‘
Այսօր որեւէ մեկի համար գաղտնիք չէ, որ Հայաստանում կոռուպցիան հասել է սարսափելի չափերի: Սակայն մի բան է այդ երեւույթի մասին ընդհանրական պատկերացումներ ունենալը, մեկ այլ բան, երբ կոռուպցիայի դրսեւորումներին ծանոթանում ես կոնկրետ օրինակներով:
Շատերը կհիշեն՝ դեռ 2012թ. խորհրդարանական ընտրություններից առաջ՝ փետրվար ամսին, ՀՀ կառավարության նիստում որոշում էր կայացվել և ՀՀ պետական բյուջեից, որպես սուբսիդավորում, 1,3 մլրդ դրամ էր տրամադրվել «Ֆլեշ» ընկերությանը, որպեսզի վերջինս 12 հազար 600 տոննա դիզվառելիք մատակարարի գյուղացիներին՝ դարձյալ զեղչված գներով: Ըստ այդ ծրագրի՝ գյուղացիները հնարավորություն էին ստանում 1լիտր դիզվառելիքը, 440 դրամի փոխարեն՝ գնել 350-ով: Թեեւ այս որոշումն ընդունվել էր գյուղացիների ֆինանսական բեռը թեթեւացնելու եւ նրանց օգնելու համար, սակայն կարճ ժամանակ անց պարզվեց, որ իրականում սա վարչապետ Տիգրան Սարգսյանի կառավարության նվերն էր հայտնի օլիգարխ Բարսեղ Բեգլարյանին՝ Ֆլեշ Բարսեղին, ում հետ նա քավոր-սանիկական հարաբերություններ ունի:
Գրչի մի հարվածով
Բանն այն է, որ այդ 1.3 մլրդ դրամը հատկացվել էր «Ֆլեշին» ոչ թե մրցույթով, այլ՝ ուղղակի, իբր թե նա ամենաէժան գնով դիզվառելիք ներկրող ընկերությունն է: Բայց ուշագրավն այն էր, որ կառավարության որոշման մեջ դիզվառելիքի գինը հաշվարկված էր ոչ թե ըստ Հայաստանում վաճառվող ինքնարժեքի, այլ ըստ բենզալցակայաններում վաճառվող մանրածախ գնի: Այնինչ, մանրածախ ու մեծածախ գների տարբերությունը նվազագույնը 20-30 դրամ է: Փաստորեն, արձանագրենք, որ այդպես Տիգրան Սարգսյանն իր ղեկավարած կառավարության որոշմամբ օգնեց, որպեսզի Ֆլեշ Բարսեղը հարկատուներիս հաշվին գրչի մեկ հարվածով մոտ 500 միլիոն դրամի գերշահույթ ստանա:
Սա, թերեւս, կոռուպցիայի դասական օրինակ է, եւ ցանկացած ժողովրդավարական երկրում այս գործարքի բացահայտմանը կհետեւեին աղմկահարույց հրաժարականներն ու ձերբակալությունները: Բայց Հայաստանում ամեն ինչ այլ կերպ է. այստեղ իշխանությունը գործում է ավազակապետական օրենքներով:
Բանն այն է, որ վերը նկարագրվածը կոռուպցիոն այս գործարքի ընդամենը մի մասն է: Եւ գյուղացիներին մատչելի գնով դիզվառելիք մատակարարելու այս ծրագիրը հետագայում այլ՝ ավելի սկանդալային դրսեւորումներ է ունեցել:
Բանը հասավ դիվանբաշուն
Կառավարության որոշումից ավելի քան մեկուկես տարի անց՝ այս տարվա հունիսին, Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործ հարուցվեց գյուղացիներին մատչելի գներով դիզվառելիք տրամադրելու գործընթացում կատարված յուրացումների, պաշտոնական կեղծիքների եւ պաշտանական դիրքի չարաշահումների առթիվ: Ըստ ՀՔԾ պաշտոնական հաղորդագրության՝ այդ չարաշահումները տեղի էին ունեցել Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի եւ Վայոց ձորի մարզերում: Ի դեպ, ասում են, սակայն, որ քրեական գործով մի ամբողջ քննչական խումբ է զբաղվում:
Իշխանական մեր աղբյուրները պնդում են, որ այս քրեական գործի շրջանակներում բավական ուշագրավ փաստեր են բացահայտվում: Մասնավորապես, պարզվել է, որ այդ դիզվառելիքի մեծ մասն ուղղակի չի հասել իր հասցեատերերին: Ըստ մեր աղբյուրների՝ գյուղացիներին ստիպել են ստորագրել համապատասխան փաստաթղթերը, բայց տրամադրել հասանելիք դիզվառելիքի մի մասը միայն: Իսկ մնացած վառելիքը պարզապես վերադարձել է սեփականատիրոջը՝ «Ֆլեշ» Բարսեղին: Այլ կերպ ասած՝ գումարները հասել են Ֆլեշին, իսկ ահա դիզվառելիքը գյուղացուն՝ ոչ:
Բոլորի համար էլ ակնհայտ է, որ այս ամենը, առանց իշխանության ամենավերին օղակների գիտության, չէր կարող տեղի ունենալ: Եվ այս հարցում առաջին հերթին իրենց շահագրգռությունն ունեն վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Բարսեղ Բեգլարյանը:
Իսկ մինչ այդ տեղեկացնենք, որ այդ գործով կալանավորվել է Արարատի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Տիգրան Վիրաբյանը: Իսկ ահա մյուս բարձրաստիճան պաշտոնյաները, որոնք, անկասկած, իրենց մասնակցությունն ունեն կատարվածին, նույնիսկ մեղադրյալի կարգավիճակում չեն: Այնինչ՝ պետական աջակցության ծրագրից օգտվող գյուղացիների ցուցակները կազմում են համայնքների ղեկավարները, բայց դրանց վերջնական հաստատումը կատարում է մարզպետը, ծրագրի հսկողության պատասխանատուն ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն է:
Եվ տրամաբանական է, որ այս գործի շրջանակներում պետք է կալանավորվեին նաեւ մարզպետները, համայնքապետերն ու գյուղնախարարության համապատասխան պաշտոնյաները: Բացի այդ, նորմալ երկրում այսօր պետք է մեղադրյալի աթոռին հայտնվեին այդ գործարքի կնքահայրերը՝ վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Բարսեղ Բեգլարյանը:
Արշակ Արզումանյան
‘