‘Մի «տխմար, շատ վատ ու անհեթեթ», բայց չափազանց անկեղծ ու նազելի խոստովանության առիթով’

5604

«Դա փորձի ժամանակ եմ ասել, երբ անգամ թեկնածու չէր էլ կարող լինել այդտեղ: …Տխմար, շատ վատ մոնտաժ է, և զարմանում եմ` մարդիկ ինչքան անհավատ կարող են լինել, որ նման անհեթեթ մոնտաժներ անեն: Ցավում եմ ուղղակի: Ես ասել եմ` այս պատկերը շատ գեղեցիկ է ու շատ նման է այն պատկերին, երբ Մովսեսը ժողովրդին դուրս է բերում Կարմիր ծովից: Ես չեմ տվել որևէ անուն, և ես չեմ համեմատել, որքան էլ որ ես շատ հարգում եմ այն մարդուն, ում նախընտրական արշավը վարում եմ մեծ սիրով: Ես չեմ արել նման համեմատություն, և ինձ համար շատ ցավալի էր, որ մեր հայ ժողովուրդը հասել է այն վիճակին, որ արդեն նման մոնտաժներ են անում` փորձելով ցույց տալ իրենց անհավատության աստիճանը»:

Սա անփոփոխ մեջբերում է «Հայկական ժամանակ» օրաթերթի «Վիրտուալ իրարանցում» ռեպլիկից (հունվարի 26): Այս մտքի գոհարի հեղինակը, երևի հասկացաք, Նազենի Հովհաննիսյանն է: Չէի անդրադառնա այս կիսագրագետ բառակույտին, առավել ևս` բառակույտի հեղինակին, ում հետ ծանոթությունս սկսվում և ավարտվում է իր մասնակցությամբ ֆիլմերի մասին ազդարարող գովազդներով, եթե մեր այս հայազգի «Ստանիսլավսկին»` Սերժիկ Սարգսյանին հղված իր աննման քծնանքին հետևած արձագանքների համար հայ ժողովրդին չմեղադրեր… անհավատության համար: Ենթադրենք` Նազենիին հռչակավոր դարձրած այդ տեսանյութը մոնտաժված է, ենթադրենք` «տխմար, շատ վատ, անհեթեթ մոնտաժ» է, հայ ժողովրդի մեղքը ո՞րն է այստեղ, նազելի Նազենի: Մի ողջ ժողովրդի հավատը կամ անհավատությունն ի՞նչ կապ ուներ այդ «տխմար, շատ վատ, անհեթեթ մոնտաժի» հետ: Չլինի՞ թե` ոչ միայն Սերժիկն է Կարմիր ծովը հատած Մովսեսը, Նազենին էլ Մարիամ Աստվածածինն է (մեղա-մեղա՜), մենք էլ այսպես անգիտության գրկում սրբապղծությամբ ենք զբաղված: Ուրիշ ի՞նչ դեպքում է հնարավոր, որ թեկուզև մոնտաժված, թեկուզև «տխմար, շատ վատ, անհեթեթ» մոնտաժված տեսանյութի պատճառով մեղադրվի ողջ հայ ժողովուրդը ու մեղադրվի անհավատության համար: Մեղադրողն էլ ո՞վ լինի… Ըհը՛, Նազենի Հովհաննիսյանը, որը «շատ հարգում է այն մարդուն, ում նախընտրական արշավը վարում է մեծ սիրով»: Եվ ով է այդ մա՞րդը: Ըհը՛, Սերժիկ Սարգսյանն է, որը, եթե հիշում եք, 2008-ի Մարտի 1-ին առնվազն տասը Հայաստանի քաղաքացիների անշունչ մարմինների վրայով եկավ ու բազմեց երկրիս ուսերին: Կասկած չկա, որ նազելի Նազենին էլ է հիշում արյունոտ Մարտի 1-ը, բայց քանի որ ես անհավատ եմ, վստահ եմ, որ ինքն էլ է Նունե Եսայանի (կարծեմ երգչուհի է) նման մտածում, որ մեղավորը հանգուցյալներն էին` չգնային էդ տեղը, չսպանվեին:

Բայց սա էլ` հեչ: Աղջիկ է, էլի, գուցե երազում ինչ-որ ճերմակազգեստ հրեշտակ է տեսել, որն իր ականջին ինչ-որ բան է շշնջացել, ինքն էլ հավատով լեփ-լեցուն` հավատացել է:

Վերոգրյալ մտքի գոհարի «բոցը», սակայն, ինչպես կասեին ֆեյսբուքցի ջահելները, «գլխավոր փորձն» է: Որ Սերժիկ Սարգսյանը, ընտրողների հետ հանդիպելուց առաջ, նազենիների նման ստանիսլավսկիներ ու մեյերխոլդներ է գործուղում հանդիպման վայրերը, որ նախապես փորձ անեն` իրեն դիմավորելու են որպես Կարմիր ծովը հատող Մովսե՞ս, թե՞ Երևանի կենտրոնը «կարմրացնող» հանցագործ, կարելի էր ենթադրել: Բայց որ Սերժիկ Սարգսյանին «շատ հարգող» նազելի Նազենին, սեփական դեմքը փրկելու համար, իր ընտրյալին այսպես անհարմար դրության մեջ դնի` դրա մասին բարձրաձայնելով, սրա համար միայն անսահման հավատը բավական չէ, նաև պետք է ցելոֆանի տոպրակը բերնեբերան լցրած խելք ունենալ:

Բա մենք էլ գիտեինք` Սերժիկ Սարգսյանի հետ հանդիպումների ժամանակ հնչող օվացիաներն ինքնաբուխ են: Կարծում էինք` էն որ Հայաստանի քաղաքացիները Հանրապետական կուսակցության դրոշակները սինխրոն ծածանում են, իրենց տներից են բերում, իրենց տներում էլ ծոցները դրած են քնում էդ դրոշակները, որ հանկարծ դրանք չմրսեն ու Սերժիկի հետ հանդիպումների ժամանակ անպատեհ պահերի չփռշտան: Մենք էլ միամտորեն կարծում էինք` էն որ որոտընդոստ ու բուռն ծափահարում են Սերժիկի «լույս երեսը» տեսնելիս, նրա հանդեպ ինքնաբուխ և անհուն սիրուց է: Փաստորեն, նազենիների նման մեծ ռեժիսորներն են վարժեցնում «ընտրողներին», թե որ օրը որտեղ և ոնց է պետք քծնել Սերժիկին` հոտնկա՞յս, թե «ոտնկայց», բուռն ծափահարություններո՞վ, թե՞ հիացմունքի ոռնոցներով, Կարմիր ծովը լող տալո՞վ, թե արյան գետի վրայով սողալով, հավատո՞վ, թե՞…

Մեր հարևան Սերոժը կասեր` ես ձեր հավատը…

Լիզա Ճաղարյան

Նախորդ հոդվածը‘Սերժ Սարգսյան. Տենց եք մտածում, որ խիյարը թարս ա բուսնում’
Հաջորդ հոդվածը‘Մարկո Մատերացի. Բալոտելին մեծ երեխա է’