‘Մհեր Արշակյան. «Ստատուս քվոն» և Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը’

2979

Հայտնի է, որ Սերժ Սարգսյանը նախագահության առաջին և երկրորդ ժամկետի այս ընթացքում ամեն ինչ արեց, որ Ղարաբաղի հարցը լուծում չստանա։ Այլ խոսքով, տեղից չշարժվի։ Միջազգային քաղաքական բառապաշարում այս վիճակը հայտնի է «ստատուս քվո» եզրույթով։ Ստատուս քվոն նրան օգնեց և օգնում է պահել իշխանությունը։ Հակամարտության մասին այսքանն էլ բավական է, որպեսզի անդրադառնանք ներքաղաքական «ստատուս քվոյին»։ 

Սերժ Սարգսյանը գիտի, թե ինքն ինչպես է դարձել նախագահ։ Գիտի, թե ինչպես է Ղարաբաղի հարցն իրեն օգնում պահել իշխանությունը։ Նա գիտի, որ լեգիտիմություն չունենալը անընդհատ խնդիրներ է ստեղծել և ստեղծելու թե երկրի ներսում, թե երկրից դուրս։ Դրսի հետ ինքը գիտի ինչպես վարվել՝ Եվրոասոցացմանը միանալու խոստումները և Հայաստանը Ռուսաստանին վաճառելը, չերկարացնենք, ապահովեցին դրսի բարեհաճությունը ոչ լեգիտիմության հանդեպ։ Բայց ինչպե՞ս անի, որ երկրի ներսում աճող դժգոհությունը նրան հեղեղի հորձանքի նման չտանի։ Պետք է «ստատուս քվո» ստեղծի երկրի ներսում։ Այսինքն, պետք է բթացնի հասարակության՝ իշխանություն փոխելու կամքը։ Ինչպե՞ս։ Տեսեք, ինքը Ղարաբաղից բացի՝ որևէ ռեսուրս չունի կամք բթացնելու համար, ավելին, ինքը հենց տնից դուրս է գալիս, իշխանությունը հայտնվում է փողոցում, ով ուզի, կգնա կվերցնի (նկատի ունեմ շարքային քաղաքացիներին, ներառյալ ՀՀԿ-ի տատիկին)։ Բայց չի վերցնում։ Ինչու՞։ Որովհետև կամքն է բթացել։ Բթացնող գործիքներից մեկն ընտրություններն են, դրանցով իշխանություն չի փոխվել։ Հաջորդը դատական համակարգն է, այստեղ էլ քաղաքացին որևէ հաջողության չի հասել։ Սոցիալական դրությունը նույնպես վատացել է։ Արտագաղթելուց բացի՝ առարկայական ոչ մի քայլ քաղաքացին չի արել։

Արտագաղթը քաղաքական կամքի բթացման լակմուսն է։ Հենց դա է Սերժ Սարգսյանին օգնել ոտքը «ստատուս քվոյի» գազից չվերցնելու։ Նա հասկացել է՝ չի կարելի որևէ բան փոխել ստեղծված իրավիճակում, չի կարելի իրավիճակն ավելի վատացնել կամ լավացնել։ Եթե վատանում է, դա պետք է արվի «ստատուս քվոյի» շրջանակներում, մոտավորապես այսպես՝ Ռուսաստանը գազը թանկացրել է՝ մենք չենք կարող հետ մնալ, աշխարհում ցորենի գներն աճել են՝ մեզ մոտ էլ պիտի աճեն, հասարակական տրանսպորտը դիմադրելու ռեսուրս չունի՝ պետք է ուղեվարձը բարձրանա (քաղաքապետարանն արդեն մշակել է ուղեվարձի բարձրացման մի մեթոդ, որը և գայլերին է կուշտ պահում, և ոչխարներին՝ կենդանի)։ Քաղաքացին պետք է տեսնի, որ իր դիմադրությունը ոչինչ չի կարող փոխել։ Եվ իսկապես, ոչ մի թանկացում նա չկարողացավ կանխել, որովհետև իրենից ոչինչ կախված չէր։ «Ստատուս քվոյի» քավորը ե՛ւ Ռուսաստանն է, ե՛ւ Արևմուտքը։ Այնտեղից են Սերժ Սարգսյանին օգնում փորելու այն փոսը, որի մեջ մի ողջ երկիր է հայտնվել։ Եվ այսօր փոսում հայտնված քաղաքացին, փոսից բացի՝ այլ իրականություն չգիտի, փոսը նրա բնազդն է, ինքը էլ չի գիտակցում, որ փոսում է։ Սերժ Սարգսյանն իր փեսային հավատարիմ լրատվամիջոցների օգնությամբ ստեղծեց մի «իրականություն», որտեղ ոչ ոք չի կարողանում իդենտիֆիկացնել փոսը և և այն փորելու՝ իշխանության դիտավորությունը։ Փոսում ամենից լավ է իրեն զգում ճահիճը։

Ինքը փոսը, այսինքն՝ ճահիճը տեսնում էր, քանի որ փոսից դուրս է։ Ճահիճը նրա ստեղծագործությունն է։ Բայց ճահճից դեռ կարելի է դուրս գալ։ Սերժ Սարգսյանն ավելի հեռու գնաց։ Ի՞նչ արեց, որպեսզի քաղաքացու համար այդ փոսը թվա խիստ բնական կեցավայր։ Նա մեր քաղաքական և սոցիալական կյանքի երակ ներարկեց բետոնը։ Այսինքն՝ փոսը քարացրեց։ Այն դարձավ համահարթեցված ոչինչ։ Ոչ միայն խեղդվել հնարավոր չէ, տեղաշարժվել՝ նույնպես։ Բետոնը քաղքենիության դղյակն է։ Բետոնի մեջ որևէ փոփոխություն անհնար է։ Այն կարելի է միայն ջարդել։ Այսինքն՝ արտաքին ազդեցություն է պետք։ Եվ այդ գործն իր վրա վերցրեց Քառյակը։ Նա ջարդեց այն։ Բոլորը հանկարծ տեսան, որ ընկնելու տեղ դեռ կա (հիշեք Կամյուի «Անկումը»)։ Անկումը փոսից տարբերվում է ընթացքով, անկման ծայրը չի երևում։ Փոը արդեն կանգառ է։ Անկումը շարժում է, նրա ամեն կետում իրավիճակն ավելի անհուսալի է։ Իսկ փոսը ստատիկ վիճակ է։ Անկումը խուճապ է, «ստատուս քվոն» բթացնում է խուճապը։ Անկումը չի անջատում ուղեղը, այն, ի վերջո, սովորեցնում է ճախրել (հիշեք «Ջոնաթան Լիվինգսթոն Ճայը»), փոսը բետոն է։ Փոսը նման է պարզապես հիմար կնոջ, նա, ի վերջո, դադարում է ընկալվել իր սեռի մեջ, մինչդեռ իր հիմարությամբ ապշեցնող կինն ավելի հուսալի է, նա, առնվազն, ներշնչում է ընկալել «ուղեղի» հնարավորությունները։ Դու կարող ես «քնել» պարզապես հիմար կնոջ հիմարության վրա, բթանալ նրան զուգահեռ, նրա հիմարությունը չի զարմացնում, «ինովացիոն» չէ, հակաքայլեր չի ներշնչում։ Ի վերջո, չի անհատականացնում նրան։ Պարզապես՝ հիմար կինը բետոն է, ինչպես «ստատուս քվոն»։ Ինչևէ։ Քառյակի գործողություններից հետո բոլորը տեսան, որ ընկնում են։

Իսկ եթե ընկնելու տեղ կա, ուրեմն խուճապն անխուսափելի է։ Եթե խուճապ կա, պետք է կառչելու տեղ փնտրել։ Այս դեպքում այդ տեղը միտքն է, այսինքն՝ ինքը մարդը, քաղաքացին, եթե կուզեք։ Նշանակում է՝ փոսը Սերժ Սարգսյանի վերջին փամփուշտն էր, որը նա կրակել էր նախագահ դառնալու առաջին օրից։ Այսօր այդ փոսը չկա։ Ներքաղաքական «ստատուս քվոն» ոչնչացված է։ Սերժ Սարգսյանին մնացել է միայն Ղարաբաղը։ Իսկ այստեղ փոս փորողն ինքը չէ։ Ինքը այդ փոսի վաղուց միակ բնակիչն է։ Իլհամի հետ միասին։

Նախորդ հոդվածը‘Արմավիրի քաղաքապետի և մյուս վիրավորների կյանքին վտանգ չի սպառնում. Մանրամասներ’
Հաջորդ հոդվածը‘Գերմանացի ֆուտբոլիստը ինքնասպան է եղել ‘