‘Մի նախագահական ընտրարշավ էր մնացել, սա էլ դարձավ «կարգին սերիալ» ‘

1793

Գորշ ու տաղտկալի` պատկերացնում էի: Գաղջ ու նողկալի` պատկերացնում էի: Նենգ ու խղճալի` էլի պատկերացնում էի: Ինչ ասես` պատկերացնում էի: Որ այս նախագահական ընտրարշավը Հայաստանի քաղաքացուն կգցի «չգիտես` խնդաս, թե լաս» հոգեվիճակի գիրկը, բնականաբար` սա էլ էր մտքովս անցնում, բայց` այսչա՞փ:

Անցած ընտրարշավին էլ խնդացնողներ ու լացացնողներ կային, բայց քանի որ և՛ նրանց, և՛ մնացյալ «լրջով»-ների գերխնդիրը Հայաստանի հիմնադիր նախագահի դեմ հակաքարոզն էր, շատ շուտ ձանձրացնում էին, մանավանդ որ և քանի որ առանձին-առանձին կամ միասին վերցրած՝ նույն բաներն էին կրկնում, ինչ որ` իշխանական սազանդարները թութակի նման կրկնել ու կրկնել են տարիներ շարունակ: Իրենց ընտանիքի անդամների թվով, երբեմն նույնիսկ պակաս քվեներ ստացող այս ՀՀ նախագահի թեկնածուները նախորդ ընտրարշավին գիտեին, որ իրենք ընտրողին պետք չեն, բայց Սերժիկ Սարգսյանին շատ են պետք` պիտանիության հաճելի և շոշափելի հետևանքներով: Հիմա, կարծես, նրան էլ պետք չեն: Հիմա այլ իրավիճակ է. Լևոն Տեր-Պետրոսյանը չի առաջադրվել, իսկ ոմանք, ճիշտ է, իներցիայով առաջադրվել են, բայց դեռ իրենք էլ չգիտեն, թե ինչու: Իսկ եթե իրենք չգիտեն, պատկերացրեք ՀՀ քաղաքացիներիս վիճակը:

Ի՞նչ խնդիր են լուծում այս մարդիկ. իմ տպավորությամբ` իրենք գլխի չեն, կողքից էլ գլխի գցող չկա: Եւ քանի որ գլխի չեն, որոշել են ինչ անե՞լ: Այո, որոշել են Կաշպիրովսկու հացը կտրել` նստել իրենց նախընտրած թախտին ու հեռվից հմայել Հայաստանի քաղաքացիներին: Մեկը, բազկաթոռին առոք-փառոք փռված, ասում է` ես տանը նստելու եմ հեռուստացույցի առաջ, նայելու եմ, թե ոնց են մնացածները Հայաստանը չափչփում ու կոտրատվում ընտրողների առաջ, ու այսպես՝ բազկաթոռին փռված հեռուստացույց նայելով էլ հաղթելու եմ: Մեկն ասում է` մենք մեր մատը մատին չենք զարկելու, այսպես լողացած-սանրված-շուշա թրաշով նստելու ենք ու պահանջելու ենք Սերժիկ Սարգսյանից, որ ընտրական օրենսգիրքը կատարելագործի, թե չէ՝ սենց բան չի լինի: Ու մտածում ես` էս որ ասում է` «մենք», ու՞մ նկատի ունի, ու՞ր է էդ «մենք»-ը, ախր հիշում ենք` նախկինում էլ էր առանց «մենք»-ի` հպարտ մենության մեջ, հիմա էլ է առանց «մենք»-ի, մի բան էլ ավելի` հպարտությունը նվազած է, մենությունն էլ` ավելի ընդգծված:

Մյու՞սն ինչ է անում: Հա՛, հացադուլ: Մայրաքաղաքի՝ իրեն դուր եկած մի անկյունում: Մեկն էլ կա (ինքը միշտ կա)` արդեն սպառնացել է հասարակությանը, որ ինքն էլ է հացադուլ անելու:

Էս ի՞նչ հացադուլացավ է կպել ազգիս, պոկ չի գալիս: Ով  անելու բան չի ունենում, ասելու բան չի ունենում` որոշում է հացադուլ անել: Երբ իր անձնական օգտագործման մազածածկույթն ընտրապայքարի առաջին գիծ մղած Րաֆֆի Հովհաննիսյանը մինչ այս ընտրարշավը` մի լուսապայծառ առավոտ վեր կացավ, սափրվեց ու հայտարարեց, որ էդ օրվանից հացին «կակա» է ասելու, ներեցեք` ծոմ է պահելու, ճիշտ է` նրա համակիրները զանազան հոգեպարար սեանսներով փորձեցին ներշնչել ազգիս, որ ցնցակաթվածահարվի էդ չլսված-չտեսնված զոհաբերությանն ի տես, բայց չստացվեց` ո՛չ իրենք էին Կաշպիրովսկի, ո՛չ էլ Հայաստանի հասարակությունն էր գորբաչովյան վերակառուցման ժամանակների չտես միամիտը:

Այդ «ցնցահարույց» օրերին մի համեստ ռեպլիկ գրեցի, հիշեցրի, որ Հայաստանի քաղաքացիներին հացադուլով ոչ կզարմացնես, ոչ էլ կլացացնես, քանի որ Հայոց նորագույն պատմության շեմին` Ութսունութի Շարժման ժամանակ, հացադուլավորների այնպիսի հզոր բանակ ենք ունեցել, որոնք այնքան երկարատև, այնքան ազնիվ համառությամբ կատարեցին իրենց այդ առաքելությունը, որ հիմա նույնիսկ տասը-տասնհինգ օր տևող սովահարությունը մեր աչքին թեթև, ջրիկ, անլուրջ ժամանց է թվում, կամ էլ առնվազն` խաթարված աղեստամոքսային տրակտի խաթրն առնելու միջոց: Էլ չասեմ, որ Ութսունութին գրեթե ողջ հայ ժողովուրդն օրուգիշեր աչալրջորեն հետևում էր, որ հանկարծ հացադուլավորներից որևէ մեկը նույնիսկ ջուրը չափից ավելի շատ չխմի: Ավելի «խստաբարոներն» էլ պաղպաղակ կամ բուլկի վայելելով էին հմայված նայում սովից շրթունքները ճաքած հացադուլավորներին… Բա փորձության շրջան էր, սովյալների կամքի ուժն էին ստուգում:

Հիմա ոչ մեկի սիրտը հացադուլավորի համար չի կեղեքվում, էլ չասեմ` շատ քչերն են հավատում, որ հացադուլն արվում է առանց «անմեղ զանցանքների»: Գուցեև առանց «զանցանքների» է արվում, բայց մենք այլևս Ութսունութի անաղարտները չենք` շատ բան ենք տեսել, կասկածամիտ ենք դարձել, հետո էլ`մեր տներում նստած՝ ի՞նչ իմանանք, թե մեր հայրենակից հացադուլավորը հարմար պահը չի օգտագործում ու ժամանակ առ ժամանակ կուլ չի տալիս մի հատ գողտրիկ, «յուղոտ» շոկոլադի սալիկ: Եղբայր, մի հնար գտիր, հասարակությանը տնից հանիր, հավաքիր շուրջդ, հետո պռոշդ սովից ճաքացրու, հակառակ դեպքում` «Մի դերասանի թատրոնը» բեմում է ազդեցիկ, այն էլ՝ եթե դերասանը տաղանդավոր է: Կամ մյուս` «ստաժավոր» ՀՀ նախագահի թեկնածուն, որ սպառնում է մեկ օրով հացադուլ անել, այդ պահին հիշու՞մ է, որ այս երկրի քաղաքացիների առնվազն կեսն օրումեջ հարկադիր հացադուլի մեջ է, և նրանց համար մեկօրյա հացադուլն ընդամենը ծաղրի է նման. «Ուրեմն, մնացած բոլոր օրերին, փաստորեն, լավ էլ կուշտուկուռ ուտում ես, հա՞: Բկիդ կանգնի, բկլիկի մեկը»:

Չգիտեմ, չգիտեմ:

Մի նախագահական ընտրարշավ էր մնացել, որ չորս տարին մեկ թմբիրից հանում էր ազգիս, սա էլ դարձավ «կարգին սերիալ»:

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Ռուսաստանը Ղազախստանին 500 միլիոն դոլարի վերջնագիր է ներկայացրել’
Հաջորդ հոդվածը‘2014թ. Եվրոպայի ֆուտզալի առաջնություն. Բուլղարիա – Հայաստան՝ 0:0’