‘Մհեր Արշակյան. Սերժ Սարգսյանի պոդիումը. Սիվիլնեթ’

1814

Երեկ Սերժ Սարգսյանը հանդիպել է լրատվամիջոցներին: Մարդը խոսել է: Մյուսները լսել են, տվել են հարցեր, աշխատել է տեսախցիկը, չխկացրել է լուսանկարիչը: 12 ժամ ոչ մի լրատվամիջոց ծպտուն անգամ չի հանում ասուլիսից: Նույնիսկ Ֆեյսբուքում գրառում չի արել:

Ժողովուրդ, այդ մարդն, այնուամենայնիվ, Հայաստանի առաջին դեմքն է: Նա ամեն օր պաշտոնական տեսակետներ շաղ չի տալիս: Նորմալ երկրում այդ ասուլիսը ուղիղ եթեր պիտի գնար: Դուք ըստ էության կոնսպիրատիվ ասուլիսի եք ներկա եղել: Գոնե 12 ժամ այդ ասուլիսը եղել է գաղտնի: Պարզ չէ՞ ինչու: Որովհետև ինքը քիթը խոթել է լրագրողական գործունեության դաշտ: Որովհետև ձեզանից յուրաքանչյուրի էքսկլյուզիվության իրավունքն էդ մարդը համահարթեցրել է իր պարզ քմահաճույքին՝ մինչև ինքս կամ իմ լրատվականը պաշտոնական տեքստին չծանոթանանք, համապատասխան մոնտաժը չանենք, ոչ մեկդ մեկ տող անգամ եթեր չեք տա: Ինքը ծաղրել է լրատվությունը: Այդ մարդու համար դուք որպես լրագրող չկաք: Ինքը կազմակերպված լրատվամիջոցներ է ուզում, կազմակերպված լրագրող, ինչպես կազմակերպված բանդա է լինում: Ժուռնալիստիկան ինքն ընկալում է նույնպիսի բանդա, որքան՝ իշխանությունը: Հասկանու՞մ եք, ինքը բոլորովին այլ «մշակույթի» մարդ է, ինքը ԱԱԾ է ղեկավարել ու ղեկավարում, ու իր մտածողությունը միայն էդ «մշակույթի» մեջ է: Խորհրդային պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ ԿԳԲ-ն ինքն է ստեղծել կազմակերպված բանդաներ: Ձեր միջոցով ինքը հարվածել է բոլորին, ովքեր իրենց լրագրող են կարծում: Պարզ է, որ դուք այլընտրանք չունեք, պարզ է, որ խաղի կանոնները մնում են խաղի կանոններ: Այդ մարդն էլ այդպես է խաղում: Անշուշտ, ինքն անձնապես չի «բանակցել» ձեզ հետ, թե ինչպես պետք է վարվել հարցազրույցի հետ: Չմոռանանք, որ նրա մամուլի քարտուղարը օրերս գրեթե «Իսլամական պետություն» չեզոքացրած հիմնարկից է:

Այդ հարցազրույցում Սերժ Սարգսյանը խոսում է էթիկայից՝ հանդեպ Մինսկի խումբը, որի նկատմամբ անհարգալից վերաբերմունքի դրսևորում կլինի Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչումը մեր խորհրդարանում: Ճիշտ է ասում: Էթիկա, նշանակում է փոքր-ինչ վախ: Վախ, որ քեզ անհրաժեշտ ինտելեկտը չի հերիքի դիմացինին չվիրավորելու: Հիմա ձեր դիմաց նստած մարդիկ ովքե՞ր են, ձեր իմացած էթիկան ինչու՞ նրանց վրա չի տարածվում: Ինչու՞ եք առանց վատ զգալու գրչի մարդկանց դնում էդ օրը: Նրանք հենց տեղից պետք է աշխատեին, աշխարհն արդեն համակարգիչներով տեքստեր է փոխանցում: Դուք ուզում եք ասել, որ նրանք բան ու գործ չունեն և պետք է շատ ուշադիր ձե՞զ լսեն:

Լավ, լսեցին: Հասկացանք, որ կայքերի լրագրողներ չեն, որոնք հնչած բառը մեկ վայրկյան հետո տեղ են հասցնում: Հասկացանք, որ ոչ մի ավելորդ շարժում չպետք է շեղեր ձեր մտքերը: Բայց էդ մարդիկ լրագրողներ են, նրանք գործ ունեն անելու: Դուք ցույց տվեցիք, որ բացառապես բոլորի վրա իշխանություն ունեք, որովհետև այլ բան է ձեր իշխանությունը և պայմանավորվածությունները հարցազրույցի ընթացքում, այլ բան է լրագրողի վրա ունեցած իշխանությունը հարցազրույցից հետո: Ձեզ համար եթերը պոդիու՞մ է, որտեղ ուզում եք անթերի երևալ: Արեք ինչ ուզում եք, գնացեք Հանրային հեռուստաընկերություն և խոսեք Նվեր Մնացականյանի հետ: Դա կլիներ Նվեր Մնացականյանի էքսկլյուզիվը: Դա կլիներ ազնիվ վերաբերմունք Նվերի հանդեպ: Եվ ինքն էլ թող որոշեր իր իմացած էքսկլյուզիվության բարձունքից, թե դա երբ եթեր տար, եթե, իհարկե, դուք չթելադրեիք, թե ձեզ դա երբ է պետք:

Շարունակությունն` այստեղ

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ինքնաասուլիսով ցրում ես գաղջը, որ ի՞նչ անես’
Հաջորդ հոդվածը‘Սերժ Սարգսյանի «Ոչ»-ի երազը. Medialab.am’