‘Մի քանի պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի հետ գնացել են ԼՂՀ ‘

998

Այսօր ԱԺ մի շարք պատգամավորներ Հովիկ Աբրահամյանի և Պնախարար Սեյրան Օհանյանի հետ մեկնել են ԼՂՀ: Պատվիրակությունը արդեն հանդիպել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ:

Հիշեցնենք, որ  «Հայ ազգային կոնգրես» խմբակցությունը երեկ հայտարարություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ օգոստոսի 4-ին ԱԺ խմբակցությունների հետ  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնությամբ կայացած հանդիպման ժամանակ խմբակցությունները որոշում էին կայացրել հանդես գալ հայոց բանակին և զինվորներին աջակցելու միասնական հայտարարությամբ, ինչպես նաև որոշվել էր խմբակցությունների ղեկավարների համատեղ այցով մեկնել ճակատի գիծ և հանդիպումներ անցկացնել հայրենիքի պաշտպանության գործով զբաղված զինվորների և հրամանատարական կազմի հետ: Սակայն օգոստոսի 7-ին Ազգային ժողովի ղեկավարությունը տեղեկացրել էր «Հայ զգային կոնգրես» խմբակցությանը, որ ի փոփոխություն ձեռք բերված պայմանավորվածության՝ տեղի կունենա ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի այցը դեպի շփման գիծ, և ԱԺ խմբակցությունների ղեկավարները հրավիրվում են մաս կազմել նրա պատվիրակությանը: Կոնգրեսի հայտարարության մեջ նաև նշվում էր.

«Ակնհայտ է, որ Հովիկ Աբրահամյանը, տեղեկանալով ԱԺ խմբակցությունների միջև օգոստոսի 4-ին ձեռք բերված համաձայնության մասին, որոշել է օգտագործել այն սեփական անձի գովազդման նպատակով, ինչպես նաև, կցելով խորհրդարանական պատվիրակությունն իրեն, փոխարինել ազգային շահերի շուրջ համախմբան խորհրդանիշը՝ իշխանության շուրջ համախմբման պատրանքով: Հովիկ Աբրահամյանի՝ նման գործելակերպը ուղղված է, ըստ էության,  պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի նախաձեռնության և ձեռք բերված համաձայնության տապալմանը:

Հայ Ազգային Կոնգրեսը, հետևաբար, մերժում է Հովիկ Աբրահամյանի քարոզարշավին մասնակցելու հրավերը և վերահաստատում իր պատրաստակամությունը՝ իրականացնելու Սեյրան Օհանյանի հետ օգոստոսի 4-ին ձեռք բերված պայմանավորվածությունները՝ զորամասեր և շփման գիծ կատարվելիք ինչպես համատեղ, այնպես էլ առանձին այցերի վերաբերյալ»:

Նախորդ հոդվածը‘«Տոնուսից» խաբված բնակիչները «գրավել են» շենքը ‘
Հաջորդ հոդվածը‘Պուտին-Սարգսյան-Ալիև հանդիպումը տեղի կունենա վաղը. Հայկական կողմ’