‘
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեսյուքյան իր պաշտոնական էջում պատասխանել է երկրպագուների բազմաբնույթ հարցերին.
-Ի՞նչ ես զգում, երբ տրիբունաներից լսում ես «WhooaMkhitaryan» վանկարկումը:
-Ես սիրում եմ դա: Հրաշալի է, որ մեր երկրպագուները երգ են ստեղծել ինձ համար, և դա ինձ անչափ մոտիվացնում է, երբ մարզադաշտում լսում եմ դա:
—Դու ամեն անգամ դաշտ դուրս գալիս ստիպում ես ամբողջ հայությանը հպարտություն զգալ: Երևանի փողոցներում շատ երեխաներ կան, որոնք մեծ հաճույքով կրում են «Մխիթարյան» գրվածքով խաղաշապիկներ: Ինչպե՞ս ես վերաբերվում, որ օրինակ ես ծառայում հայ երիտասարդ սերնդի համար: Ապագայում կարո՞ղ ես մտածել Հայաստանի հավաքականը գլխավորելու մասին:
-Շատ ուրախ եմ, որ ոգեշնչման աղբյուր եմ հայ երեխաների համար: Հուսով եմ, որ իմ հաջողություններով կարող եմ օրինակ ծառայել, որ յուրաքանչյուր երեխա հավատա իր երազանքներին: Ինչ վերաբերում է կարիերայիս ավարտից հետո իմ անելիքիներին, ապա առայժմ չեմ մտածում դրա մասին, քանի որ դեռ պրոֆեսիոնալ խաղացողի երկար տարիներ ունեմ անցկացնելու:
—Դու հիանալի մրցաշրջան անցկացրիր Եվրոպա լիգայում՝ խփելով 6 գոլ: Ի՞նչ կնշանակեր քեզ համար՝ արժանանալ Եվրոպա լիգայի մրցաշրջանի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը:
-Ես անչափ ուրախ էի Եվրոպա լիգայում հաղթելու համար: Ամբողջ մրցաշրջանի ընթացքում դա նպատակ էր մեզ համար: Աննկարագրելի զգացում էր Ստոքհոլմի եզրափակչում գոլ խփելը և տիտղոսը վեր բարձրացնելը: Ինչ վերաբերում է մրցանակին, ապա ցանկացած խաղացողի համար դա մեծ պատիվ կլիներ:
-Ինչպե՞ս կնկարագրես Ժոզե Մոուրինյոյին:
-Մոուրինյոն հաղթող է: Նա շատ է աշխատում յուրաքանչյուր խաղում հաղթելու համար և համոզվելու, որ մենք 100 տոկոսով պատրաստ ենք խաղերին: Նա մեզ տալիս է էմոցիաներ և մոտիվացիա: Շատ բան եմ սովորել նրանից և շարունակելու եմ դա հաջորդ մրցաշրջանում:
-Դու շատ գեղեցիկ գոլեր ես խփել «Մանչեսթեր Յունայթեդ»-ում: Ո՞ր գոլն ես ավելի շատ սիրում:
-«Կարիճ» հարվածով գոլը ամենագեղեցիկն էր: Բայց Եվրոպա լիգայի եզրափակչում խփած գնդակը ամենակարևորն էր:
Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ֆեսյուքյան իր պաշտոնական էջում երկրպագուների հետ հարցուպատասխանի ընթացքում խոսել է նաև Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի՝ Մադրիդի «Ռեալ»-ի դեմ խաղի մասին.
«Մանչեսթեր Յունայթեդ»-ում բոլորը ուրախ են Չեմպիոնների լիգայի նման մեծ մրցաշար վերադառնալու համար: Հաջորդ մրցաշրջանում մենք միանշանակ ցանկանում ենք պայքարել տիտղոսի համար: Սուպերգավաթի մասին կարող եմ ասել, որ ֆանտաստիկ հանդիպում է սպասվում Մադրիդի «Ռեալ»-ի հետ»,- ասել է 28-ամյա կիսապաշտպանը:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի «Մանչեսթեր Յունայթեդ» — «Ռեալ Մադրիդ» հանդիպումը տեղի կունենա օգոստոսի 8-ին Սկոպիեի «Ֆիլիպ 2-րդ» մարզադաշտում:
‘