‘Մի «վրիպակի» պատմություն. Ինչի՞ համար է Սերժ Սարգսյանը Վիլյնուս մեկնում’

1478

Նոյեմբերի 26-ի հայաստանյան պաշտոնական լրահոսում հայտնված ամենաուշագրավ տեղեկատվությունը, թերեւս Սերժ Սարգսյանի աշխատակազմի տարածած հաղորդագրությունն է այն մասին, որ առաջիկա հինգշաբթի` նոյեմբերի 28-ին Սարգսյանը երկօրյա այցով մեկնելու է Վիլնյուս: Հասկանալիորեն, սա սպասելի լուր էր, քանի որ Սեպտեմբերի 3-ից հետո վերլուծաբանների մի ստվար հատվածը կասկածի տակ էր դնում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովին Սարգսյանի մասնակցության հավանականությունը: Շատերն էլ պարզապես համոզված էին, որ դեկտեմբերի սկզբին Հայաստան կատարելիք իր «պատմական» այցելությունից առաջ Ռուսաստանի առաջնորդ Պուտինը պարզապես թույլ չի տա Սարգսյանին գնալ Վիլնյուս (Հիշենք թեկուզ բոլորովին վերջերս Մինսկում Սերժ Սարգսյանի ստանձնած պարտավորությունը` զերծ մնալ Մաքսային միության շահերին հակասող գործողություններից եւ հայտարարություններից-հեղ.): Ի վերջո, իսկապես, գնա, որ ի՞նչ անի:

Նախ, նշենք, որ President.am-ի հաղորդագրությունն ի հայտ եկավ միայն այն բանից հետո, երբ ԵՄ պաշտոնական կայքը հայտարարեց, որ ԱրլԳ գագաթնաժողովին մասնակցելու համար Վիլնյուս կժամանեն ԱրլԳ երկրների ղեկավարները` այդ թվում` Սերժ Սարգսյանը: Սակայն President.am-ի հաղորդագրության տեքստն ուշադիր կարդալիս հիմնավոր կասկածներ են առաջանում` արդյո՞ք Սարգսյանը Վիլնյուս է մեկնում հենց ԱրլԳ գագաթնաժողովին մասնակցելու համար:

Բառացի մեջբերենք iLur.am-ին հասցեագրված` Սերժ Սարգսյանի աշխատակազմի լրատվական ծառայության մամլո հաղոդրագրությունը. «Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և ԵԺԿ Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովներին: Այցի շրջանակներում Վիլնյուսում նախատեսվում են նաև Հանրապետության Նախագահի երկկողմ ձևաչափով հանդիպումներ»:

Ինչպես տեսնում ենք, ըստ այս տեքստի, Սարգսյանը Վիլնյուս է մեկնում զուտ «կուսակցական» գործերով:

Արեւելյան գործընկերության երկրների ԵԺԿ-ական ղեկավարների միջեւ հերթական հանդիպումներ (գագաթնաժողովներ) տեղի են ունենում տարվա մեջ մի քանի անգամ. այսպես` 2012-ի հուլիսին ԱրլԳ երկրների ԵԺԿ-ն ներկայացնող ղեկավարները հանդիպեցին Բաթումում, նույն տարվա դեկտեմբերին` Երեւանում, այս տարվա հուլիսին` Քիշնեւում: Նմանատիպ հանդիպում աշխատանքային այս շաբաթվա վերջին նախատեսված է նաեւ Վիլնյուսում:

Այնինչ, ինչպես հայտնի է, Վիլնյուսում այդ օրերին կայանալիք հիմնական` համաեվրոպական նշանակության միջոցառումն ԱրլԳ երկրների ղեկավարների գագաթնաժողովն է, որին կմասնակցեն նաեւ բուն ԵՄ երկրների մի շարք ղեկավարներ` անկախ նրանց կուսակցական պատկանելությունից: Այս գագաթնաժողովի ժամանակ Եվրամիությունը ասոցացման համաձայնագրեր կստորագրի Վրաստանի եւ Մոլդովայի հետ, ինչպես նաեւ` հավանաբար կհստակեցնի Հայաստանի եւ Ուկրաինայի հետ հետագա համագործակցության շրջանակները:  Սակայն, կրկնենք, President.am-ի տարածած այս հաղորդագրությունն էլ ավելի կասկածելի է դարձնում Սերժ Սարգսյանի մասնակցությունն այդ կարեւորագույն միջոցառմանը:

Հակոբ Կարապետյան

Հ.Գ. Այս նյութը թողարկելուց րոպեներ առաջ պարզվեց, որ President.am-ը խմբագրել է նշված տեղեկատվությունը: Այժմ այն այսպիսի տեսք ունի. «Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովին: Վիլնյուսում Նախագահը կմասնակցի Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը»:

Արդյո՞ք հաղորդագրության առաջին տարբերակը տեխնիկական սխալի արդյունք էր, թե՞ այս մի քանի ժամվա ընթացքում ինչ-որ առարկայական հանգամանք ստիպել է Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությանը վերանայել ձեւակերպումները, դժվար է ասել: Կարող ենք նշել միայն, որ նման կարեւորության պաշտոնական հաղորդագրության մեջ տեխնիկական վրիպակ թույլ տալու տարբերակը խիստ անհավանական է:

Նախորդ հոդվածը‘Սիգի պաշարները Սևանում նվազել են հինգ անգամ’
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը ոստիկանության համար շենք էր ման գալիս Գյումրիում ‘