‘Մհեր Արշակյան. Քաղաքական ուժերը զրոյից պետք է մտնեն ժողովրդի մեջ’

6844

Հանրապետականում արդեն շունը տիրոջը չի ճանաչում: Կուսակցությունը սեղմվում է: Սակայն գույքը, որն «արդար քրտինքով» վաստակել են ամբողջ երկրով մեկ վերջին 21 տարում, դեռ կուսակցությանն է: Հանրապետության բոլոր քաղաքներում եւ մեծ գյուղերում ՀՀԿ-ն ունի գրասենյակներ, որոնց դռներն ավելի ու ավելի քիչ են բացվում: Այդ գրասենյակների կահավորանքը շքեղ է: Սակայն ո՞վ է տեսել, որ մարդկային ռեսուրսների աղքատություն ունեցող կուսակցությունը կարողանա մնալ այդքան հարուստ:

Հանրապետականի խնդիրն այն չէ, որ անդամների սով ունի և դեռ ավելի կունենա, այլ այն, որ համակիրներ չունի և առաջիկայում հազիվ ունենա: Կուսակցությունը նախ իր համակիրներն է: Այս իմաստով նույնիսկ ռեֆորմիստները ՀՀԿ-ից շահեկան վիճակում են: Այս կուսակցությունը բոլոր տվյալներն այսօր ունի պատմության աղբանոցում հայտնվելու համար: Որովհետև, երբ երկրում հեղափոխություն է տեղի ունենում, իր էությամբ և թելադրանքով այդ հեղափոխությունը տեղի է ունենում նախ կառավարող քաղաքական ուժի բացառիկ անպետքությունը մատնանշելու համար: Այսինքն, շնչելու և իրենց գործունեությունը շարունակելու հույս կարող են ունենալ մինչև հեղափոխությունը իշխանության մեջ չգտնվող ուժերը, բայց ոչ իշխող քաղաքական ուժը: Հեղափոխությունը արեց ժողովուրդը և քաղաքական ուժերը անմասն մնացին դրան: Ոչ ոք չկարողացավ ճեղքել հեղափոխության տրամաբանությունը և տեղավորվել նրա մեջ:

Ըստ էության ՀՀ-ում բոլոր քաղաքական ուժերը արտահեղափոխական են: Ահա ինչու հիմա նրանք ոչ մի դեր չունեն Հայաստանում` մի Նիկոլ, մի ժողովուրդ: Իսկ դա նշանակում է, որ քաղաքական ուժերը զրոյից պետք է մտնեն ժողովրդի մեջ, նրանք զրոյից պետք է սկսեն ներկայանալ այն գաղափարներով, որոնք ընտրակաշառքի և բռնությամբ քվեներ կորզելու դարում չէին «հնչում»: Ժողովուրդն արդեն գիտի, որ ընտրակաշառք և բռնություն չի լինելու, բայց դա ընտրություններին քաղաքականապես կողմնորոշվելու նախապայման չէ: Խորհրդարանի ընտրությունները չեն կարող սպասել, մինչև ժողովուրդը քաղաքականապես հասունանա եւ կարողանա ընտրել այս կամ այն ուժին: Երևանի ավագանու ընտրությունները դա ապացուցեցին` առաջին տեղում հեղափոխությունն էր, երկրորդ տեղում այն ուժը, որը ասոցացվում է բարեգործության հետ: Ոչ մի քաղաքական ընտրություն:

Սպասվում են խորհրդարանի արտահերթ ընտրություններ: Պարզ է, որ ՔՊ-ն, որի անդամների թիվը դեռեւս տասնյակ հազարների չի հասնում, կհավաքի 600 հազարից ավելի ձայն: Խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող երկրում քաղաքական գաղափարը կրկին ձայն չի վերցնելու, սակայն հաղթող ուժի ստացած ձայները արդեն լինելու են այն ցատկահարթակը, որի վրա պետք է կանգնեն արդեն գոյություն ունեցող եւ նոր ձեւավորվող քաղաքական ուժերը: Այդ ցատկահարթակը պետք է գալու նաեւ հարուստներին, որոնք պետք է կողմնորոշվեն, թե որ քաղաքական ուժի վրա հենվելով պետք է խորհրդարանում պաշտպանեն իրենց հետաքրքրությունները: Այս իրավիճակը ՀՀԿ-ին դուրս է մղում նոր Հայաստանից, բայց ոչ՝ հանրապետականներին: Հենց սա պիտի հասկանան նոր ընտրություններին եւ նոր Հայաստանին դիմադրող ՀՀԿ-ականները: Նրանք պետք է մոռանան ռեւանշի եւ Ռոբերտ Քոչարյանի մասին: Գուցե կարիք զգացվի բաց թողնել դեկտեմբերի ընտրությունները եւ մտածել նոր քաղաքական ուժ ձեւավորելու մասին, որը կխաղա արդեն խաղի նոր կանոններով: Հեղափոխությունը համերաշխության հեղափոխություն է հենց այդ պատճառով, որ քաղաքականությամբ զբաղվել ցանկացողը պետք է մոռանա արտաքաղաքական գործիքների մասին: Համերաշխությունը հնարավոր է հենց քաղաքական դաշտում, որտեղ իշխանությունն իշխանություն է առանց անպատժելիության, իսկ ընդդիմությունն ընդդիմություն է իշխանության պոտենցիալով: Եվ հենց նրանք էլ պետք է ձեւեն Ընտրողին, որը վաղն է գալու:

Նախորդ հոդվածը‘Daily Express. Հանուն «Ռեալ»-ի Ազարը պատրաստ է մերժել «Չելսի»-ի առաջարկը’
Հաջորդ հոդվածը‘Ռոնալդուն որոշել է բոյկոտել Ազգերի Լիգան’