‘
Անգլիական CaughtOffside կայքը տեղեկացնում է, որ Հայաստանի հավաքականի եւ «Շախտյորի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերը «Լիվերպուլ» կարելի է կայացած համարել: Սպասվում է, որ մոտ օրերս «Էնֆիլդում» Մխիթարյանի հետ պայմանագիր կկնքվի, իսկ տրանսֆերի արժեքը կկազմի 18 միլիոն ֆունտ:
Անգլիական լրատվամիջոցը նշում է, որ այս տրանսֆերը «Լիվերպուլի» համար կդառնա երրորդ խոշոր գործարքը ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ: Թիմին ազատ գործակալի կարգավիճակով միացել է «Մանչեսթեր Սիթիի» նախկին պաշտպան Կոլո Տուրեն, իսկ «Սելտայից» 7,7 միլիոն ֆունտով ձեռք է բերվել իսպանացի հարձակվող Յագոն: Այս տրանսֆերները Բրենդան Ռոջերսի թիմի համար մեծ հեռանկարներ են բացում:
«Մխիթարյանի ձեռք բերումը ցույց կտա ակումբի մեծ ամբիցիաները: Մխիթարյանն ընդամենը 24 տարեկան է, սակայն իր կարիերայում արդեն մեծ հաջողությունների է հասել, «Շախտյորի» կազմում նվաճելով երեք չեմպիոնական տիտղոս, ինչպես նաեւ բազմաթիվ այլ տիտղոսներ հայրենիքում՝ Հայաստանում:
Անհատական ձեռքբերումներ էլ Մխիթարյանն արդեն ունի: 2012/13 մրցաշրջանի Ուկրաինայի առաջնության լավագույն ֆուտոլիստ, Ուկրաինայի պատմության լավագույն ռմբարկու՝ 25 գոլով, թեպետ նա կիսապաշտպան է:
Նրա ձեռք բերումը հիանալի նորություն կլինի «Լիվերպուլի» երկրպագուների համար, քանի որ իրենց ակումբը անցած մրցաշրջանում շատ էր կախված Լուիս Սուարեսի խաղից եւ նրան այլընտրանք չկար: Մխիթարյանը լիվերպուլցիներին գոլեր կապահովի դաշտի կենտրոնից, նաեւ ստեղծագործական խաղ կցուցադրի, ինչպես Կոուտինյոն:
Մխիթարյանի ձեռք բերումով «Լիվերպուլը» չի սահմանափակվի: Եվս մի քանի տրանսֆեր է ակնկալվում, մասնավորապես՝ «Սեւիլյայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը, որին «Էնֆիլդում» դիտարկում են որպես ավելի ետ քաշված կիսապաշտպան, քան՝ Մխիթարյանը:
Սակայն այժմ գլխավորը Մխիթարյանն է, որը մոտ ժամանակներս Յագոյի հետ միասին կներկայացվի որպես «Լիվերպուլի» խաղացող»,- գրել է CaughtOffside-ը:
The Daily Mirror ավելի վաղ հաղորդել էր Մխիթարյանի հանդեպ «Լիվերպուլի» հետաքրքվածության մասին, սակայն CaughtOffside վստահ է, որ գործարքը կկայանա մոտ օրերս:
‘