‘
Ամանորի և Սուրբ Ծնունդի տոների առթիվ հայտարարված հանգստյան օրերը մղձավանջային դարձան: Ողբերգականից էլ ողբերգական Գյումրիի դեպքերը, հրադադարի` արդեն շարունակական դարձած խախտման հետևանքով մարդկային կորուստները մթագնեցին ամեն տեսակի տոն ու տոնականություն:
12 օր շարունակ և դրանից հետո էլ միլիոն անգամ կրկնվող անհաղորդ շնորհավորանքները, «պրոտոկոլային» ճոռոմաբառ մաղթանքները, որոնք, որպես կոշտուկներ՝ ականջ էին ցավեցնում, չէին կարող և չկարողացան մեղմել մեր հոգու ցավը:
1994թ. մայիսի 12-ի հրադադարի համաձայնագրի հետևողական խախտման հետևանքով մեր կորուստներն անհամաչափ են դարձել և կարծես սպառնում են լայնամասշտաբ գործողությունների վերածվել: Հրադադարի համաձայնագրի կնքումից 20 տարի է անցել, բայց այն այդպես էլ չվերածվեց խաղաղության համաձայնագրի: Տարբերությունը մեծ է: Ու հիմա ռազմական գործողությունները կարճ ընդմիջումներով շարունակվում են, զոհվում են բացառապես անապահով ընտանիքների զավակներ: Շատերը տարբերությունը չեն տեսնում կամ չտեսնելու են տալիս, սակայն միաբերան խոսում են հակառակորդին արժանի հակահարվածով լռեցնելու մասին: Հակահարվածը պահի տակ տեղին է, բայց օրախնդիր է` կարճաժամկետ հեռանկարով, այսինքն` գործողություն է առանց երկարաժամկետ երաշխիքի: Հենց այդ երաշխիքի բացակայությունն է ցույց տալիս, որ կայուն խաղաղության պայմանագրի անհրաժեշտությունը հրատապ է, որի մասին լռում են թեʹ իշխանությունները, թեʹ իրենց պատառոտող մարգինալ «ընդդիմադիրները»: Կույր չենք, տեսնում ենք, թե ինչպես են թուլացել «ստատուս-քվոյի» հաշվին ճոխացած իշխանությունների ջանքերը: Բանը հասել է նրան, որ հակառակորդին չի սթափեցնում ոչ մի անհամաչափ հակահարված:
Անցած 17 տարիներն, այնուամենայնիվ, «անտեղի» չեն անցել: Կատարվեցին համակարգային «բարեփոխումներ», 21-ամյա շրջափակումը մոռացության տրվեց, իշխանություններն ու օլիգարխիան «ամուսնացան», երկարաժամկետ վերարտադրվելու նպատակով մշակվեց և փորձարկվեց գործիքակազմի մի ամբողջ տեսականի: Կարճ ասած` անցած պարապուրդի օրերը ցույց տվեցին, որ բոլորս խարխափում ենք պերճանքի ու թշվառության մեջ, շարունակում ենք խրվել պարտքերի, կոռուպցիայի անհատակ ճահճում, արտագաղթում ենք, միաժամանակ` զինվում մինչև ատամները, որովհետև այդ են նախատեսում «Հայաստանում բանակաշինության զարգացման հիմնադրույթները»: Սա է «Ապահով Հայաստան» կարգախոսի «արդյունավետության» հմայքը:
Այսքանն էլ դեռ ամբողջը չէ: Դրամ — ռուբլի — դոլար «սիրախաղերը», գների աննախադեպ աճն ու չնչին նահանջը, առաջադիմող գործազրկությունը, առավելևս Ամանորի սեղան գցելու համար բնակչությանն առաջարկվող վարկերի անպատկառ խայծը և որոշ խենթերի կողմից այդ խայծը կուլ տալու փաստերը, երկրից փախչելու խուճապը հարյուրհազարավորների զրկեցին Հայաստանում մի կերպ գոյատևելու որևէ այլընտրանքից:
Այսքանից հետո ինքներս մեզ հարց տանք` լրջանալու պահը էլի՞ 7 սարից անդին է…
Արդեն 17 տարի, 17-ամյա իշխանությունը մնացել է մտքի ու տրամաբանության նույն նիշի վրա: Ավելին՝ շարունակում է քծնել միջազգային հանրությանը, թքել աշխարհի երեսին, հետն էլ վարկեր մուրալ ու 17 տարիների կուտակած կեղծարարության փորձով շարունակում է քամել, նոսրացնել սեփական ժողովրդին:
Ծանր է նորից անդրադառնալը, բայց կամքի ուժով փաստենք, որ մղձավանջի «լուսապսակը» Գյումրիի սահմռկեցուցիչ կոտորածն էր: Այս մղձավանջային ժամանակների թիվ 1 պատասխանատու, ՀՀ նախագահի աթոռը զավթած անձը «աշխատանքային իրավասությունների տիրույթում անփութություն դրսևորելու համար» Գյումրիում արդեն ճանաչվել է «պերսոնա նոն գրատա»:
Շարունակությունը` հետայսու և ամենուր:
Մարտին և Արամայիս Ասլանյաններ
ճարտարագետ – նախագծողներ, iLur.am-ի ընթերցողներ
‘