‘Մի քանի եզրակացություն՝ «տրանսպորտային կոնֆլիկտից» ‘

1594

 Ռաֆայել Թեյմուրազյանը Facebook-ում գրում է. 

Հիմա, երբ տրանսպորտային անհնազանդության պիկը կարծեք թե հետևում է, կրքերն էլ՝ էականորեն թուլացած, գուցե կարելի է մի քանի եզրակացություն-տպավորությամբ կիսվել:

1. Անհնազանդությունը լավ էր կազմակերպված: Մի քանի տասնյակ երիտասարդների հաջողվեց 1-2 օրում նկատելի գործոն դառնալ «տրանսպորտային կոնֆլիկտում»:

2. Երիտասարդների՝ գործոն դառնալուց հետո իշխանությունը ևս լծվեց գործի՝ ընդգրկվելով շարժման մեջ, տոն տալով դրան, նպաստելով դրա ընդլայնմանը: Իշխանության գործողությունների շարժառիթը, ըստ ամենայնի, ներկլանային ինչ-ինչ հաշիվներն էին: Գուցե այս պահին պետք էր Տարոն Մարգարյանին ցույց տալ, թե որտեղ են ձմեռում խեցգետինները, կամ էլ գուցե Սաշիկը մտադիր է, ասենք, բոլոր գծերը կենտրոնացնել իր ձեռքում…
Իշխանության շահագրգռվածության պատճառը կարող էր և այլ բան լինել, բայց որ շահագրգռվածություն կար՝ ակնհայտ էր: ՀՀԿ-ական պատգամավորները, իշխանահպատակ «բլոգերները», «վերլուծաբանները», «աստղերն» ու շատ այլք հենց այնպես չէին ցասվել: Նրանց առնվազն չէր արգելվել դա անել: Հենց այս շահագրգռվածության ակնհայտ դառնալու պահից (ըմբոստության մոտավորապես 3-րդ օրվանից) ավելի ու ավելի պարզ էր դառնում, որ տրանսպորտի սակագինը վերանայվելու է:
3. Հիանալի կազմակերպելով ըմբոստության ողջ ընթացքը՝ «ըմբոստները», կարծեք թե, պատրաստ չէին հաջողությանը, որին ձգտում էին: 
Ակնհայտ էր, որ Տարոն Մարգարյանը գրչի մեկ հարվածով ցանկացած պահի կարող էր ըմբոստությանը զրկել հիմնական խաղաքարտից`տրանսպորտի գինը թողնելով 100 դրամ (ինչը և արվեց), բայց բանից պարզվեց, որ շատերը սրան պատրաստ չէին, այն իմաստվ, որ շարունակության հարցում կազմակերպված կուռ միությունը մի տեսակ փլվեց: Հենց սկզբից ողջ շեշտադրումը դնելով 150-ը 100 դարձնելու վրա՝ շարժումն իրեն զրկեց շարունակության (հաշիվ պահանջելու) ռեսուրսից:
4. Տարոնը (կամ ինչ-որ մեկը) հավանաբար հասկացավ այն, ինչ իրեն ուզում էին հասկացնել: Երիտասարդությունը տեսավ, որ ինքը կարող է գործոն դառնալ և, օգտվելով ներիշխանական ինչ-ինչ հակասություններից, առաջ տանել իր ուզածի գոնե ինչ-որ մասը: Բոլորս տեսանք, որ շարունակ քամվող մեր երկրում դեռ շատ հզոր ու էներգետիկ մարդկային ռեսուրս կա, որը շատ կարճ ժամկետում կարող է մթնոլորտ փոխել: Իսկ մինչ հաջորդ նման բռնկումը, կարծեք թե ստիպված ենք լինելու վերադառնալ գաղջ մթնոլորտին:

  

Նախորդ հոդվածը‘Ինչո՞ւ է պետք շարունակել Carpool-ը ‘
Հաջորդ հոդվածը‘Տիգրան Սարգսյանը նույնիսկ փաստաթղթերով է միլիոնատեր. Հայտարարագրեր’