‘Մհեր Արշակյան. ՀՀ-ն պետք է ազատվի դրամաշնրհային մամուլից’

7117

Վարչապետը կառավարության անդամներին կոչ է արել հարցեր ունեցող լրագրողներին ցրողական պատասխաններ չտալ։ Սա հետաքրքիր խոստովանություն է։ Եվ վարչապետը գիտի, որ մի ամբողջ կառավարություն նստած է իր անձնական լեգիտիմության հեղինակության վրա եւ այդպիսով փորձում է անպատիժ զգալ նրա լեգիտիմության «շուքին տակ»։

Այո, լրատվամիջոցների հետ աշխատանքի նոր խաղի կանոններ պետք է սահմանվեն։ Եվ ինչ-որ իմաստով դրանք պետք է լինեն հեղափոխական։ Ասենք, մամուլի քարտուղարները միշտ պետք է հասանելի լինեն լրատվամիջոցներին, որովհետեւ լրագրությունը չնորմավորված աշխատանք է։ Լրագրողը տեղեկություն է հաղորդում նաեւ գիշերվա 10-ին։ Եթե՝ ոչ, խմբագրությունը պետք է ինքն էլ նորմավորի լրագրողի աշխատանքը եւ նրանից չպահանջի տեղեկություն, որը ճշտելու համար պահանջվող աշխատակիցը սահմանադրական իրավունք ունի օրվա մնացած մասը նվիրելու ընտանիքին, հարազատներին կամ իր հաճույքին։

Բայց գլխավոր խաղի կանոնը մնում է բիզնեսի անպատիժ մուտքը լրատվամիջոց։ Նոր կառավարությունը առնվազն չպետք է խանգարի, դիցուք, ՀՀԿ-ական որեւէ օլիգարխի ունենալ իր լրատվամիջոցը, եթե նա դրա հնարավորությունն ու ցանկությունն ունի: Որովհետեւ դրամաշնորհային լրատվությունը մի օր պիտի զիջի դիրքերը: Դրամաշնորհային լրատվությունը իր քաղաքականությունն իրացնում է դրսային պատվերներով: Այն անհրաժեշտ է միայն տոտալիտար կամ ավտորիտար կառավարման համակարգերում, սակայն դրանցից ազատված պետություններն իրավունք չունեն չմտածել լրատվությունն այդ «ասեղից» ազատվելու մասին: Այսօր Հայաստանում այդպիսի լրատվամիջոցները շատ են: Նրանք գործում են հին համակարգին որեւէ կերպ հակազդելու իներցիայի դաշտում: Նոր համակարգում անկասկած նրանց կարիքը դեռ կզգացվի, քանի որ Հայաստանը դեռ հեռու է նոր իրավիճակին բնորոշ գործողությունների ազատությունից: Այսօր Հայաստանում, չնայած հարյուրավոր լրատվամիջոցների գոյությանը, իսպառ բացակայում է մրցակցային լրատվությունը: Ասենք, ոչ մի խմբագրություն մեկ այլ խմբագրությունից չի գնի նրա լավագույն լրագրողին, ինչպես դա արվում է ասենք, ֆուտբոլում, երբ «Յուվենթուսը» «Ռեալից» գնում է Կրիշտիանու Ռոնալդույին: Լրագրողները գործակալներ չունեն, որովհետեւ նրանց որակը որեւէ սանդղակով եւ արդյունավետությամբ չափված չէ:

Արդյունավետության լավագույն չափիչ է համարվում նրանց հանդեպ կիրառված բռնությունը կամ հոդվածի գրաքննությունը: Գործակալը կարող էր սահմանել լրագրողի «գինը», ինչպես բնակարանի առք ու վաճառքի ժամանակ դա անում են բրոքերները: Բազմաթիվ լրագրողներ են Հայաստանում ապացուցել իրենց որակը, սակայն աշխատավարձի տեսանկյունից նրանք քիչ բանով են տարբերվում միջին արդյունավետությամբ լրագրողներից: Նույնիսկ ժամանակակից հայ որոշ գրողներ ունեն գործակալներ: Որովհետեւ արդեն քննություն են բռնել գրական շուկայում: Նրանք ընկալվում են որպես փող բերող գրողներ: Նրանք դառնում են բիզնես գործունեության սուբյեկտներ:

Իսկ հայկական լրատվական շուկայում հիմա ստեղծվում է մի իրավիճակ, որն առկա էր Ռոբերտ Քոչարյանի եւ Սերժ Սարգսյանի Հայաստանի բիզնես ոլորտում՝ առանձին վերցրած մեկ լրատվամիջոց ինֆորմացիայի ձեռքբերման բացառիկ արտոնություններ ունի պետական բոլոր համակարգերում, որոնք չունի նույնիսկ Հանրային հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Օրակարգ» լրատվական ծրագիրը: Նոր կառավարությունն ինքը չի մատնանշելու, թե որ բիզնեսը որ լրատվամիջոցին պետք է օգնի, նա պարզապես չպետք է խանգարի, որպեսզի բիզնեսը մտնի լրատվություն: Ճիշտ է, մինչ այդ նոր իշխանությունը պետք է բիզնես աշխարհը մաքրի հին մեղքերից, որպեսզի նրա լրատվամիջոցը չդառնա ինդուլգենցիայի գործիք: Ինչը եւ անում է:

Նախորդ հոդվածը‘Քոչարյանն ու Խաչատուրովը ՀՔԾ-ում են. Aysor’
Հաջորդ հոդվածը‘ԵԼ. «Տոբոլ» — «Փյունիկ»՝ 2:1. ամեն ինչ կորոշվի Երևանում (տեսանյութ)’