‘Մի վախեցեք «օրգանի» մարդուց. Մամուլ’

737

«Երբ իմ տան դուռը զանգում են բարետես երիտասարդներ` շքեղ կազմված մի քանի գիրք ձեռքներին և ասում են` «մենք ուզում ենք ձեզ հետ զրուցել», ես ուղղակի փակում եմ դուռը, որովհետև ոչ ժամանակ, ոչ էլ ցանկություն ունեմ լսելու աղանդավորների բարբաջանքները: Ենթադրում եմ, որ հայաստանցիներից շատերն են այդպես վարվում: Բայց եթե այս օրերին մեր տուն են գալիս ինչ-որ մարդիկ, ներկայանում են թաղապետարանից, համատիրությունից և էլի ինչ-որ մի հիմնարկից ու սկսում են հարցեր տալ ընտրությունների վերաբերյալ կամ, ավելի վատ` հավաքում են անձնագրային տվյալներ, ինչո՞ւ նույնը չենք անում: Նրանք բնակարան ներխուժելու և մեզ հարցեր տալու ճիշտ նույն իրավասություններն ունեն, ինչ որ «Եհովայի վկաները»: Բայց ոչ` այստեղ մեր մեջ նստած է խորհրդային ժամանակներից մնացած գենետիկ վախը պետական մարմնի, «օրգանի» հանդեպ: Եթե «օրգանը» գալիս է և մեզնից տվյալներ է ուզում, ուրեմն դա վերևներում համաձայնեցված է և անհրաժեշտ: Դե, եկեք, ուրեմն, այդ «օրգանի» մարդուն չդիմադրենք` ո՞վ գիտի` ինչ է գլխներիս սարքելու, և նրա պահանջները կատարենք: Ու բնակիչները խելոք-խելոք պատմում են նրան` գնալո՞ւ են ընտրությունների, թե՞ ոչ, ո՞ւմ են քվեարկելու, ինչպես նաև հանում են «սերվանտներից» իրենց անձնագրերն ու թելադրում տվյալները: Հետո այդ մարդկանց մի մասը զանգում է լրատվամիջոցների խմբագրություններ, կուսակցություններ, հ/կ-ներ և բողոքում է, թե իշխանությունն իրենցից տվյալներ է հավաքում, բայց ավելացնում` հանկարծ մեր անունները չգրեք` քաշվելու ենք:

Այդ վախերն ունեն զուտ «իներցիոն» բնույթ ու ոչ մի բանով հիմնավորված չեն: Ահազանգելն, իհարկե, ճիշտ է, բայց նախ` մի վախեցեք ասել ձեր անունը և հասցեն, երկրորդ` ահազանգելուց առաջ վերցրեք այս «օրգանի» մարդու կամ տիկնոջ թևքից և քաղաքավարի ուղեկցեք մինչև ձեր տան դուռը: Հաջորդ անգամ բնակչի դուռը զանգելուց առաջ նա երեք րոպե կմտածի: Իսկ եթե մի քանի քաղաքացի նրան այդպես ուղեկցի, նա կզեկուցի իր «շեֆերին», որ նախընտրական այս «աշխատանքը» ինքը չի կարող կատարել: Ի դեպ, մերժելով այդ «բանագնացներին»` կարող եք վկայակոչել Սերժ Սարգսյանի կենտրոնական ընտրական շտաբի երեկվա հայտարարությունը, որտեղ «խստորեն դատապարտվում է» անձնական տվյալներ հավաբելու ցանկացած նախաձեռնություն:

Խնդիրը բարդանում է, իհարկե, երբ այդ արատավոր, եթե չասեմ` հանցագործ նախաձեռնությամբ հանդես է գալիս պետական կամ մասնավոր հիմնարկի ղեկավարը: Պարզ է, որ այս դեպքում աշխատակիցները կախվածության մեջ են իրենց տնօրենից [սեփականատիրոջից] և կդժվարանան արհամարհել նրա ապօրինի «հրահանգները»: Այ, այստեղ իսկապես որոշակի խիզախություն է պետք. ոչ թե գալ տուն և խոհանոցում դժգոհել իշխանությանը «սապոնվող» շեֆից, այլ միասնաբար դիմադրել նրան` դիմելով թե´ լրատվամիջոցներին և հասարակական կառույցներին, թե´ դատական ատյաններին: Այդ դեպքում իշխանությանը հաճոյանալու այդ «աշխատաոճը» չի դրսևորվի նաև տնօրենների մակարդակով»,- գրում է «Առավոտը» իր այսօրվա խմբագրականում:

Նախորդ հոդվածը‘«Ռեալ» — «Բարսելոնա»՝ 1:1. սուպերկլասիկոն ստացվեց (տեսանյութ)’
Հաջորդ հոդվածը‘100 և ավելի վթար մեկ օրում. Մամուլ’