‘Մհեր Արշակյան. Եռյակն սպասում է հանրաքվեի օրվա նշանակմանը’

369

Մհեր Արշակյան, civilnet.am

Սահմանադրական փոփոխությունները Հայաստանում չեն տապալվի: Պարզապես հանրաքվեն տեղի կունենա առանց Սերժ Սարգսյանի և ՀՀԿ-ի դոմինանտության: Նրանք արդեն ասպարեզում չեն լինի:

Ընդդիմադիր եռյակը չի կարող իշխանափոխության գործընթացից դուրս թողնել սահմանադրական փոփոխությունները այն պարզ պատճառով, որ եռյակի գոնե երկու ուժի առաջնորդները՝ Լևոն Տեր-Պետրոսյանը և Գագիկ Ծառուկյանը, իրենց գլխում պատրաստի ունեն գործողությունների ճանապարհային քարտեզը: Իսկ այդ քարտեզը ենթադրում է ոչ միայն Սերժ Սարգսյանի իշխանության վերացում, այլ թատերաբեմից ՀՀԿ-ի չեզոքացում: Իշխանության ձևավորման ապագա գործընթացում ՀՀԿ-ի դերը կլինի զրոյական, թեպետ բացառված չէ, որ կարկառուն ՀՀԿ-ականները կառաջարկեն իրենց ծառայությունները՝ մտածելով, որ նոր իշխանությունը չի կարող չձևավորվել հին մեթոդներով:

Պարզ է, որ իշխանության եկող հաջորդ ուժերը լինելու են եռյակից հատկապես հիշյալ երկուսը՝ ԲՀԿ-ն և ՀԱԿ-ը: Երկուսն էլ ունեն հզոր առաջնորդ, նրանցից մեկը՝ Տեր-Պետրոսյանը, քաղաքական օրակարգ է թելադրում թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության գործողություններում: Առանց նրա ներքաղաքական որևէ գործընթաց չի իմաստավորվում, նույնիսկ եթե ծագում է առանց նրա: Իշխանափոխության գործընթացի քաղաքական տրամաբանությունը երկու ճանապարհ է հուշում. առաջին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից 40 օր հետո տեղի են ունենում նախագահի ընտրություններ, որոնք ավարտվում են Գագիկ Ծառուկյանի հաղթանակով, որից հետո սահմանադրական փոփոխությունների հանրաքվեով արդեն խորհրդարանն է ԲՀԿ առաջնորդին երաշխավորում այդ պաշտոնում, և մյուս ճանապարհը՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո, երբ արդեն նշանակված է սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի օրը, ձևավորվում է սահմանադրական անցումային (կամ ճգնաժամային) իշխանություն, որն անցկացնում է խորհրդարանի ընտրություններ 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգով, որն էլ նախագահ է ընտրում Գագիկ Ծառուկյանին: Երկրորդ տարբերակը, թերևս, քիչ հավանական է, եթե հանկարծ ուժայինները չփորձեն ցույց տալ, թե ով է իրական տանտերը Հայաստանում:

Ինչո՞ւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքն անմիջապես իշխանափոխության չհանգեցրեց: Ճիշտ չէ մտածել, թե ժողովուրդը դրա համար չէր եկել: Ժողովուրդը եկել էր հենց իշխանափոխությանը «այժմ և հիմա», տեղում մասնակցելու համար: Դա տեղի չի ունենում, որովհետև եռյակի հիմնական ուժերը սպասողական վիճակում են: Ըստ իս, եռյակն սպասում է հանրաքվեի անցկացման օրվա նշանակմանը: Մինչև հանրաքվեի օր նշանակելը իմաստ չունի Սերժ Սարգսյանին տապալել, որովհետև, եթե տապալեցին առանց հանրաքվեի օրվա որոշակիության, օդից կախված կմնա իշխանության այնպիսի վերաբաշխումը, որտեղ Ծառուկյանը նախագահ է, բայց ոչ գործող նախագահի լիազորություններով: Իսկ Ծառուկյանն առանց նախագահության չի կարող մնալ, քանի որ նախ արդեն հայտարարել է այդպիսին լինելու պատրաստակամության մասին: Երկրորդ, գործընթացներն ինքնաբերաբար դեպի դա են տանում: Իսկ ընդդիմադիր եռյակը չի կարող ինքնուրույն առանց դե յուրե իշխանության (սահմանադրական անցումային (կամ ճգնաժամային) իշխանությունն այդքան էլ դե յուրե չէ հանրաքվեներ նախաձեռնելու համար) հրապարակել հանրաքվեի ժամկետ: Դա պետք է անի օրվա փաստացի նախագահը: Որից հետո նրան հեռացնելով ընդդիմությունը հավատարիմ է մնում արդեն նախկին իշխանության սահմանած խաղի կանոններին, որն է սահմանադրական փոփոխությունների  հանրաքվեն:

Սերժ Սարգսյանը կարագացնի հանրաքվեի օրվա նշանակումը՝ մտածելով, որ դրանով ընդդիմությանը շունչ քաշելու հնարավորություն չի տա: Բայց դա կլինի նրա ճակատագրական սխալը: Ի վերջո հեչ բացառված չէ, որ այդ մարդը դառնա իր իսկ նախաձեռնածի կատաղի ընդդիմադիրը մի պահի, երբ շատ ուշ կլինի:

Իսկ այս ամբողջ պատմության մեջ ու՞ր մնաց Լևոն Տեր-Պետրոսյանը: Հարցն էլ հենց այն է, որ Տեր-Պետրոսյանին իշխանություն կամ պաշտոն պետք չէ, նա գործընթացի, ավելին՝ գործընթացի հմայքի պատասխանատուն է, դրան մարդկային դեմք հաղորդողը:

Նախորդ հոդվածը‘Ո՞վ եւ ինչի՞ համար է Լիսկային «դոկտորի կոչում» տվել’
Հաջորդ հոդվածը‘Էլմար Մամեդյարով. Ադրբեջանը պատրաստ է ձեռնամուխ լինել հաշտության մեծ համաձայնագրի մշակմանը’