ՄԻ6-ը պատերազմից դժգոհ ռուսաստանցիներին համագործակցության առաջարկ է արել

218

Մեծ Բրիտանիայի արտաքին հետախուզության՝ ՄԻ6-ի ղեկավար սըր Ռիչարդ Մուրը Ուկրաինայում Ռուսաստանի գործողություններից դժգոհ ռուսաստանցիներին իր ծառայության հետ համագործակցելու առաջարկ է արել։

Նա ելույթ է ունեցել Չեխիայում Միացյալ Թագավորության դեսպանատանը, այսպես կոչված՝ «Պրահյան գարնան»՝ կոմունիստական կառավարման դեմ 1968 թ․ խորհրդային տանկերով դաժանորեն ճնշված ապստամբության 55-ամյակի առթիվ հավաքվածների առջև։

«Այսօր շատ ռուսաստանցիներ սարսափով, լուռ հետևում են, թե ինչպես են իրենց զինված ուժերը երկրի երեսից ջնջում ուկրաինական քաղաքները, մարդկանց քշում իրենց տներից ու երեխաների առևանգում։ Նրանք ցնցված են, որ իրենց զինվորները ավերում են բարեկամ երկիրը։ Հոգու խորքում նրանք հասկանում են, որ Պուտինի հայտարարած պատերազմի պատճառները այլ բան չեն, քան պատրվակ, սուտ ու կեղծիք»,- ասել է Մուրը։

Ըստ նրա՝ այսօր շատ ռուսաստանցիներ ստիպված կանգնել են նույնպիսի ընտրության առաջ և նույնպիսի խղճի խայթեր ունեն, ինչպես իրենց նախորդները 1968 թ․, երբ խորհրդային տանկերը ճզմում էին Պրահայի ապստամբությունը։

«Ես նրանց հրավիրում եմ հետևել նրանց օրինակին, ովքեր մեզ են միացել վերջին 18 ամիսներին։ Մեր դռները միշտ բաց են»,- ասել է ՄԻ6-ի ղեկավարը։

«Իմ ծառայության հիմքում,- հավաստիացրել է նա,- այն է, որ մենք ցկյանս հավատարիմ ենք մեր գործակալներին  և հավիտյան երախտապարտ ենք նրանց»։

Փոխանցում է BBC-ն։

Նախորդ հոդվածըԻսպանիան ԱՄՆ-ին է հանձնել Վենեսուելայի հետախուզության նախկին ղեկավարին
Հաջորդ հոդվածըՎարդան Հարությունյան. Կադաստրի թղթի իմաստը. Ալիք Մեդիա