‘
Հավանաբար շատերին կհետաքրքրի, թե ի՞նչ է կատարվում մեր նախագահների հետ, ինչու՞ են նրանք այդքան արագ կտրվում իրականությունից, ինչու՞ են ընդհանրապես դադարում լինել ՀՀ նախագահ պաշտոնավարման արդեն երրորդ կամ չորրորդ տարում: Առաջին պատճառը լեգիտիմությունն է: Այսինքն, երբ լեգիտիմություն չունես, չունես նաեւ որեւէ պարտավորություն հաշվետու լինելու էն քվեին, որը ողորմացել ես ընտրողից։
Երկրորդ պատճառը իրականում նախորդում է լեգիտիմությանը: Ցանկացածն ունի շրջապատ, մտածում է ոչ միայն բուհերում կրթվելու, այլեւ ինտելեկտուալների միջոցով ձեւավորվելու մասին: Քաղաքական լուրջ հավակնություններ ունեցողները վարձում են իմիջմեյքերներ, իրենց շրջապատում են խելոք մարդկանցով, ինչ-որ գրագետ մեկին ավելի են գերադասում մյուսից: Ի վերջո, դեպի նպատակը տանող ճանապարհին ունենում են խելոք մարդկանց մի բանակ, որոնց խորհուրդները կարեւոր են: Սերժ Սարգսյանի նախագահական գործունեությունը ամենահեշտն է մտնում իրերի այսպիսի ընկալման մեջ: Նա, անկասկած, ունի շրջապատ, հաստատ՝ մեկ-երկուսի, նույնիսկ երեքի խելքը, քաղաքական վերլուծական կարողությունները կհիացնեին արեւմտյան կամ ռուսական քաղաքագիտական վերլուծական ինստիտուտներին: Պարզ է, չէ՞, որ այդ մարդը հիացել է նրանցով, դեպի քաղաքական Օլիմպոս ճանապարհին հաճախ է լսել նրանց, ավելի քիչ է ընդհատել, ոչ մի կերպ չի մատնել իր պաշտոնեական առավելությունները, փորձել է լինել մարդ, որը դեռ յուրացնում է: Ընդունենք, որ այսպիսիներն էլ են լինում հնազանդ՝ խելք սովորելիս:
Բայց խելքի այս ճնշումն ի վերջո նյարդայնացնում է նրանց: Իրենք գիտեն էլ, որ նյարդայնացնելու է, որովհետեւ ինչ-որ պահից իրենց հայտնաբերում են այդպես էլ նրանց իմացությունը չգերզանցողի կարգավիճակում, դառնում են փոքրամասնություն նույնիսկ իմացության մեջ, ոչ թե մարդկանց: Այսպիսի մարդիկ փախչում են հատկապես հարազատացած ինտելեկտուալից: Բոլոր ինտելեկտուալների հանդեպ սկսում են տարածություն պահել, որպեսզի ոչ թե շատ չհարազատանան, այլ զգացնել չտան այդպես էլ նրան գերազանցել չկարողանալու բարդույթը: Սերժ Սարգսյանից երեւում է, որ նա այդպիսի բարդույթի զոհ է: Ինքն իրեն ազատել է ինտելեկտուալ շփումներից, որովհետեւ դժվար է մարդու համար Բարաք Օբամայի կամ Հռոմի պապի ձեռքը սեղմելուց հետո վերադառնալ եւ լսել իսկապես ինտելեկտուալ մեկին, որն իր վերլուծություններում նույնիսկ ծուլանում է հիշել Բարաք Օբամային կամ Հռոմի Պապին: Հանուն արդարության՝ պետք է ասել, որ Սերժ Սարգսյանը չէր կարող խուսափել ինտելեկտուալների ձեռամբ այս ինքնակեղեքումից: Ինքն «օրինաչափորեն» է գծում սահմանը իր պաշտոնական դիրքի եւ նրանց խելքի հմայքի միջեւ: Որովհետեւ, իսկապես, մի օր մեկը պետք է զիջի: Ինքն իրեն չի կարող հարցնել՝ բա եթե այս մեկն այդքան խելոք է, ինչո՞ւ եմ ես , եւ ոչ թե այս մեկը: Որովհետեւ գիտի, որ նախագահ դառնում են ոչ միայն խելքով: Մարտի 1 անելու համար առանձնապես խելք պետք չէր, նույնիսկ դպրոց գնացած պետք չէր լինել: Ավելին, ձեր ձեւավորման պատասխանատվությունից հանեք նույնիսկ մանկապարտեզը: Ուրեմն, համակերպվենք, որ Սերժ Սարգսյանը երբեք էլ չի մտածել, որ եթե դիմացինն այդքան խելոք է, ինչո՞ւ է նրա փոխարեն ինքը նախագահ:
Երբ խոսում ենք գործող նախագահի բարդույթներից, պետք է նկատել, որ ինքը հիմքեր ունի. Լեւոն Տեր-Պետրոսյանը դեռ պաշտոնավարման օրոք գրել է «Լրջանալու պահը» հոդվածը, որը հանրագիտարանային է ԼՂ խնդրի լուծման համար: Ի՞նչ արեց ինքը՝ հոդված գրեց ցեղասպանության մասին, որի վերնագիրն արդեն կարդալու պահին չէի հիշում: Բայց հիմքում դա է՝ ումի՞ց եմ ես պակաս: Ինքը գիտի, որ խելքի ցուցադրման այս մրցավազքի մեջ տանուլ է տվել: Գոնե նախագահների մակարդակով: Թեպետ նրան չարացնողը նախորդ նախագահները չեն, այլ նրանք, որոնք նախագահ չեն եւ չնայած դրան՝ բարդույթավորել են։ Հասկանու՞մ եք, ինքը վրեժի զգացումից դրդված է հոդված գրում։ Իրենից հեռացնելով, այսպես ասած՝ անլեգալ խորհրդատուներին, ինքը նրանց ցույց է տալիս, որ կարող է նաեւ ինքնուրույն լինել գլոբալ մտածող։ Մինչդեռ դրա համար չէին հավաքվել այն օրերին, երբ նրանցից սովորերելու բան կար։ Էդ նյարդայնությունն ի վերջո տվեց հակառակ արդյունքը։ Մարդն սկսեց խոսել «ինչքան ուզեմ, էնքան կխփեմ»-ից կամ «էկել ես ստեղ, լացում ես, որ ի՞նչ անես»-ից ։
Հուսով եմ, ոչ ոք չի վիճի, եթե նկատենք, որ «ինչքան ուզեմ, էնքան կխփեմ» արտահայտության հեղինակը հիմա հպարտ մենակ է ցանկացած ինտելեկտուալ մտքի նկատմամբ։ Ավելին, նա ասում է՝ մի փոքր երկրում տաս հոգի շաքար ներկրե՞ն, որպեսզի համոզվենք, որ ավելի հպարտ մենակը չկա։ «Բաշխողը» չի կարող երկրորդ կարծիքի կարիքն ունենալ, ավելին, հիմա արդեն ինքը զարմանում է, երբ տեղեկանում է, որ երկրորդ կարծիք կա։ Իսկ հիշու՞մ եք, թե ոնց սկսեց՝ հայ ազգի մենթալիտետը եվրոպացիների քաղաքակրթական գիտակցությանը հակադրելուց։ Գոնե տեսակետ էր։ Բայց արդեն զգում էիր, որ ձեռքին քար կա։
‘