‘ՄԽ համանախագահները ամփոփել են փետրվարի 16-19-ն իրականացված տարածաշրջան այցը’

849

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանից Իգոր Պոպովը, Միացյալ Նահանգներից Ջեյմս Ուորլիքը և Ֆրանսիայից Պիեր Անդրյոն, ամփոփել են փետրվարի 16-19-ն իրականացված տարածաշրջան այցը: Այցի ընթացքում նրանց է միացել նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկը: 

Համանախագահները հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, արտաքին գործերի և պաշտպանության նախարարների, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի դե ֆակտո իշխանությունների հետ: Ըստ հաղորդագրության՝ այցի գլխավոր նպատակը եղել է կողմերին հրադադարի ռեժիմի պահպանմանը խստորեն հետևելու կոչ անելը ՝ հունվարին գրանցված լարվածության վտանգավոր աճից հետո:

Համանախագահների հետ իրենց քննարկումներում կողմերը հաստատել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման հարցում իրենց հանձնառությունը: Նախագահները համաձայնել են քննարկել համանախագահների առաջարկները, որոնք կարող են նպաստել հրադադարի ռեժիմի պահպանմանը:

Համանախագահները նախագահների և արտաքին գործերի նախարարների հետ քննարկել են կարգավորմանն ուղղված հաջորդ քայլերը, ինչպես նաև՝ այս տարի սպասվող նախագահների հանդիպման համար պատրաստությունները:

Այցի ընթացքում նրանք հանդիպել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչների հետ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհայտ կորած մարդկանց վերաբերող հարցերը քննարկելու նպատակով: Համանախագահները ընդգծել են ԿԽՄԿ-ի հովանու ներքո անհայտ կորած անձանց մասին տեղեկություններ փոխանակելու վերաբերյալ 2014 թվականի հոկտեմբերին Փարիզում կայացած նախագահական համաժողովի ընթացքում ձեռք բերված համաձայնության կարևորությունը:

Նախորդ հոդվածը‘Հրմշտոց եւ անկարգություններ Yerevan Mall-ում (տեսանյութեր)’
Հաջորդ հոդվածը‘Կա մշտական պրոցես և չկա վերջնական պարտություն ‘