‘Մկրտիչ Մինասյան. Այլևս չի կարելի թողնել, որ կտոր-կտոր քաղաքից հանվեն քաղաքի պատմության էջերը’

1022

Հաշվի չի առնվել, որ Ատաքին գործերի նախարարության շենքը հանրապետական կարգի հուշարձան է, Հանրապետության հրապարակում է գտնվում, որը մեր մայրաքաղաքի վարչական կենտրոնն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը: Նրա համոզմամբ՝ հրապարակը սիմվոլ է, ինչպես դրոշն ու գերբը:

«Ունենալով մշակույթի պահպանման հաստատված օրենքներ՝ մենք մի կողմ ենք դնում բոլոր օրենքները: Եթե ինչ-որ բան վաճառում ենք, վաճառենք համաձայն օրենքի, ինչն անտեսված է: Ի՞նչ դեֆորմացիաներ կունենա, եթե օգտագործվի որպես հյուրանոց, դա պետք է հաշվի առնվեր, քննարկվեր»,- ասաց Մինասյանը:

Նա մի շարք օրինակներ բերեց՝ «Սևան» հյուրանոցը, Երիտասարդական պալատը և այլն, և այդ հանրային նշանակության շենքերը սեփականաշնորհվել են ու պարզապես անհետացել քաղաքի պատմությունից:

«Եթե մենք հիմա չկորցնենք Փակ շուկան, տեսնեինք, որ դրանք վաճառելուց հետո դեպի բարեփոխում է գնում, այդքան չէինք անհանգստանա, բայց հիմա վստահության ռեսուրս չի մնացել: Ամեն անգամ շենքերը սեփականատիրոջն ենք հանձնում, ու այն կորչում է քաղաքի պատմության միջից: Այլևս չի կարելի թողնել, որ կտոր-կտոր կամ մասնակի քաղաքից հանվեն քաղաքի պատմության էջերը»,- հայտարարեց Մկրտիչ Մինասյանը:

Հիշեցնենք, որ նա երեկ բաց նամակ է գրել Սերժ Սարգսյանին՝ «խորապես անհանգստացած պատմաճարտարապետական ազգային մեր ժառանգության պահպանման ու օգտագործման խնդիրների ներկայիս անմխիթար վիճակով»:

Նախորդ հոդվածը‘Ժիրայր Լիպարիտյան. Այլիսլիի շուրջ կատարվողն ապացուցում է, որ հայերը չեն կարող անվտանգ զգալ այսպիսի Ադրբեջանում’
Հաջորդ հոդվածը‘Ճարտարապետ. Պետական պահպանության տակ գտնվող շենքերի սեփականատերերը պետք է պարտավորագրեր կնքեն’