առաջ, երբ մենք՝ Ջղային Դիզայներներս, վերջնականապես ջղայնացանք ու որոշեցինք վերջ տալ մեր քաղաքապետարանի գեղացիական հնարքներին ու ցույց տալ, որ մեր քաղաքում դիզայներներ կան, որոնք անտարբեր չեն:
Թեպետ, չէ, ստում եմ: Այս պատմությունը սկսվել է վաղուց՝ նախորդ դարի 20-ականներին: Երբ նոր եկած խորհրդային իշխանությունը որոշեց, որ Էրիվանը պետք է մայրաքաղաք դառնա: Այդպես, այն դարձավ Երեւան՝ ավելի առնական անունով: Բայց ինչպես էլ նավն անվանակոչես, եթե դրա հատակը ծակ է, ու եթե դա նավ չէ, այլ մեծ գյուղ՝ քաղաք չի դառնա:
Եւ խորհրդային իշխանությունը, հրավիրելով լավագույն ուղեղներին, ստանձնեց խնդրի լուծումը: Լուծումը պարզ էր. որպեսզի մեկընդմիշտ գյուղը վերածվի քաղաքի, պետք է չվարանել եւ գետնին հավասարեցնել գյուղը, ու քաղաք կառուցել: Այնպիսի քաղաք, որն իր խուլ գյուղական անցյալի մասին չի էլ հիշի:
Պլանը փայլուն կերպով իրագործվեց: Փոշոտ ետնախորշերի տեղում զրոյից կառուցվեց վարդագույն գեղեցկուհին: Մթին անցյալից միայն դրական նմուշները պահպանեցին: Որպեսզի պատմություն լինի: Ինչպիսին որ պետք է: Քաղաքաստեղծ:
Իհարկե, քաղաքն ստեղծողները հասկանում էին, որ միայն նոր շենքերով գյուղը քաղաք չես դարձնի՝ պետք է աշխատել մարդկանց հետ: Որն էր այդ ժամանակվա լավ կողմը. գլոբալ խնդիրների համար ոչ ժամանակ, ոչ էլ միջոցներ չէին խնայում: Որովհետեւ միջոցներ կային, իսկ հեռանկարներն ու ակնկալվող շահը պարզ էին:
Եւ ահա, 50 տարի անընդմեջ, համբերատար ու անշեղորեն, սոցիալիստական կոփված երկաթով դուրս քաշեցին գեղցիությունը քաղաքի միջից: Բերեցին (ով չէր ուզում՝ աքսորեցին) գիտնականների, նկարիչների, պոետների, ինժեներների: Կառուցեցին ակադեմիաներ եւ գործարաններ: Օպերա եւ թատրոններ: Սովորեցրին/ստիպեցին բնակարաններում օգտվել զուգարաններից եւ նույնիսկ՝ օգտվելուց հետո ջուրը քաշել: Եւ՝ չթքել մայթին: Նպատակին հասնելու համար անգամ գաղափարախոսությանն արմատապես հակասող քայլեր ձեռնարկեցին՝ թույլատրեցին ջազը, ժամանակակից արվեստը, արտասահմանյան հայրենադարձներին ու մի քիչ էլ այլախոհություն:
Մի խոսքով, արվեց ամեն ինչ, որպեսզի գեղը մոռացվի: Եւ նախագիծը հաջողվեց: Երեւանը դարձավ քաղաք, որով հպարտանում էր այնպիսի երկիր, ինչպիսին ԽՍՀՄ-ն էր: Մշակութային-լուսավորական էքսպերիմենտի հաջողված օրինակ:
Իսկ հետո մեծ եղբայրը թուլացավ ու մեռավ: Նրա երկաթե բռունցքը թուլացավ ու բացվեց: Եւ առանց հսկողության մնացած քաղաքում կամաց-կամաց սկսեց արթնանալ գեղը: Սկզում՝ վեհերոտ քայլերով, խարխափելով ստվերում, հետո՝ վստահ, ավելի վստահ, եւ ահա, պահից օգտվելով, փոշոտ հսկան ոտքի կանգնեց ամբողջ հասակով: Շատրվաններն այլեւս չէին աշխատում, թատրոնների դահլիճները չէին լցվում: Ի՜նչ թատրոն, նույնիսկ կինոն պահանջարկ չէր վայելում: Գուցե միայն գազանանոցը չխորտակվեց:
Եւ ահա գեղական կոպիտ կոշիկները քայլեցն ողջ քաղաքով մեկ՝ ոտնատակ անելով մոխիրների տակ ծխացող մշակույթի ատելի օջախները. երթուղայիններից հնչեց մուղամը, գերիշխող տարրը ցուցադրաբար պպզեց օպերայի հրապարակի մեջտեղում ու սկսեց արեւածաղկի սերմ չրթել:
Ապա՝ բարձրանալով իշխանական ուղղահայացով, սկսեց թելադրել սեփական ճաշակն արդեն ոչ թե թաքուն՝ տակից, այլ հրամայական տոնով: Եւ քաղաքը վերաձեւեց իր ճաշակին համապատասխան. որ ավելի ճչան լինի, որ ոսկին շատ լինի (որովհետեւ հարուստ տեսք է տալիս), որ նախշերը շատ լինեն ու որ բարձր լինի, որպեսզի բոլորն իմանան, թե ով է փողոցով ընթանում:
‘